Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԺՎԱՐ ԹԵ ՄԵԶ ՊԱՏԺԵՆ

Հունվար 22,2009 00:00

\"\"ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելու հեռանկարին անդրադառնալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Վերջին երկու շաբաթների ընթացքում ամենաշատ քննարկվող թեման, թերեւս, հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելն է: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ է, որ մեր երկիրը կանգնած է նման իրական վտանգի առաջ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն արդեն 10 ամիս ՀՀ իշխանություններից պահանջում է վերջ տալ քաղաքական հետապնդումներին, ազատ արձակել՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ձեւակերպմամբ, քաղկալանավորներին, բացահայտել «Մարտի 1»-ի 10 զոհերի սպանության հանգամանքներն ու պատժել մեղավորներին: Սրանք են ՀՀ իշխանություններին առաջադրված խնդիրները, որոնք վերջիններս հետեւողականորեն լուծել չեն ուզում:

ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կզրկվի՞ ձայնից, թե՞ ոչ: Ընդդիմությունն այդ հարցը պայմանավորում է ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարով: Սա նաեւ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի համոզմունքն է: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, թե ամենեւին չի ուրախանում եւ չի չարախնդում գործող իշխանությունների ու ՀՀ պատվիրակության ծանր վիճակում հայտնվելու վրա, բայցեւ արձանագրեց, թե Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի ճանաչումը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի կողմից «ճշմարտության հաղթանակն էր, մեր երկրում տիրող իրական պատկերի գնահատականը»: Նա հիշեցրեց, որ Հայաստանն ինքն է իր կամքով միջազգային պայմանագրեր ստորագրել, ցանկություն հայտնել մտնել ԵԽ. «Եվ եթե այդ պարտավորությունները չի կատարում, ԵԽ-ն պարտավոր է նրան զրկել ձայնի իրավունքից: Եթե, հիշյալ պահանջները չկատարելով հանդերձ, ԵԽ-ն պահում է Հայաստանին, ապա այն դադարում է ժողովրդավարական կառույց լինելուց եւ կորցնում է իր վարկանիշը: Բայց դա իր խնդիրն է: Անարդարացի կլիներ նաեւ, եթե Հայաստանը կատարեր այդ պահանջները, բայց ԵԽ-ն նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառեր: Խնդիրն այն է, որ մենք՝ ՀԱԿ անդամ քաղաքական ուժերս, նաեւ՝ հասարակությունը, համարում ենք, որ ՀՀ-ն իր պարտավորությունները չի կատարել, իսկ իշխանության որոշակի թեւեր այսօր ուղղակի զբաղված են դեմագոգիայով, հայտարարելով, թե ԵԽ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում: Այդ դեպքում թող իշխանությունները հայտարարություն անեն ու դուրս գան ԵԽ-ից»: Մեր դիտարկմանը, թե 2008թ. ընտրություններից հետո էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԽ-ին մեղադրում Հայաստանի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման, անգամ մեր երկրի հանդեպ «ռասիզմի» դրսեւորման մեջ, Ա. Սարգսյանն այսպես հակադարձեց. «Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներից հետո այդ կառույցն ընդունեց այդ մեղադրանքները՝ որ ընտրությունները տեղի են ունեցել զանգվածային կեղծիքներով, 8 ամիս անց ընդունեց նաեւ, որ Հայաստանում ՔՕ 225 եւ 300 հոդվածներով դատապարտվածները եւ նրանք, ովքեր միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա են դատապարտվել, քաղկալանավորներ են: Տվյալ պարագայում, երկակի ստանդարտներ ասելով՝ իշխանությունները փորձում են դա կապել Ադրբեջանի հետ: Ես որեւէ խնդիր չունեմ Ադրբեջանի ժողովրդավարության հետ: Ինձ հետաքրքրում է իմ երկիրը: Իրենց բերած փաստարկը հասարակությունը չի կիսում, Լ. Տեր-Պետրոսյանինը՝ կիսում է»:

Կուսակցության առաջնորդը դժվարացավ ասել, թե ի՞նչ կարող է փոխված լինել ԵԽԽՎ-ի դիրքորոշման մեջ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի՝ Երեւան կատարած այցից հետո. «Նրանք իրենց գնահատականները կասեն հաջորդ շաբաթ՝ ԵԽԽՎ-ում: Բայց, ըստ իս, այս հարցը պայմանավորված է ԼՂ հիմնախնդրով: Ինչպես տնտեսության մեջ, մարդկային հարաբերություններում, քաղաքականության մեջ էլ կան ժողովրդական լեզվով ասած՝ «քցողներ»: Քաղաքական «քցողի» փայլուն օրինակը Ռոբերտ Քոչարյանն էր: Նա 10 տարի բանակցել է ԼՂ հարցով եւ այդ խնդրի լուծումը հետաձգել է՝ իր աթոռը պահելու համար: Դրանով նա մսխել է նաեւ իր հաջորդների՝ հիմնախնդիրը լուծելու ցանկություն ունեցող որեւէ քաղաքական գործչի՝ դրա համար պահանջվող ժամանակը: Այս պարագայում բավարար է, որ գործող նախագահն ասի, թե հարցը լուծելու համար մտածելու ժամանակ է պետք, որ նրան էլ «քցող» համարեն եւ մեր երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառեն: Պատժելու երեք ձեւ կա. պատճառ բերել երկրում ժողովրդավարության ցածր մակարդակն ու ՀՀ-ին զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, տնտեսական ճնշումներ կիրառել՝ գումարներ, վարկեր չտրամադրելով, նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական պաշտոնյաների եւ օլիգարխների բանկային հաշվեհամարները սառեցնել: Իմ կարծիքով, միջազգային հանրությունը կօգտվի ճնշման այս բոլոր լծակներից, եթե այս անգամ ԼՂ խնդրի լուծման հարցում իրեն «քցեն»:

Իսկ առայժմ Արամ Սարգսյանը, նկատի ունենալով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին Դավոսում հանդիպելու հեռանկարն ու եռանախագահողների լավատեսությունը, կարծում է, որ եթե այդ պատժամիջոցները լինեն էլ՝ կլինեն մեղմ: Նրա համոզմամբ՝ մասնավորապես գազային խնդիրները, մեր տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ ռուս-վրացական հակադրությունը, միջազգային հանրությանը ստիպել են ՀՀ հարցում առավել կարեւորել աշխարհաքաղաքական, քան՝ մեր երկրի ներքին քաղաքականության, այդ թվում՝ ժողովրդավարության խնդիրները: «Հիմա, երբ գործող իշխանությունը ԼՂ հիմնախնդրի լուծման համար, իբր, նորից բարի կամքի դրսեւորում է ցուցաբերում, ասենք՝ մինչեւ մայիս ամիսը այդ խնդիրը լուծելու, պայմանագիր ստորագրելու հարցում, ապա դժվար թե ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ում ծանր պատժամիջոցներ կիրառվեն: Դա կախված է նրանից, թե միջազգային հանրությունը որքանով է վստահում ՀՀ իշխանությանը: Բայց եթե այս անգամ էլ խոստումը չկատարվի՝ պատժամիջոցները կլինեն սոսկալի»,- կարծիք հայտնեց Ա. Սարգսյանը: Ավելին, նրա դիտարկմամբ, «Մարտի 1»-ից հետո 8 ամիս պահանջվեց, որ ԵԽ-ն ընդուներ ՀՀ-ում քաղկալանավորների առկայության փաստը, որոշեր պատժամիջոց կիրառել մեր երկրի նկատմամբ, եւ դա եղավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Մայնդորֆից հետո Հայաստանը որեւէ հռչակագիր չի ստորագրել, որ խնդիրը լուծելու մտադրություն այս իշխանությունը չունի՝ դա միայն իմիտացիա էր: «Հանրապետության» նախագահի ասելով, դա շատ լավ հասկանալով է, որ գործող իշխանությունը միշտ փորձում է ներքաղաքական խնդիրների լուծումը տեղափոխել արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքական խնդիրների դաշտ: Ա. Սարգսյանը համաձայն չէ իշխանության ներկայացուցիչների հայտարարությանը, թե իրենց հաջողվել է Պրեսկոտին համոզել, որ ՀՀ-ն իրեն առաջադրված պահանջների կատարման հարցում առաջընթաց է գրանցել եւ դրանք ամբողջովին կատարելու կամք ու ծրագրեր ունի, եւ գուցե դա նպաստի, որ մեր երկրի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնից չզրկեն:

Այդ մարդիկ, ըստ Ա. Սարգսյանի, իրականում հասկանում են, որ ոչինչ էլ չեն արել, ոչ մեկին էլ չեն համոզել: Նրանք ուղղակի հույս ունեն, որ այդ խնդիրը դիտարկվելու եւ որոշումներ է ընդունվելու այլ՝ ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարի, աշխարհաքաղաքական խնդիրների տեսանկյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել