Երեկ ասուլիսում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը՝ մինչեւ ամառ ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Միշտ էլ պետք է լավատես լինել, բայց այդպիսի հնարավորություն կլինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի եւ կգնա իսկապես լուծումների։ Բայց այդպիսի հայտարարություններին ես մի քիչ ավելի զգուշորեն կմոտենայի, որեւէ կանխատեսում չէի անի՝ գարնանը, ամռանը, աշնանը։ Այդպիսի հայտարարություններ միշտ արվել են եւ շարունակվում են: Բայց այդպիսի ժամկետ դնելն այսպիսի բարդ բանակցությունների մեջ, կարծեմ, այնքան էլ ճիշտ չէ»:
Լրագրողները նրան հիշեցրին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ի նիստից հետո իր հայտարարությունը, թե հույս ունի, որ հունվարին տեղի կունենան իրադարձություններ, որոնք կնպաստեն, որպեսզի փոխվի Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու մտադրությունը: Հարցին՝ արդյոք տեղի՞ է ունեցել այն, ինչ ակնկալում էր՝ նախարարը պատասխանեց, թե կայացել է այն, ինչ գիտենք մինչեւ օրս, եւ ինչ որ կկայանա նաեւ մինչեւ «համապատասխան ժողովը»: Առավել մանրամասնելու հարցին ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե իր պատասխանը դա է, եւ ինքն ավելացնելու բան չունի: Սակայն հավելեց, թե պետք չէ խոսել դրամատիկ եւ ողբերգական տոնով. «Պարոն Պրեսկոտի եւ Կոլոմբիեի այցելության ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են եղել, եւ, կարծեմ, իրենք որոշ ըմբռնումով են մոտեցել այն հանդիպումների ընթացքում, որ իրենք ունեցել են տարբեր մակարդակներով Հայաստանում: Եվ այդ ըմբռնումով է, որ իրենք վերադարձել են եւ արդեն կներկայացնեն իրենց եզրակացությունները համապատասխան ժողովից առաջ: Եվ պետք է սպասենք այդ ժողովին։ Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է ընթանա նորմալ բնույթով: Եվ նորից եմ շեշտում՝ Հայաստանը աշխատել է, աշխատում է եւ կաշխատի եվրոպական կառույցների հետ՝ հաղթահարելու համար այն հետեւանքները, որոնք առաջացել էին հետընտրական զարգացումների հետեւանքով»։