Պաշտպանության նախկին փոխնախարարի դիտարկումները բանակային ռեֆորմների մասին
«Բանակային ռեֆորմներն ընդհանրապես իրականացվում են կայուն խաղաղության պայմաններում, երբ երկիրը գիտի, որ գոնե մի տասնամյակ ունի խաղաղության տարիներ: Եթե ունես պատերազմի մշտական սպառնալիք՝ նման փոփոխությունների գնալը շատ վտանգավոր է»,- կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ նկատի ունենալով ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքը եւ ԱԺ-ում շրջանառվող «Զինապարտության մասին» նոր օրենքը: Ըստ պարոն Շիրխանյանի՝ երկու օրենքներում էլ առկա փոփոխություններով ՀՀ պաշտպանության հարց չի լուծվում, ուղղակի Արեւմուտքի առջեւ վերցրած պարտավորությունների կատարումն է ֆիքսվում: «ՆԱՏՕ-ի հետ կա «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի տարեկան անհատական պլան, որով նախատեսված է, որ ՀՀ զինված ուժերի կառավարումը պետք է իրականացվի ՆԱՏՕ-ական ստանդարտներով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում բանակի ներսում պետք է լինի իրարից անկախ երկու կառավարման մարմին՝ գլխավոր շտաբ եւ նախարարություն, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Թիկունքային, բուժսպասարկման, շինարարական ծառայություններն այլեւս քաղաքացիական են, ինչն այս փուլում ես համարում եմ կոպիտ եւ անթույլատրելի սխալ, որովհետեւ նույն բժիշկը պատերազմի ժամանակ լինում է հոսպիտալում, առաջնային գծում, զորամասում, եւ բժիշկ-հրամանատար հարաբերությունները չեն կարող լինել զինվորականի եւ քաղաքացու հարաբերություններ»,- ասում է Վ. Շիրխանյանը՝ ուշադրություն հրավիրելով միանձնյա կառավարում իրականացնելու հարցին:
Ավելի վաղ ընդունվեց նաեւ «Այլընտրանքային զինծառայության մասին» ՀՀ օրենք, որը հնարավորություն տվեց բանակից խուսափած անձանց, զինվորական ուսումնարանն ավարտած եւ ծառայությունը շարունակել չցանկացող սպաներին վճարել եւ ազատվել ծառայությունից: «Նայում եմ այս ամենին եւ զարմանում՝ մենք ապրում ենք Հայաստանո՞ւմ, որն ունի չավարտված պատերազմ Ադրբեջանի հետ, շրջափակում Թուրքիայի եւ շատ վատ հարաբերություններ Վրաստանի հետ»,- տարակուսում է նախկին փոխնախարարը: Վ. Շիրխանյանը կողմ է բարեփոխումներին, բայց՝ նպատակային. «Դեռ վաղուց մեր բանակը պետք է համալրվեր պայմանագրային զինծառայողներով, որովհետեւ զորակոչային ռեսուրսների վերլուծությունը ցույց է տալիս, որ ճգնաժամային իրավիճակ է, եւ 2015 թվականին մենք կունենանք երեք անգամ պակաս ռեսուրս՝ 1995թ.-ի հետ համեմատած: Այսօր սահմանամերձ գոտում 1200 կմ երկարության վրա տեղաբաշխված են մարտական զորամասեր. նշանակում է, որ չենք կարողանալու սահմանի անհրաժեշտ ռազմական անվտանգությունն ապահովել: Պայմանագրային զինծառայողներն այսօր բանակի մեծ մասը պիտի կազմեին: Դրա փոխարեն օրենսդրական փոփոխությամբ 18 տարեկաններին ենք զորակոչում: Դա ոչ միայն բանակին օգուտ չի բերում, այլեւ բանակի մարտունակությանն է սոսկալի հարվածում»: Վ. Շիրխանյանն արձանագրում է, որ Ղարաբաղում հաղթանակը կամավորականների հաղթանակն էր, ոչ թե պարտադիր զորակոչվածների, որոնց քանակը այդ ժամանակ չէր գերազանցում 10%-ը: «Եթե մարդուն զրկում ես սովորելու հնարավորությունից եւ նրան բանակ ես տանում՝ բանակը դառնում է կալանավայր, ոչ թե հայրենիքին ծառայելու պարտականության իրականացում». Վահան Շիրխանյանի այս կարծիքը կիսում է ԵՊՀ դասախոս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը, ով կարծում է, որ այդ տենդենցը կտանի նաեւ մեր սերունդների կրթական ցենզի կտրուկ նվազմանը:
Իսկ ընդհանրապես, քանի դեռ մեր երկրում «մարտի 1»-եր են տեղի ունենում եւ բանակը դուրս է բերվում սեփական ժողովրդի դեմ, Վահան Շիրխանյանը վտանգված է համարում Հայաստանի ազգային անվտանգությունը: