«Քոռ շուն» եւ «տականք» վիրավորանքները պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությո՞ւն էին
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի 2008-ի մարտի 1-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ 20-օրյա ժամկետով սահմանվում էր մասնավորապես հետեւյալ սահմանափակումը. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Պարզվեց, որ նախագահի հրամանագիրը պարտադիր էր միայն այն լրատվամիջոցների համար, որոնք իշխանական չէին: Եվ այդ պատճառով ԱԱԾ-ի գրաքննիչներն արգելեցին մի շարք թերթերի՝ այդ թվում նաեւ «Առավոտի» տպագրությունը, արգելափակեցին մի շարք կայքեր՝ այդ թվում անգամ Youtube-ը:
Սակայն հրամանագրի ստորագրման հաջորդ օրն իսկ, ասենք, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի վարողը եթերում հարցեր էր հնչեցնում, թե արդյոք «մինչեւ վերջ» կոչերով հենց ա՞յն նկատի ունեին, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, ու նաեւ՝ երեւի հենց սա՞ էին պատկերացնում՝ խոսելով «պետության կազմաքանդման մասին»: Նույն օրը Հ2-ի «Լրաբերի» ընթացքում հաղորդավարը պնդեց, թե «1996-ին այս նույն կազմաքանդող ուժերը հայտարարել են, որ 100% ձայն ստացողին էլ չեն զիջի իշխանությունը: Եվ այսօր էլ նույնն են փորձում անել»: Ամենամեղմ տարբերակն ընտրենք, որ այս տեքստը կազմողն ուղղակի անտեղյակ էր, թե 1996-ին հատկապես ով է հայտարարել այդ 100%-ի մասին, եւ որ 1999-ին սպանված մարդը, բնականաբար, որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ 2008-ի դեպքերին:
Ի վերջո, Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծառայությունն էլ, որը մեկ-մեկ հիշեցնում էր, թե ենթարկվելով արտակարգ դրության մասին հրամանագրին՝ իրենք հաղորդում են բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվություն՝ հետո այսպիսի հեղինակային տեքստեր էր հրապարակում՝ նախաքննության մարմնից առաջ անցնելով. «Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոց պողոտաներում դեռեւս մխում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից այրված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաները», կամ՝ «Չգիտես որտեղից՝ հայտնվեց խմիչք, որը ցուցարարները գազազած կոչերով խմում էին հենց շշից»:
Ընդգծենք՝ լրագրողական նման մեկնաբանությունները հնչում էին այն պայմաններում, երբ ընդդիմադիր ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ գործիչները զրկված էին որեւէ տեսակետ հրապարակելու հնարավորությունից: Ու թվում էր՝ արտակարգ դրությունը գերազանցապես հենց դրա համար էլ հայտարարվեց, որ փորձեն 21 օրվա ընթացքում միակողմանի տեղեկատվությամբ հանրային կարծիքը ուղղորդել ցանկալի հուն:
Այդ նպատակին էին ծառայում նաեւ այդ օրերին հեռուստաընկերությունների նախասիրած ժանրերից մեկը դարձած «ժողովրդի ձայն» հարցումները: Սկզբում մի քանի հեռուստաընկերություններ նշում էին, թե իբր այդ կարծիքներն իրենց տրամադրում է ՀՀ ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսինքն՝ դա եւս «պետական մարմինների պաշտոնական տեղեկատվություն» է: Բայց քանի որ այդ հարցումների ընթացքում շատ անգամ երեւում էր տվյալ հեռուստաընկերության տարբերանշանով միկրոֆոնը՝ ի վերջո, այդ ձեւականության վերջն էլ տվեցին: Մի քանի մեջբերումներ անենք մարտի 1-ին հաջորդող օրերին հաղորդված այդ տեսակետներից:
Նախ՝ օրինակներ Հ1-ով հնչած որակումներից, որոնց հեղինակները գերազանցապես կանայք էին: «Ես էն մարդը չէի, որ էդ տականքի հետեւից գնայի»: «Առաջարկ կար վերեւից կոալիցիա ստեղծելու. կարար քոռ շունն ինքն էլ մոտենար՝ բանակցեին»: «Լեւոնն ի՞նչ ա, տո՛, դրան ցցի վրա պտի նստացնեն: Պարզ չի՞, որ նա թուրքի ծախված ա»: «Տո, նա պտի գետի՛նը մտնի, տանից դուրս չգա»: «Լեւոն չեղածը, քոռ շունը… Ես չեմ դիմադրում էս վիճակին, ուզում եմ՝ ինքը հեռանա՛»: «Կախաղանը քիչ է դրանց»:
Մի քանի մեջբերումներ էլ անենք հանրապետական սփռում ունեցող մեկ այլ հեռուստաընկերությունից՝ Հ2-ից: Ավելորդ է թերեւս հիշեցնել, որ այս ալիքով էլ չէր հնչում որեւէ այլ կարծիք, բացի ընդդիմությանն ուղղված մեղադրանքներից ու վիրավորանքներից: «Պիտի կալանավորել ու լուրջ դատել ՀՀՇ-ի էդ ամբողջ կլիկը»: «Լեւոնը թուրքից վերան ա, որ էսքան ժողովրդին հանեց ոտի՝ կոտորեց, պրծավ»: «Ասում էր՝ ե՜ս մենակ զոհ ըլնեմ, ե՜ս մենակ զոհ ըլնեմ: Բայց դե՝ սաղ մեռան՝ ինքը տնից դուրս չի գալի, դաժե ով էլ գնում ա իրանց տուն՝ չի թողնում մտնեն»: Ինքս մարտի 1-ի առավոտյան գնացել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսին եւ կարող եմ վկայել՝ այո՛, կես ժամից ավելին չէին թողնում մտնել նրա տունը 2-3 տեղ հսկող ոստիկանները:
Հ2-ը մարտի 3-ին անընդհատ հաղորդում էր նաեւ մի տարեց մարդու քննադատությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին. «Ասում ա՝ Թուրքիայի սահմանը կբացե՜նք, Ադրբեջանի հետ հարաբերությունները կլավացնե՜նք: Ո՞նց ես լավացնում: Թուրքիայի սահմանը բացես՝ հետո ստեղ թուրք կլինի, հայ չի մնա»: Թերեւս այդ ժամանակ չէին կարող կանխատեսել, որ կարճ ժամանակ անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է ջանքեր գործադրելու ե՛ւ Թուրքիայի հետ սահմանը բացելու, ե՛ւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Ի դեպ, շարքային քաղաքացիներից հետ չէին մնում նաեւ մտավորականները: Ասենք՝ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը մարտի 4-ին Հ1-ով հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իրա ոհմակով, իրա ֆաշիստներով պիտի պատասխան տա հայ ժողովրդի առջեւ»:
Եվ սա այն պայմաններում, երբ նույն անձինք շատ հաճախ բողոքում են, որ ընդդիմադիրները ոտնահարում են էթիկայի նորմերը, անթույլատրելի որակումներ եւ համեմատություններ են անում եւ այլն: Սա նաեւ այն պայմաններում, երբ նույն օրերին հաղորդվում էր վարչապետի ուղերձը, որտեղ խոսվում էր կույր ատելության մասին, նաեւ՝ կաթողիկոսի ուղերձը, որտեղ ասվում էր, թե անհանդուրժողության ոգին հանգեցրեց առճակատման. «Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության եւ թշնամանքի առջեւ»: Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ սա այն պայմաններում, երբ մարտի 1-ին ԱԺ ամբիոնից Տիգրան Թորոսյանը հեռակա հարց էր ուղղում Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ի՞նչ ես ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ մտցնում այս մարդկանց մեջ, մեղք չե՞ն այս մարդիկ», ու «Ժառանգությանն» էլ կշտամբում. «Գոնե ձեր գործընկերներին, երբ հայհոյում էին վերջին խոսքերով, եւ այդ ամեն ինչը հրապարակում էին հազարավոր տիրաժով, մի բառ ասացի՞ք՝ այս ի՞նչ եք անում, այդ մարդուն ինչո՞ւ եք վարկաբեկում վերջին խոսքերով։ Ուղղակի ամոթալի է, այդպիսի բան չի՛ կարելի անել։ Լա՛վ, մարդը չի կիսում քո հայացքները, բայց կարելի՞ է վերջին խոսքերով եւ այլանդակ արտահայտություններով հայհոյել (…)Այդ ատելության նկատմամբ այդ անտարբերությունն է, որ այդ մարդկանց հասցրեց այդ վիճակին»: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարում էր. «Այսպիսի անհանդուրժողականություն, այսպիսի քարոզչություն երկարատեւ վարելը վտանգավոր է երկրի կայունության համար»:
Ու փոխադարձաբար սերմանված անհանդուրժողականության ահավոր դառը պտուղները մարտի 1-ին ճաշակելուց հետո, փոխանակ փորձեին հանդարտեցնել կրքերը, իշխանական քարոզչամեքենան շարունակում էր ավելացնել ատելության չափաքանակը: Եվ անընդհատ գոլեր էին խփում մի դարպասի, որի դարպասապահին հարկադրաբար մեկուսացրել էին: