Այսպես գնահատեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեր վիճակը
«Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ ինքը ստույգ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվելու Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հետ, եւ տեղեկացված է այնքանով, որքանով այդ մասին գրվել է մամուլում, սակայն, նրա կարծիքով, ժամանակին Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսգրքի նաեւ այս հոդվածին, որովհետեւ նույն Վենետիկի հանձնաժողովում չեն էլ պատկերացրել, որ այդ հոդվածները կարող են այդպես մեկնաբանվել, եւ դրանց հիման վրա հնարավոր կլինի քաղաքական յուրաքանչյուր գործունեություն քրեականացնել. «Դա արդեն խոսում է համապատասխան երկրում գոյություն ունեցող քաղաքական-իրավական մշակույթի մասին. եթե դրանք ժողովրդավարական են, նույնիսկ նմանատիպ խմբագրված հոդվածները հնարավոր չէ այդչափ լայն կիրառել: Բայց մենք այդպես լայն մեկնաբանելով՝ ընդունում ենք, որ մեզանում քաղաքական-իրավական մշակույթը հեռու է ժողովրդավարականից, իրավապահների կողմից հնարավոր է օրենքի նման կիրառում, եւ հենց այդ պատճառով օրենսդիրը ձեռնամուխ է եղել դրանք խմբագրել այնպես, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չլինի քրեականացնել ցանկացած քաղաքական գործունեություն»:
Արմեն Հարությունյանն ասաց, որ ինքը մինչ այժմ «ոչ թե 100, այլ 150%-ով» կողմ է մարտի 1-2-ի դեպքերի մասին իր՝ մինչ այժմ հնչեցրած գնահատականներին. «Նորից մնում եմ այն կարծիքին, որ ոստիկանությունն այդ օրերին իրականացրել է ոչ իրավաչափ գործունեություն, իսկ այն, ինչ այդ օրերին արել են քաղաքացիները, եղել է պարզապես առողջ ինքնապաշտպանության փորձ: Ես այսօր էլ մնում եմ այդ կարծիքին, ինձ մոտ որեւէ բան չի փոխվել, ինչ վերաբերում է նրան, որ քաղաքական նկատառումներով ինչ-ինչ տեխնոլոգիաներ կարող են փոխվել, եւ օմբուդսմենն էլ, անկախ իրենից, կհայտնվի այդ կիզակետում, ապա սա արդեն ուրիշ խնդիր է: Ես այդ կարգի ասեկոսեներին նորմալ եմ վերաբերվում: Ինձ համար կարեւորն այն է, որ ես իմ գործն օբյեկտիվ անեմ»:
Արդեն իսկ ընդդիմության ներկայացուցիչների կողմից ուղղակի կամ անուղղակի տեղեկություններ են տարածվում, որ մարտի 1-ին վերսկսվելու է հանրահավաքների շարքը, մարդիկ դարձյալ փողոց են դուրս գալու: Հետաքրքիր է, եթե իրոք բազմամարդ հանրահավաքները վերսկսվեն, որտե՞ղ կլինի Մարդու իրավունքների պաշտպանը, ո՞ւմ կողքին: Մեր այս հարցն ուշադիր լսելուց հետո պարոն Հարությունյանն ասաց. «Լինելու եմ իրենց կողքին, լինելու եմ մարդկանց հետ, մեր արագ արձագանքման խմբի տղաները մշտապես են մոնիտորինգի ենթարկում այդ հանրահավաքները, այսինքն՝ իմ վարքագծի մեջ որեւէ բան չի փոխվելու: Կարող է փոխվել այս կամ այն քաղաքական ուժի վարքագծի մեջ՝ ելնելով իրենց քաղաքական տեխնոլոգիաների փոփոխություններից, բայց իմ վարքագիծը՝ որպես մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի վարքագիծ, մնալու է նույնը: Որեւէ տարբերություն չեք տեսնելու 8 ամիս առաջ իմ կողմից դրսեւորված վարքագծում եւ այսօր»:
Մարդու իրավունքները մեր երկրում, ըստ տարբեր գնահատականների, կամ վատ, կամ՝ շատ վատ, կամ նույնիսկ՝ «շատ էլ լավ» վիճակում են: Ըստ Պաշտպանի. «Մարդու իրավունքները մեր երկրում ճգնաժամային վիճակում են: Դա այսօր չեղավ, մարտի 1-ը գագաթնակետն էր այն ճգնաժամի, որ ունեինք դրանից առաջ: Պարզապես մարտի 1-ով ճգնաժամը հասավ իր կուլմինացիային: Հակակշռումների եւ զսպումների համակարգի ոչ իրական լինելը, սոցիալական արդարության լուրջ պրոբլեմները, սեփականության օտարման խնդիրները ցույց չէի՞ն տալիս, որ մեր երկրում այդ ճգնաժամը կա: Իսկ եթե հասարակական հարաբերություններում կա ճգնաժամ, դեֆորմացվածություն, վաղ թե ուշ դա բերելու է ինչ-որ բախման. մեզ մոտ դա եղավ մարտի 1-ի տեսքով»: Այս «ճգնաժամային» վիճակի ելքը, ըստ Պաշտպանի, քաղաքական-տնտեսական համակարգը ժողովրդավարական դարձնելն է, քաղաքացիական ազատությունների ռեալ երաշխավորությունը: Սակայն նա «նման միտում» առայժմ չի տեսնում:
Մեր երկրի ձայնը «կասեցնելու» հավանականության մասին հարցը Ա. Հարությունյանին շատ չի հուզում. «Ինձ համար թիվ մեկ հարցը դա չի, ինձ համար թիվ մեկ հարցն այն է, թե մենք, այնուամենայնիվ, պատրա՞ստ ենք գիտակցելու, որ երկրի քաղաքական-տնտեսական համակարգը պետք է ժողովրդավարացնենք: Ես միշտ ասել եմ՝ ե՛ւ ԵԽԽՎ-ն, ե՛ւ մոնիտորինգը քաղաքական կատեգորիաներ են, իսկ ես խոսում եմ իրավական կատեգորիաներով»: Պարոն Հարությունյանը, ի տարբերություն իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումների, թե՝ մոնիտորինգի խմբի համազեկուցողները տեսան, որ իշխանությունները ունեն բարեփոխվելու քաղաքական կամք, ոչ մի նման բան չի տեսնում: «Ես այդպիսի կամքի դրսեւորում չեմ տեսնում»,- կարճ պատասխանեց նա մեր հարցին: