Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔ

Հունվար 21,2009 00:00

Իմ պայքարի ընկեր Վարդգես Գասպարին արձագանքել էր իմ՝ նոյեմբերի 11-ին «ԺԵ»-ում տպագրված «Այսօրվա մտավորականությունը հիմնականում խորհրդային համակարգի խոտանն է» հոդվածին: Վարդգեսը գրում է, որ մի երկու ամիս առաջ նամակ-հարցաշար է գրել իր կողմից հարգված Պերճ Զեյթունցյանին, որում մասնավորապես ասվում է, թե ինչու է իր վարկն ի սպաս դրել հանցագործ ռեժիմին, որին Զեյթունցյանը պատասխանել է, որ այս հանցագործ ռեժիմի հիմքը դրել է հենց Տեր-Պետրոսյանն ու միաժամանակ հայտնել, որ վատառողջության պատճառով չի մասնակցել «Մարտի 1»-ի դատավարություններին եւ մաղթել է, որ անմեղները շուտով գնան տուն:

Իհարկե, Պ. Զեյթունցյանի մաղթանքը բարի է, ինչը նրա կողմից մինչեւ հիմա հրապարակավ չի արվել, այնուամենայնիվ, կա մեկ «բայց», թե ո՞վ է որոշելու անմեղն ու մեղավորը՝ անողնաշար ու ստրուկի կարգավիճակում հայտնված դատավորնե՞րը, որոնք իրենց օրվա խորովածն ու քյաբաբը պատրաստ են փոխելու հայրենիքի հետ: Այնուամենայնիվ, Պ. Զեյթունցյանի ասածն ինձ համար ինչ-որ չափով ընկալելի է, հաշվի առնելով, որ իրավագիտությունից հեռու է ու նաեւ ընկել է իշխանական քարոզչության ազդեցության տակ:

Անհասկանալի է այն մարդկանց պահվածքը, որոնք նայում են հեռուստախցիկներին ու առանց աչքերը թարթելու, անպատկառ ձեւով հայտարարում, որ սպասում են նախաքննության ու դատավարության ավարտին, եւ դատարանը պետք է որոշի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ: Չնայած այն հանգամանքին, որ «Մարտի 1»-ի դատավարություններն ամիսներ շարունակ ընթանում են, եւ հասարակությունն ականատեսն է դատավարություններ կոչված խայտառակություններին:

Առավել եւս անհասկանալի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հնչեցրած լավատեսությունը «7-ի գործով» սպասվող դատավարության առնչությամբ: Պետք է խոստովանեմ, որ երբ նա սկսեց ճշմարտությանը մոտ գնահատականներ տալ, լուրջ թերահավատությամբ էի վերաբերվում, մտածելով, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ սցենար ունեն ու Արմենին խաղացնում են:

Ա. Հարությունյանի կոչը ԶԼՄ-ներին՝ խուսափել շոուներից, ընդհանրապես անհասկանալի է, չէ՞ որ բոլոր լրատվամիջոցները, բացառությամբ 3-4 թերթերի, ամբողջությամբ գտնվում են իշխող կլանի վերահսկողության տակ: Ուրիշ բան, եթե նա այդ կոչով դիմեր «իշխանություններին» կամ, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանին, որպեսզի ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տան օգտվելու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից:

Ցավում եմ, որ իմ կասկածներն Ա. Հարությունյանի մասին անհիմն չեն: Այնուամենայնիվ, տա Աստված, որ ես սխալ դուրս գամ, որովհետեւ այդ դեպքում կշահի մեր հասարակությունը:

Հ. Գ. Հոդվածը գրվել է նախքան քաղբանտարկյալների կողմից արված հայտարարությունը՝ ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել