Եթե հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ ափը, դա խորհրդանշում է, որ նա ապրելու է հարուստ եւ անհոգ կյանքով, իսկ աջի դեպքում՝ ընտանիքում ուրախության պակաս չի ունենալու:
Այս եւ նմանատիպ այլ սովորույթներով են դարեր շարունակ առաջնորդվել աշխարհի շատ ժողովուրդներ: Հայերս էլ սնահավատության պակաս չունենք, եւ նույնիսկ շատերը, գերի դառնալով նման սովորույթներին, մեծ դժբախտություն կարող են համարել հասարակ պատահականությունը, օրինակ՝ փեսայի տուն մտնելիս նորապսակները եթե միաժամանակ չկոտրեն տան շեմին դրված ափսեները: Ժողովրդի մեջ շրջանառվում են հարսանյաց ծիսակատարությունների նախանշաններ, որոնք չգրված օրենքի ուժ են ստացել եւ ենթակա են պարտադիր կատարման: Օրինակ այն, որ հարսը մենակ չպետք է անցնի նոր գնված բնակարանի շեմից… Ըստ ավանդույթի՝ ամուսինը կնոջը շեմից ներս պետք է մտցնի ձեռքերի վրա պահած, որ կինն իր ողջ կյանքի ընթացքում իրեն հարմարավետ զգա: Հարսանիքի օրը ընտրելիս նախանշաններից խուսափել այդպես էլ չի հաջողվում: Այս հարցում տարվա եղանակները նույնպես իրենց դերն են խաղում: Եթե հարսն ու փեսան որոշել են ամուսնանալ գարնանը, ապա նրանց կյանքը սիրառատ ու պտղաբեր կլինի, իսկ եթե դա համընկնի անձրեւոտ օրվա հետ՝ լրացուցիչ բարեկեցություն ու հարստություն կապահովի: Ասում են՝ մարտ ամսին ամուսնացողները հակասական զգացողություն կունենան, ապրիլն ամուսնացողներին փոփոխական երջանկություն կբերի: Իսկ մայիս ամսին պսակադրվողները, եթե ցանկանում են մեղմել իրենց կյանքում սպասվող տանջանքները, ամուսնությունից առաջ հարսնացուն երեք անգամ անընդմեջ պետք է համբուրի փեսային:
Ամառային ամուսնությունն ավելի ջերմ է եւ ամուր: Օրինակ, հունիսին ամուսնացողների ողջ կյանքը կանցնի բուռն ու կրքոտ, ինչպես մեղրամիսը: Հուլիս եւ օգոստոս ամիսները զույգերին խոստանում են հավերժական սեր եւ քաղցր հիշողություններ:
Ամենաերկարատեւ ամուսնությունները աշնանը ամուսնացողներին է բաժին հասնում: Եթե սեպտեմբերը նորապսակների ողջ կյանքի համար ապահովում է հանգիստ, առանց ցնցումների ամուսնություն, ապա հոկտեմբերին, ընդհակառակը՝ դժվար ու ծանր կյանքից ազատել չի խոստանում:
Հատկապես հաշվենկատ զույգերի գործը «աջ» կգնա, եթե իրենց ամուսնական դաշինքը կնքեն նոյեմբերին: Գերծախսեր են նախանշում ձմռանը սպասվող հարսանիքները: Բարեկենդանի տոնի օրն ամուսնացողներն ավելի հաջողակ կլինեն: Ժողովրդի հոռետեսական կանխատեսումները չեն շրջանցել նաեւ շաբաթվա օրերը: Օրինակ, ամուսնությունների համար անհաջող են հատկապես չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, իսկ սատանան իր միջամտությունը կունենա զույգերի կյանքին, եթե հարսանիքը լինի ամսվա 13-ին: Երջանիկ թվեր են համարվում 3, 5, 7, 9 թվերը: Սիրո, սեքսի եւ զգացմունքների հարցում հատկապես կանայք օգտվում են նաեւ այլ գուշակություններից: Ասենք, վերցնում են երկու հավասարաչափ մոմեր եւ միաժամանակ վառում: Մոմերից մեկը խորհրդանշում է վառողի անձը ու եթե առաջինը հանգչում է նրա մոմը, ապա սիրած էակը հավատարիմ չէ: Կամ աղջիկը մերկ կանգնում է հայելու առաջ ու կիսամութ սենյակում ոգիների հետ զրուցելով՝ նրանց առաջարկում է դիպչել իր մարմնի ինտիմ մասերին: Եթե նա «երանության» մեջ զգա տղամարդու մազոտ ձեռք, ապա փեսացուն հարուստ կլինի, մերկ ձեռքի դեպքում՝ աղքատ: