Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչեք ձեր իրավունքները

Հունվար 21,2009 00:00

\"\"Ըստ ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի՝ կնոջ համար առաջնայինն ընտանիքն է

Ես ուզում եմ աշխատել… Ես ուզում եմ պիտանի լինել հասարակությանը… Ուզում եմ ունենալ հավասար իրավունքներ…

Սա յուրաքանչյուր հայ աղջկա կամ կնոջ միտքն ու ցանկությունն է: «Այդ մտքերը խոսում են այն մասին, որ մեր հասարակությունը կանանց դերի բարձրացման պահանջ ունի, իսկ եթե կա պահանջ, նշանակում է՝ կա նաեւ խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը: Ըստ նրա՝ ասոցիացիայի գործելու նպատակը կանանց շրջանում խնդիրների հայթայթումն է, վերհանումն ու դրանց լուծման ճանապարհները գտնելը: Ինչպես նկատում է Լ. Ասատրյանը, Հայաստանում երիտասարդ կանանց շրջանում, ցավոք, խնդիրները բազմաթիվ են եւ բազմաբովանդակ. «Դրանց մասին բարձրաձայնելն այսօր ուղղակի անհրաժեշտություն է: Որպես երիտասարդ կին՝ կանանց խնդիրների հետ քիչ թե շատ առնչվող մարդ, կնշեմ 3 խնդիր, որոնցից առաջինն առողջության հետ է կապված»: Նա նաեւ համոզված է, որ պատերազմական ժամանակաշրջանը, դրան հաջորդող մութ, ցուրտ տարիներն իրենց ազդեցությունն ունեցել են հայ կնոջ հոգեբանության, դերի, ինքնավստահության եւ կայացման վրա. «Այդ ճգնաժամային ժամանակաշրջանն իր հետեւանքները մասնավորապես թողել է մանուկների, այսինքն՝ ներկա երիտասարդ սերնդի վրա, որոնք հանդիսանում են մեր երկրի լիիրավ ու արդեն չափահաս քաղաքացիներ: Կնոջ կամ աղջկա առաջին հիմնական առաքելությունը, որպես ապագա մայր, երեխաներ պարգեւող էակ, հանդիսանում է սերնդի շարունակելը: Վերարտադրողական առողջության հարցում ունենք լուրջ խնդիրներ, ինչի պատճառներն, ըստ իս, գալիս են դեռ վերը նշված ճգնաժամային շրջանից՝ մութ, ցուրտ, անկարգ սննդակարգ եւ այլն»:

Լ. Ասատրյանը ընդգծում է, որ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն օբյեկտիվ են, եւ կինը մեղավոր չէ, որ ապրել է նման ժամանակաշրջան եւ այսօր բախվել ինչ-ինչ առողջական խնդիրների: Ըստ նրա՝ կան նաեւ սուբյեկտիվ խնդիրներ. «Այս առումով կառանձնացնեմ հայ աղջիկների հագուկապի խնդիրը: Դեռահաս տարիքում աղջնակը, սկսելով հագնվել թեթեւ, համարելով, որ գնում է թվացյալ նորաձեւության ետեւից, հետագայում հանդիպում է մի շարք պրոբլեմների՝ մրսածություն, ողնաշարի ծռվածություն, դրանցից բխող մի շարք լուրջ խնդիրներ: Սա սուբյեկտիվ խնդիր է, որն էլ տվյալ աղջիկը պետք է տնօրինի, թե ինչպե՞ս հագնվել, ինչպե՞ս պահպանել առողջությունը, ինչպե՞ս զերծ մնալ մրսածությունից, հիվանդություններից եւ այլն: Մեր հասարակության մեծագույն թշնամիներից մեկը նորաձեւությունն է: Մեղադրելու չէ՝ յուրաքանչյուրն էլ ցանկանում, ձգտում է գեղեցիկ երեւալ, գեղեցիկ հագնվել, լինել գրավիչ: Բայց չէ՞ որ կարելի է առանց կիսամերկ հագնվելու էլ գրավիչ լինել: Երբ երիտասարդը, դեռահասը ամեն օր միացնում է հեռուստացույցը եւ տեսնում կիսամերկ հագնված աղջիկների եւ լսում, որ հագնվելու այս կերպը նորաձեւ է, բնականաբար, ենթագիտակցորեն ձգտում է դրան, սպունգի պես ընդունում իր ամեն տեսածն ու լսածը: Բայց ո՞վ է ասել, որ ցուրտ ձմռանը մեջքը բաց հագնելը նորաձեւ է կամ գեղեցիկ… Նման հագուկապի հետեւանքով շատ աղջիկներ չեն գիտակցում, որ հետագայում բախվելու են ամենաանցանկալի խնդրին՝ չբերությանը, ինչն էլ վերջին տարիներին մեծ տարածում է գտել եւ չարիք է դարձել երիտասարդ ընտանիքների համար»:

Ինչ վերաբերում է կանանց զբաղվածության, գործազրկության խնդրին՝ Լ. Ասատրյանը նշում է, որ դա ոչ միայն հայ կնոջ, այլեւ ամբողջ հայության խնդիրն է. «Կինը զբաղվածության խթանման գործում պետք է միանշանակ իր ներդրումն ունենա, որի արդյունքում ինքը, բնականաբար, օգուտ կտա իր իսկ ընտանիքին, միաժամանակ նպաստելով նաեւ հասարակության եւ տնտեսության զարգացմանը»: Ըստ նրա, գործազրկությունը հանգեցնում է նաեւ մեկ այլ շատ կարեւոր՝ հայ կնոջ ինքնագնահատման խնդրին: «Ասոցիացիայի աշխատանքների փորձից ելնելով, նշեմ, որ լինում են դեպքեր, երբ գրասենյակ են այցելում պատահական կանայք, որոնք ցանկանում են ոչ թե ծրագրերի մասնակցել կամ կազմակերպել, այլ իրենց ներդրումն ունենալ մեր ծրագրերում կամ ուղղակի ինտեգրվել գործունեության մեջ՝ իրենք իրենց օգտակար զգալու համար: Սա խոսում է այն մասին, որ այսօր հայ կինը իրեն նպաստավոր զգալու, հասարակությանը պիտանի լինելու կարիք ունի: Մեր ժամանակների գերխնդիրներից է ուսումն ավարտելուց հետո երիտասարդ կանանց չաշխատելը, ինչն էլ կապված է աղջիկների եւ կանանց ընկերների, փեսացուների, ամուսինների՝ դու չես աշխատելու, մասնագիտությունդ ստացար՝ բավարարվիր դրանով, երեխաներիդ կսովորեցնես եւ այլ պատճառաբանություններով: Այս «ճնշումներից» էլ կանայք թերարժեքության զգացողություն են ունենում: Ճանաչեք ձեր իրավունքները՝ չմոռանալով կյանքում առանջին տեղում դասել ընտանիքը, քանի որ կնոջ համար, այնուամենայնիվ, առաջնայինը դա է»,- խորհուրդ է տալիս Լ. Ասատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել