Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԱՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է «ՄԱՄԱՅԻ ԲԱԼԱ» ԼԻՆԻ»

Հունվար 21,2009 00:00

\"\"Ասում է Էդուարդ Շարմազանովը, որը սիրում է վառ գույներ, իսկ տհաճ մարդկանց միանգամից զգացնել է տալիս, որ իր համար հաճելի չէ նրանց հետ շփվելը…

Ստերեոտիպ չկա, թե ինչպիսի կանայք են ինձ դուր գալիս: Սիրում եմ գեղեցիկ, խելացի ու կրակոտ կանանց: Ինձ դուր են գալիս ոչ թե սլավոնուհիները, այլ հարավային երկրների կանայք՝ հայուհիներ, իտալուհիներ, հույներ, իսպանուհիներ… Կնոջ կրակը չեմ կարող բառերով ասել… Կինը պետք է իր մեջ հանելուկային բան ունենա ու ոչ բոլորի համար հասանելի լինի:

Խենթ ու մի քիչ էլ «գիժ»…

Դեռեւս պատանեկան տարիքից շատ խենթություններ եմ արել, «գժություններ» սիրում եմ: Շատ ազատ մարդ եմ, բայց երբեք չափս չեմ կորցնում: Շատ ազատ եմ զգում հատկապես մանկության ընկերներիս շրջապատում, որոնց համար ոչ թե պարոն Շարմազանով եմ, այլ՝ Էդո: Միշտ սիրել եմ իմ ետեւից մարդկանց տանել, շատերի հետ չհամաձայնել… Նմանատիպ մի իրավիճակում էլ կնոջս հետ ծանոթացա: 1995թ. ապրիլն էր, ուսանողական մեծ շարժում սկսվեց, ու համալսարանի տղաներով որոշեցինք 48-ժամյա հացադուլ անել նախագահի նստավայրի դիմաց: Ես հացադուլավորների շարքում էի եւ այդտեղ ծանոթացա կնոջս հետ: Նա 1-ին կուրսում էր սովորում եւ եկել էր մեզ «բալետ» անելու: Նրա մեջ կրակ տեսա, մի քանի տարի ընկերություն արեցինք: Միասին ինտելեկտուալ խաղերով ենք զբաղվել, դպրոցում ենք աշխատել ու վերջապես ամուսնացել ենք, այժմ 2 բալիկ ունենք՝ աղջիկս 6,5 տարեկան է, տղաս՝ 9 ամսական:

Սիրում է խանդել, չի սիրում սեռական փոքրամասնություններին

Կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդ, որի երակներով արյուն է հոսում, այլ ոչ թե կաթ՝ պիտի խանդոտ լինի, իհարկե, չափավոր: Խանդը սեփականատիրության զգացում է եւ պետք չէ այն խառնել անվստահության հետ: Եթե խանդում ես, ուրեմն սիրում ես, իսկ եթե խանդ չկա՝ անտարբեր ես: Իմ պատկերացմամբ, յուրաքանչյուր հայ տղամարդ խանդոտ է: Օրինակ, ինձ համար խանդն իմ սեփականատիրական զգացմունքներն արտահայտելու ձեւ է: Արդեն 12 տարի է՝ ամուսնացած եմ, ներդաշնակ ընտանիք ունեմ, կես բառից իրար հասկանում ենք: Հայ տղամարդը պետք է լինի խելացի, ունենա իր սկզբունքները, պիտի ծնողասեր ու ընկերասեր լինի, իսկ կինը մնա կին ու նրանցից ամեն մեկն իր ֆունկցիաները կատարի: Բացի քաղաքական գործիչ լինելուց, ապրում եմ նորմալ հայկական արժեքային համակարգով: Ընդունում եմ, որ մարդը իրավունքներ ունի, որոնք չպետք է ոտնահարվեն, բայց, օրինակ, սեռական փոքրամասնություններին, ես որպես հայ տղա, չեմ ընդունում ու այդ երեւույթին կտրուկ դեմ եմ:

«Մամայի բալա» չդարձավ…

Շատ մարդկանց կարող է թվալ, թե իմ կյանքը շատ հեշտ է դասավորվել, բայց այդպես չէ՝ փշոտ ճանապարհ եմ անցել: Ծնվել ու մեծացել եմ Ալավերդի քաղաքում: 1990-ականների սկիզբն էր, երբ Երեւան եկա, դժվար տարիներ էին, ապրում էի հանրակացարանում: Այդ կյանքն ինձ շատ օգուտ տվեց, դարձա ինքնուրույն ու երբեք չեմ լացել դժվարություններից: Տղամարդը լաց լինելու իրավունք չունի, նա պիտի խնդիրներ լուծի, դժվարություններին դիմանա ու ոչ մի դեպքում «մամայի բալա» չդառնա: Ավարտելով համալսարանը՝ աշխատանքի ընդունվելու խնդիր ունեի, գնացի մի փոքր «ցեխում» բանվորություն անելու: Շատ լավ գիտեմ, թե ինչ բան է չքավորությունը, ես «պալատական» մարդ չեմ… այժմ ինձ բախտավոր մարդ եմ համարում, որովհետեւ ունեմ շատ կուրսընկերներ, ովքեր ինձնից խելացի են եղել, լավ են սովորել, բայց կյանքում իրենց տեղը չեն գտել:

Լինել ազատ, բայց ոչ այլանդակ

Երբեմն ազատությունը շփո թում են այլանդակության հետ, բայց ամեն ինչ գալիս է անգրագիտությունից: Ո՞վ է ասում, որ հայ կինը պետք է լինի տրեխներով, գլուխը կապած, որ չի կարող լինել լավ լրագրող, բիզնեսմեն, մենեջեր ու միեւնույն ժամանակ ընտանիքում լինել լավ կին, հոգատար մայր: Փակի տակ պահելով՝ ոչ մի հարց չի լուծվում, մի օր էլ «կպայթի», եւ ազատությունն ու այլանդակությունը կխառնվեն իրար: Լինի տղամարդ, թե կին, մարդը պետք է կարողանա ազատությունից ճիշտ օգտվել: Եվրոպայում չեք տեսնի ինչ-որ մեկին, որ ձմեռվա կեսին բաց պորտով ման գա կամ զինվորական հագուստով դասի գնա, մեզ մոտ պարզապես անգրագիտություն է, բայց, բարեբախտաբար, վիճակը շտկվում է:

Սուրճ մատուցում է, բայց ոչ անկողնում…

Սպորտի, երաժշտության սիրահար եմ: Փոքրուց սիրել եմ ֆուտբոլ ու մոլի երկրպագու եմ: Հավաքել եմ աշխարհի բոլոր առաջնությունների եզրափակիչների DVD-ները՝ 1958թ. սկսած: Փոքր ժամանակ երազում էի դառնալ ֆուտբոլիստ: Աղմկոտ վայրեր չեմ սիրում, քանի որ պատմաբան եմ, տեսարժան վայրեր եմ այցելում: Հաճախ ընկերներով մեր տանը կարաոկե ենք կազմակերպում, ու նույնիսկ հարեւաններն են մեզ միանում: Շատ չեմ խմում, նախընտրում եմ լավ կոնյակ ու տնական օղի… Եթե ազատ ժամանակ եմ ունենում, խոհանոցում լավ ձուկ եմ պատրաստում: Պատահում է, որ մեկ-մեկ կնոջս, ընտանիքիս համար սուրճ էլ եմ եփում, չնայած երբեք կնոջս անկողնում սուրճ չեմ մատուցել:

Ես երկաթգծով, դուք՝ էշով…

Երեւան գալով՝ կոմպլեքսավորված չեմ եղել: Ալավերդին էլ զարգացած քաղաք է, բայց, չգիտես ինչու, երեւանցիների մեջ միշտ այն տպավորությունն է, որ, իրենցից բացի, մնացածը գյուղացիներ են… Ալավերդիում ապրելով, ռոք եմ լսել, այդպես եմ դաստիարակվել ու հաճախ նույնիսկ կատակում էի, ասելով, որ մենք երկաթգիծ ունենք, իսկ Երեւանում դեռ էշով են ման գալիս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել