Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾԱԹԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ «ՈՍԿՈՎ»

Հունվար 21,2009 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի 2009 թվականի առաջնությունը կարեւոր նշանակություն ուներ բոլոր մասնակիցների համար, քանի որ այն ազգային հավաքականին անդամագրվելու եւ միջազգային մրցաշարերում մեր երկիրը ներկայացնելու առումով ընտրական բնույթ էր կրում:

Համառ պայքարների արդյունքում հայտնի են դարձել ըստ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: Ամեն ինչ նորմալ է, բայց մինչեւ 66 կգ քաշային կարգում ընդունված կանոններից շեղում է եղել: Եզրափակիչում չեմպիոնության համար մրցագորգ են մտել երեւանցի Սասուն Ղամբարյանն ու գյումրեցի Խոսրով Մելիքյանը: Մրցավարների գնահատումներով՝ նրանց պայքարն անցել է հավասար, ու ավելի արժանավորին որոշելը դժվար է եղել: Ի վերջո, որոշվել է երկուսին էլ շնորհել ոսկե մեդալ: Սա ըմբշամարտում դասվում է բացառիկ երեւույթների շարքին:

Երեկ «Առավոտը» դիմեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին, որպեսզի նա մեկնաբանի երեւույթը: «Ըմբշամարտի միջազգային եւ մեր ազգային ֆեդերացիաների կանոններով, ամեն մի քաշային կարգում պետք է լինի մեկ չեմպիոն: Սակայն մրցաշարի կարեւորության աստիճանից ելնելով, կանոնից շեղում կատարվեց,- ասաց նա:- Որպես ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ ինձ դա այնքան էլ չի մտահոգում: Ինձ համար կարեւորը լավագույններին ի հայտ բերելն է: Բայց քանի որ հարցը տվել եք՝ պատասխանեմ: Լրատվամիջոցները կատարվածը ներկայացնում են որպես ըմբշամարտի պատմության մեջ եզակի երեւույթ: Բայց դա, ավելի ճիշտ, հազվադեպ պատահող դեպք է: Նման բան եղել է անցած տարի՝ Ռուսաստանի առաջնությունում: Ավելին, եկեք չանտեսենք նաեւ ձմեռային վերջին օլիմպիական խաղերը, որտեղ, չեմ հիշում, որ մրցաձեւից միանգամից երկու չեմպիոն հռչակվեց: Նման բաներ կարող են լինել բացառիկ դեպքերում: Ասածս կատարվեց նաեւ մեզ մոտ: Ինչ խոսք, չեմ ուզում արդարացնել Հայաստանի՝ երկու չեմպիոն ունենալը: Բայց եղել է այն, ինչ եղել է: Ու դրանից պատմություններ սարքելն էլ ճիշտ չեմ համարում: Վա՞տ է, որ միեւնույն քաշային կարգում արդեն ունենք հավասարազոր երկու մարզիկ: Կարծում եմ՝ ոչ: Իսկ եթե խնդիրը շատ մտահոգող է, իմ անունից հարց հղեք ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, թե ինչո՞ւ նախորդ ձմեռային օլիմպիադայում գեղասահքի երկու չեմպիոն հռչակեցին՝ նախադեպ ստեղծելով նաեւ մյուս մարզաձեւերի համար»:

Լեւոն Ջուլֆալակյանի մոտեցումն ու մեկնաբանությունը հասկանալ կարելի է: Բայց դրանք լրացուցիչ մեկնաբանության կարիք, այնուամենայնիվ, ունեն: Նախ, ըմբշամարտում գործող օրենքները բացառում են չկողմնորոշվելը: Հատկապես եզրափակիչում, որքան էլ հավասարազոր լինեն, նույն կանոնները կիրառելու դեպքում նախապատվությունը պետք է տրվեր կողմերից մեկին: Այստեղ խնդիրն ավելի շուտ մրցավարներին է վերաբերում, որոնք իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, մեղմ ասած, վրիպումներ են թույլ տվել՝ տեղի տալով նաեւ սեփական համակրանքին եւ այս կամ այն ըմբիշին երկրպագելու եկած մարզասերների կրքերին: Եվ, հավանաբար, դա է եղել պատճառը, որ եզրափակիչ գոտեմարտերին ներկա եղած ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը առաջնության ավարտից հետո մարզաձեւի պատասխանատուների առջեւ դրել է մրցավարների որակավորման բարձրացման գործը կազմակերպելու անհրաժեշտության հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել