Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրախորհուրդն «ախմախ» չէ»

Հունվար 21,2009 00:00

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համոզմամբ՝ Հայաստանին ձայնի իրավունքից չեն զրկի

Հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցը վերջապես կգտնի իր լուծումը: Մինչ այդ՝ հայ մտավորականները հարցի շուրջ իրենց տեսություններն են ներկայացնում:

«Եթե անգամ պիտի մեզ ժամանակավորապես զրկեն ձայնի իրավունքից, ի՞նչ կարող է լինել, էլի արեւը կծագի արեւելքից, էլի Իսրայելը կռմբահարի արաբներին, էլի Աբգար Ափինյանն իր զառանցանքի արշավը կշարունակի Գրողների միության վրա…»,- երեկ «Էրեբունի պլազայում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ շեշտեց. «Եվրախորհուրդն առնվազն «ախմախ» պետք է լինի՝ մեզ ձայնի իրավունքից զրկելով»: Ինչպես շեշտեց Լ. Անանյանը. «Ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ անցած տասնամյակների ընթացքում ընդամենը երեք նախադեպ է եղել, որ Եվրախորհուրդը զրկել է այս կամ այն երկրին ձայնի իրավունքից: Առանց այն էլ մեր ձայնը խզված է, եւ լիարժեք խոսելու իրավունք մինչեւ այժմ այնքան էլ չունենք»: Խոսելով առաջադրված բանաձեւերի կատարումներից եւ դրանց արդյունքներից՝ Լ. Անանյանը նկատեց. «Դժվար է ուրիշի դերը ստանձնել եւ ուրիշի փոխարեն դատողություններ անել: Ինձ ուրախացնում է մի հանգամանք. որոշ տեղաշարժեր կան: Պետք չէ սեւ ակնոցով նայել ամենին, փորձենք արժեւորել կատարվածը: Լավ կլիներ, որ մենք մինչեւ դեկտեմբերի վերջը կարողանայինք գոնե հիմնական կետերը, պահանջները իրագործել: Այստեղ ուզում եմ արձանագրել նաեւ հասարակության պատասխանատվությունը, որովհետեւ հասարակությունն էլ չի փորձում օգնել պետությանը: Բնականաբար, շատ բաներ մեզնից կախված չեն, բայց ներսում արժե, որ լինենք համախոհ, հաշվետու՝ մեր եսի առջեւ, քան թե նայելով, թե ինչ պիտի ասի Եվրոպան կամ Արեւմուտքը»: Նա նաեւ ասաց. «Մենք կարծես շարունակում ենք Թումանյանի հայտնի հեքիաթը՝ «Անխելք մարդը». որտե՞ղ է այն ոսկին, որը մեզ պիտի հասցնի բարեկեցության, ազգային միասնության, բնականաբար՝ մեր ներսում, այլ ոչ թե այն գայլի անցած ճանապարհին, որն, ի վերջո, տանում եւ կանգնեցնում է կոտրած տաշտակի առջեւ»:

Նրանց, ովքեր ուզում են Հայաստանին «ձայնազրկել», Լեւոն Իգիթյանը հակադարձեց. «Գիտեմ, որ եկել եմ ասուլիսին՝ հարցերի պատասխանելու, բայց ուզում եմ մի հարց ճշտել. այդ երկուսը՝ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը, Ֆելինիի եւ Բերգմանի հետ մանկապարտե՞զ են գնացել, այսինքն, ուզում եմ ասել՝ դատավորը ո՞վ է: Մեզանից շատ բան է կախված, մենք 5000 տարի շարունակ մեր հակառակորդներին շանս ենք տվել ու էլի տալիս ենք»: Ըստ Լ. Իգիթյանի՝ հայ հասարակությունը երկար ու խորը չի սիրում մտածել. «Լեւոնը ճիշտ է նկատում, սկանդալ սիրող ազգ ենք, ոչինչ, թե ինչ կլինի այդ սկանդալներից հետո, ինչ վատ հետեւանքներ կարող է այն, ասենք, ինձ համար ունենալ, կարեւորը, որ իմ անունը սրճարաններում շատ է շոշափվում, սա նույն՝ ձայնի իրավունքից զրկելու կամ չզրկելու պատմությունն է, կարեւորը՝ Հայաստանի անունը շատ է շոշափվում»: Ապա շարունակեց. «Այն Եվրոպան, որի աչքի առաջ վերջերս մի երկիր (խոսքը Հարավսլավիայի մասին է) քանդեցին, ռմբակոծեցին, մի տարածք, որտեղ տղամարդկանց եկեղեցում ամուսնացնում են, կամ որտեղ մի տղամարդ իր սեփական աղջկա հետ կենակցում է, այդ Եվրոպա՞ն պետք է մեզ դատի, նա՞ պետք է կարծիք հայտնի, այդ Եվրոպայի՞ց պետք է մենք ճշմարտության սպասենք… Իրականությունը ես վաղուց գիտեմ եւ շատ լավ՝ Եվրախորհուրդը մեզ չի զրկի ձայնի իրավունքից»: Հասարակության բեւեռացվածության եւ քաղաքականացվածության մասին ՀԳՄ նախագահն ասաց. «Քաղաքականացվածությունը շատ ակնառու է, ստեղծված է մի վիճակ, որտեղ կարծես թե ընդդիմությունն իր համար է ապրում, իր կյանքով, իշխանությունն՝ իր, հասարակությունն էլ՝ իր: Բեւեռացումը շատ արտահայտիչ է»: Իսկ Լ. Իգիթյանը հավելեց. «Երբ ես մարտի 1-ի առավոտյան այդ դեպքերը նայում էի, մի հարց էր ինձ տանջում՝ սա այն 5000 տարվա արժեքները կրող ժողովո՞ւրդն է, ուզում էի հասկանալ՝ ես Մատենադարանի՞ հետ կապ ունեմ. թե՞ «բոսյակության»…»: Ինչ որոշում էլ կայացնի ԵԽԽՎ-ն, Լեւոն Իգիթյանը համոզված է՝ «Ջպերով» տղեքի անասունի աչքերով բութ հայացքները այդ որոշումից չեն փոխվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել