Ասում է իրանցի խմբագիր Բեհրանգ Տոնեքաբոնին
Շուրջ երկու շաբաթ է՝ Հայաստանում է Իրանի «Culture and Music» ամսագրի գլխավոր խմբագիր եւ այդ երկրի ամենահաջողակ երաժշտական պրոդյուսեր Բեհրանգ Տոնեքաբոնին: Նրա նպատակը հայ-իրանական համատեղ նվագախումբ ստեղծելն է, որը համերգներով հանդես կգա նախ Իրանում ու Հայաստանում, ապա այլ երկրներում: Բեհրանգն առաջին անգամ է մեր երկրում, սակայն հայ երաժիշտների հետ վաղուց է համագործակցում: Ջիվան Գասպարյանի եւ իրանցի հանրահայտ շուրանգիզահար (ուդ հիշեցնող նվագարան) Հուսեին Ալիզադեի համատեղ սկավառակը Բեհրանգի մտահղացման արդյունքն էր: Հիշեցնենք, որ այն 2006թ. ներկայացվեց «Գրեմմիի»՝ «Աշխարհի ժողովուրդների ավանդական երաժշտություն» անվանակարգում: Իրանցի պրոդյուսերի հրավերով են Իրանում հանդես եկել ջազմեն Վահագն Հայրապետյանն ու իր բենդը, Արամ Թալալյանի ղեկավարած կամերային անսամբլը եւ այլն:
Շարունակելով հայ-իրանական համատեղ նվագախումբ ստեղծելու թեման՝ Բ. Տոնեքաբոնին պատմեց, որ այդ նպատակով հանդիպել է Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Հենրի Սմբատյանի, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի հետ:
Բեհրանգը հասցրել է մի լավ ուսումնասիրել Երեւանը ու ասում է, որ իրեն այս քաղաքը խորթ չի թվում, մարդիկ՝ նույնպես: Զարմանալի է, բայց նա հայերին հանգիստ ժողովուրդ է համարում. «Թեհրանն ուրիշ է, անընդհատ վազքի մեջ ես, սթրեսներ՝ ամեն քայլափոխի: Եթե մի 10 օր ապրեք Թեհրանում՝ ինքներդ կհամոզվեք»:
«Առավոտի» հարցին՝ ինչպիսի՞ խոչընդոտների է հանդիպում իբրեւ լրագրող, եւ կա՞ն անձինք ու թեմաներ, որոնց մասին չի կարող գրել իր ամսագրում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե՝ կան… Իրանի լրագրողները սովոր են այսպես աշխատել. մի ձեռքով գրում են, մյուսով՝ դիմադրում տաբուներին: Այս վիճակը ոչ թե ստեղծվել է Իրանի հեղափոխությունից հետո՝ այս 30 տարվա ընթացքում, այլ միշտ եղել է՝ թե՛ շահի ժամանակ, թե՛ թագավորության: Մեր լրագրողները վարժվել են պայքարելուն, դա կենսակերպ է դարձել: Ինքնաբերաբար մտածում են՝ ո՞նց գրեմ, ո՞նց անցկացնեմ: Մյուս կողմից էլ, եթե, օրինակ, գնամ Շվեյցարիայում ապրեմ, հաստատ կգժվեմ հանգիստ վիճակի պատճառով, երբ ստեղծագործելիս ոչ մի դիմադրության չհանդիպեմ»:
Երբ փաստեցինք, որ Իրանում օպերային արվեստ որպես այդպիսին չկա, որովհետեւ այնտեղ կանանց արգելված է երգել, Բեհրանգը հակադարձեց. «Ճիշտ է, Իրանում արվեստի որոշ տեսակներ, այդ թվում՝ օպերայինը, արգելված են, բայց, ընդհանուր առմամբ, մեր մշակութային դաշտն ավելի ակտիվ է, քան Հայաստանինը՝ թատրոն, կինո, երաժշտարվեստ… Հատկապես իրանական կինոն համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե իրենց լավագույն կինոգործիչները ստիպված ստեղծագործում են երկրի սահմաններից դուրս: «Չէ՛, այդպես չէ, իսկ մեր Քյառոստամի՞ն»,- ճանաչված հայրենակցին վկայակոչեց պրոդյուսերը:
Բնականաբար, հարցրինք, թե հայկական թեմատիկան «Culture and Music» ամսագրում ի՞նչ տեղ է գրավում: Բեհրանգն ասաց, որ պարբերաբար հայ արվեստագետներին անդրադառնում են, լայնորեն լուսաբանվել է նաեւ Ջիվան Գասպարյանի հոբելյանը: Հաջորդ հարցին՝ օրինակ, երբեւէ նյութ տպագրվե՞լ է այն մասին, թե ինչպես են հայկական մշակութային կոթողները ոչնչացվում Թուրքիայում, նա պատասխանեց. «Այդպիսի լուրերը հիմնականում տարածվում են իրանահայ համայնքի կողմից, մեր ամսագիրն ավելի շատ երաժշտական է, նրա խնդիրն է տարբեր տեսանկյուններից դիտարկել երաժշտությունը: Այ, եթե երաժշտական առումով «ցավոտ» խնդիր լինի՝ անպայման կանդրադառնանք»:
Խմբագիր-պրոդյուսերը դժգոհում է նաեւ աշխարհին սպառնացող ընթերցանության ճգնաժամից ու իրանցիների քաղաքականացված լինելուց. «Մեր երկրում էլ հատկապես երիտասարդությունը քիչ է կարդում, դա գլոբալիզացիայի հետեւանքներից մեկն է: Ցավոք, Իրանի ընթերցողներն ավելի շատ հետաքրքրվում են քաղաքական թեմաներով, եւ բարձր տպաքանակ ունեն հատկապես այն թերթերն ու ամսագրերը, որոնք մեծ տեղ են տալիս քաղաքականությանը: Լավ է, որ գոնե մեր արվեստագետները քաղաքականացված չեն»: