ՍՊԱՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ինչպես արդեն հայտնել ենք, երկուշաբթի օրը Մոսկվայի կենտրոնում, իր ասուլիսից դուրս գալիս, սպանվել է հայտնի փաստաբան Ստանիսլավ Մարկելովը: Նույն հանցագործները գնդակահարեցին նաեւ «Նովայա գազետա» թերթի թղթակից Անաստասիա Բաբուրովային, որը, հավանաբար, ոճրագործության պատահական զոհը դարձավ: Վերջին շրջանում Մարկելովը ներկայացնում էր Չեչնիայում սպանված Էլզա Կունգաեւայի ընտանիքի շահերը եւ վիճարկում էր Կունգաեւային փախցրած եւ խեղդած գնդապետ Յուրի Բուդանովի պայմանական վաղաժամկետ արձակումը: Փաստաբանի վերջին ասուլիսը նվիրված էր հենց այդ գործին: Մարկելովը գտնում էր, որ Բուդանովին ազատություն պարգեւելը հակասում է ՌԴ օրենքներին: Դիտորդները չեն բացառում, որ փաստաբանի սպանությունը պայմանավորված է հենց գնդապետի՝ ծայրահեղ ազգայնական «երկրպագուների» վրեժխնդրությամբ, սակայն ինքը՝ Բուդանովը, դա կտրականապես հերքում է: Մարկելովը զբաղվում էր նաեւ Չեչնիայի բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք այլ գործերով, ինչպես նաեւ ներկայացնում էր ռասիզմի դեմ պայքարող մի շարք ռուս իրավապաշտպանների շահերը: Մարկելովն արդեն բազմիցս գրավոր եւ բանավոր սպառնալիքներ էր ստացել ռուսաստանյան ֆաշիստական կազմակերպություններից, իսկ 2004 թվականին նա դաժան ծեծի էր ենթարկվել:
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՔԸ
Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը, սակայն մինչ այդ, իր լիազորությունների վերջին ժամերին այժմ արդեն նախկին նախագահ Ջորջ Բուշն ազատություն է պարգեւել ամերիկացի երկու սահմանապահներին, որոնք կրակել են թմրանյութերի մեքսիկացի առեւտրականի վրա՝ ԱՄՆ սահմանն անցնելիս: Սահմանապահները դատապարտվել են 11 եւ 12 տարի ազատազրկման՝ մեղադրվելով սահմանախախտի նկատմամբ զենքը ոչ համաչափ օգտագործելու համար: Այս գործը լայն արձագանք էր գտել ԱՄՆ-ում, եւ հասարակության մի մասը կարծում էր, որ սահմանապահները պարզապես կատարել են իրենց պարտքը: Բուշը, ըստ էության, ոչ թե ներում է շնորհել, այլ մեղմացրել է զինծառայողների պատիժը, եւ նրանք դուրս կգան արդեն մարտին: Newsru.com կայքը հիշեցնում է, որ իր նախագահության 8 տարիների ընթացքում Բուշը ներում է շնորհել ընդհանուր առմամբ 189 մարդու եւ մեղմացրել է 11 դատավճիռ: Դա էապես ավելի քիչ է, քան Քլինթոնի եւ Ռեյգանի ժամանակ, բայց ավելի շատ է՝ Բուշ ավագի հետ համեմատած: Քլինթոնը 8 տարվա ընթացքում ներել է 457, իսկ Ռեյգանը՝ 406 մարդու: Ավելի գթասիրտ էր Ջիմ Քարտերը, որը 4 տարում 563 ներման հրամանագիր է ստորագրել: Ներումների առումով ռեկորդակիրը Հարրի Թրումենն է, որը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ներել է 2031 դատապարտվածի: Իսկ ահա Ջորջ Բուշ ավագը 4 տարվա ընթացքում ներողամտություն է ցուցաբերել ընդամենը 77 մարդու նկատմամբ:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԶՈՀԵՐԸ»՝ ՍԵՈՒԼՈՒՄ
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մոտ 40 բնակիչներ, որոնց տների ու կրպակների տարածքները իշխանությունները հայտարարել են «իրացման գոտի», բողոքի ակցիա էին կազմակերպել: Երկուշաբթի օրը նրանք գրավեցին դատարկ 4 հարկանի շենքը, բարիկադներ կառուցեցին եւ սկսեցին նստացույցը: Ըստ «Իզվեստիայի»՝ երեկ վաղ առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը գրոհ ձեռնարկեցին ցուցարարների վրա՝ հանդիպելով վերջիններիս դիմադրությանը: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ ինքնաշեն ռումբեր եւ վառելանյութով լցված շշեր էին շպրտում: Բռնկվեց ուժեղ հրդեհ, որի դեմ հրշեջները պայքարում էին 40 րոպե: Հրդեհից հետո տան ավերակներում հայտնաբերվեց 6 մարդու դիակ, որից մեկը ենթադրաբար ոստիկանության սպա է: Եվս 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ոմանց վիճակը ծանր է: Կորեայի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել սպանվածների ընտանիքներին եւ հայտարարել, որ ողբերգությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իրավապահները փորձում էին կանխել անօրինական գործողությունները: Հետաքրքիր է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ընդամենը 2 օր անց՝ այն բանից հետո, երբ Կորեայի նախագահը պաշտոնանկ էր արել ոստիկանապետին, որին քննադատում էին ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար: