Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 21,2009 00:00

Կասյանովը հեղափոխություն է կանխատեսում

\"\"Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը gazeta.ru ինտերնետային կայքին տված հարցազրույցում կանխատեսում է, որ այս տարի գործազուրկների թիվն իր երկրում կհասնի 20 միլիոն մարդու, այսինքն՝ կներառի աշխատունակ բնակչության մոտ 13,5%-ը: Խնդիրների լուծումը Կասյանովը տեսնում է քաղաքական համակարգի մեջ: Եթե ՌԴ իշխանությունը շարունակի իր կարծր քաղաքականությունը, կենտրոնացնելով իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքին, շարունակի քամուն տալ պետական միջոցները եւ համոզել, որ երկրի բոլոր դժվարություններն առաջանում են արտաքին թշնամիների պատճառով, ապա, ըստ նախկին վարչապետի, երկիրը շատ շուտով կմոտենա քայքայման եւ մասնատման եզրին: Կասյանովի կարծիքով՝ ՌԴ Կենտրոնական բանկը արհեստականորեն բարձր է պահում ազգային տարադրամի կուրսը: Այդ սխալ գործողությունների պատճառով՝ վերջին 2 ամիսներին Ռուսաստանը կորցրել է ավելի քան $100 միլիարդ պահուստային միջոցներ: Նրա կանխատեսմամբ՝ տարվա վերջին 1 դոլարը վաճառվելու է 40 ռուբլով: Մ. Կասյանովը վստահ է, որ ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցներից միայն 10%-ն է թելադրված տնտեսական անհրաժեշտությամբ, միջոցների մնացած 90%-ը հայտնվում է անթափանց «պայուսակներում» եւ ուղղված է ոչ թե քաղաքացիների ու ձեռնարկությունների օժանդակությանը, այլ՝ բացարձակապես այլ նպատակների համար: Ըստ նախկին պաշտոնյայի՝ թե՛ Կենտրոնական բանկում եւ թե՛ ֆինանսների նախարարությունում դեռեւս մնացել են պրոֆեսիոնալ մասնագետներ, պարզապես երկրի ղեկավարությունը պետք է նրանց հնարավորություն տա ինքնուրույն որոշումներ ընդունելու:

Վե՞րջ գազային պատերազմին

\"\"Նախորդ օրը ռուսաստանյան «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նավթոգազի» ղեկավարներն իրենց ստորագրությունները դրեցին նոր պայմանագրերի տակ, իսկ երեկ ռուսաստանյան գազը վերջապես հասավ Եվրոպա: Պայմանագիրը հնարավոր դարձավ երկու երկրների վարչապետերի հաջող բանակցությունների արդյունքում, որոնց ավարտին Պուտինը եւ Տիմոշենկոն հայտարարեցին, որ բոլոր խնդիրները լուծված են, եւ կողմերն իրար նկատմամբ դժգոհություններ չեն ներկայացնելու: Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինան ԱՊՀ վերջին երկիրն էր, որի հետ մինչ այդ չէր հաջողվում հարաբերություններ կառուցել շուկայական սկզբունքների վրա, եւ Տիմոշենկոյի կառավարության այս որոշումը իսկապես կարեւոր քայլ է: Ըստ պայմանագրի՝ մոտակա 10 տարվա ընթացքում գազի գինը որոշվելու է «եվրոպական բանաձեւով», եւ միայն 2009 թվականին Ուկրաինան կունենա 20%-անոց զեղչ: Վերջինս հնարավորություն կտա Ուկրաինայի բյուջեին՝ տնտեսել $5 միլիարդ: Վ. Պուտինի խոսքերով, վերջին պայմանավորվածությունը լայն հնարավորություններ կբացի 2 երկրների միջեւ այլ ոլորտներում տնտեսական համագործակցության համար: Այս տարի Ռուսաստանի գազի միջին գինը Ուկրաինայի համար կլինի $230՝ 1000 խմ-ի համար, ընդ որում՝ առաջին եռամսյակում գինն ավելի բարձր կլինի, իսկ այնուհետեւ էապես իջնելու է: Մյուս կողմից, առայժմ չի փոխվել գազի տեղափոխման համար սակագինը՝ վարձ, որը Ուկրաինան վերցնում է Ռուսաստանից. այն կազմելու է $1,6՝ 1000 խմ-ի համար, 100 կմ տարածության վրա:

Ի՞նչ արժե նախարարի պաշտոնը

Երեկ Լատվիայի խորհրդարանի ընդդիմադիր «Կարգուկանոն եւ արդարություն» խմբակցությունը հանդիպել է այդ երկրի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գեդիմինաս Կազլաուսկասի հետ, որը կասկածվում է նախարարական աթոռը գնելու մեջ: Ինչպես հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ Կազլաուսկասը հաստատել է, որ, լինելով «Մերկո» շինարարական ֆիրմայի սեփականատեր, նա 117 հազար եվրո է նվիրաբերել իշխող «Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական արշավի համար: Սակայն նախարարը գտնում է, որ այդ փողերը ոչ մի կապ չունեն իր նշանակման հետ: «Մենք հարցնում էինք նրան, թե, արդյոք, նշված գումարը պաշտոնի վարձը չէ՞ր, եւ նախարարի պատասխանները մեզ չհամոզեցին»,- նշում են խմբակցության անդամները: Ընդդիմադիրները պատրաստվում են հարցը բարձրացնել խորհրդարանի մոտակա նիստի ժամանակ: Կազլաուսկասի թեկնածությունը՝ որպես կառավարության անդամի, առաջարկել է հենց այն կուսակցությունը, որին նա հովանավորում էր, եւ ընդդիմությունն արդեն բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է անվստահություն հայտնել նախարարին, եթե պարզվի, որ նա իր պաշտոնը գնել է փողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել