Երեկ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական
հատուկ դպրոցում բացվեցին «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծած քիմիայի եւ ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաները:
«ԱյբԼաբ»-երը բավարարում են անվտանգության եւ էրգոնոմիկայի պահանջներին, համատեղում են ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ փորձերի անցկացման հնարավորությունները: «Այբ» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Դավիթ Սահակյանը, ֆիզիկայի լաբորատորիան ներկայացնելիս, նկատեց. «Համապատասխան սարքերի շնորհիվ վերջին շարքերից երեխաները կարող են հետեւել փորձերի ընթացքին: Լաբորատորիան նաեւ վիտուալ է, ինչի շնորհիվ փորձերը կարելի է անել ոչ միայն սեղանի վրա, այլեւ վիրտուալ փորձերի միջոցով: Օրինակ՝ սովորական լաբորատոր պայմաններում հնարավոր չէ փորձել, թե ինչ կլինի, եթե Մարսի վրա ֆուտբոլ խաղան, ուստի դա կարելի է անել վիտուալ փորձերի միջոցով: Օպտիկական փորձեր եւս կարող ենք անել, ինչի համար նախատեսված են նաեւ լուսաքողարկող վարագույրներ: Քիմիայի լաբորատորիայի դեպքում հատուկ ուշադրություն ենք դարձրել անվտանգության համակարգին: Բայց ամենակարեւորն այն է, որ այս լաբորատորիաները չդառնան ընդամենը գեղեցիկ միջավայր, այլ՝ օգտագործվեն կրթության մեջ»:
ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտնեց. «Ամեն ինչ անելու ենք, որ նման հնարավորություն ստեղծվի նաեւ հանրակրթական համակարգում գործող մյուս դպրոցների համար: Այդ խնդիրը չենք կարող կարճ ժամանակահատվածում լուծել: Պիտի այնպես անենք, որ առաջիկա 3 տարվա ընթացքում մեր նախատեսած 150 ավագ դպրոցները հագեցված լինեն նման լաբորատորիաներով»:
«Առավոտի» դիտարկմանը, թե հանրակրթական դպրոցների՝ երկար ժամանակ նույնիսկ փորձանյութեր չտեսած ուսուցիչներն ինչպե՞ս պիտի կարողանան դասավանդել այսպիսի ժամանակակից տեխնոլոգիաներով, արդյոք չե՞ն նախատեսվում վերապատրաստումներ, Ս. Սեյրանյանը պատասխանեց. «Եթե որոշվում է, որ տվյալ դպրոցը պիտի դառնա ավագ, ապա դա միայն ցուցակի փոփոխություն չի ենթադրում: Երկու ամիս այդ դպրոցների ուսուցիչների ընդհանուր վերապատրաստումներ իրականացրինք, որտեղ հիմնական շեշտադրումը դրված էր այնպիսի հմտությունների փոխանցման վրա, որոնք պիտի կիրառվեն նոր ուսումնական ծրագրերով աշխատող ավագ դպրոցներում»: «Առավոտը» զրուցեց նաեւ Ֆիզմաթ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ մինչ այսպիսի լաբորատորիա ունենալը՝ փորձերն ինչպե՞ս էին իրականացնում: «Դրանք կատարում էինք ինքնաշեն սարքերով, աշակերտներից մեկը ստեղծել էր քաշիչ պահարան: Բայց այժմ, երբ ունենք ժամանակակից քաշիչ պահարան, բոլոր թունավոր փորձերը, որ պետք է կատարվեն, արվում են: Պարզապես, ծրագրային ֆիլմերն են դեռ քիչ»: Այդ նույն ընթացքում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Վահե Պետրոսյանն ու Արտյոմ Քոսյանն ինքնուրույն փորձում էին պարզել, թե դեղատնից վերցված հաբի մեջ ինչ պարունակությամբ C վիտամին կա:
Հ. Գ. 550 աշակերտ ունեցող Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը տեղեկացրեց, որ Ղազախստանի Ալմատի քաղաքում միջազգային Ժալուտիկովյան օլիմպիադայում ձեռք բերած մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով իրենց աշակերտներն այսօր կվերադառնան ՀՀ: