Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՅԵԼԻՆԵՐԸ

Հունվար 21,2009 00:00

\"\"Այսօր ՀՀ-ում շուրջ 330 դպրոց ունի իր կայքէջը: «Առավոտն» «այցելեց» դրանցից մի քանիսը:

Երգիծանք եւ հումոր

«Դասղեկն աշակերտին ուղարկում է ուսուցչանոց՝ ավագ ջոկատավարի մոտ, կոճգամ բերելու:

– Ինչի՞ համար է պետք,- հարցնում է ջոկատավարը:

– Լենինի բանը կախ ենք անում,- պատասխանում է աշակերտը»:

Այս իրական դեպք-անեկդոտով է սկսվում Իջեւանի թիվ 5 դպրոցի կայքէջի «Մեր դպրոցը» բաժինը: Այս դպրոցի կայքէջը, թերեւս, կհաղթեր «Ամենահումորով» անվանակարգում, եթե երբեւէ մեկի մտքով անցներ հայտարարել ՀՀ դպրոցների կայքէջերի մրցույթ:

«Հին» նորություններ

Հիշեցնենք, որ 2000-ից սկսած, ԱՄՆ Պետդեպի ֆինանսավորմամբ (գլխավորապես՝ «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության շնորհիվ) իրականացվեց «Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը», որի արդյունքում այսօր ՀՀ մոտ 1600 դպրոցից 330-ն ունի ինտերնետային կապ եւ իրար հետ կապակցված են վերոնշյալ ծրագրով:

«Առավոտի» փոքրիկ «մոնիտորինգը» ցույց տվեց, որ այդ կայքէջերի մեծամասնությունը վերջին անգամ թարմացվել է 3-5 տարի առաջ, նույնիսկ եթե դա ոչ թե հեռավոր մարզային դպրոցի կայքէջ է, այլ՝ Երեւանի ամենահայտնի կրթօջախներից մեկի:

Այդ առումով բավականին զավեշտալի վիճակներ էին ստեղծվել: Օրինակ, շատ դպրոցներ «Մեր աշակերտները» խորագրի ներքո դրել էին իրենց այդ՝ 2000-2005թթ., տարիների աշակերտների նկարները, կամ հենց առաջին էջի վրա «շտապ հաղորդագրություն» կար, որով հրավիրում էին բոլորին մեկ շաբաթից, ասենք՝ 2003 թ. մարտ ամսին նախատեսված միջոցառմանը: Համեմատաբար թարմ էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Չեխովի անվան թիվ 5 դպրոցի (որը մեկի փոխարեն երկու կայքէջ ուներ), «Անանիա Շիրակացի» ճեմարանի կայքէջերը: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ժամանակը կանգ էր առել 2007-08թթ.-ների վրա: Այնինչ, մարզային դպրոցներում նույնիսկ այդ աստիճանի թարմության կայքէջ չկար (համենայնդեպս՝ մեր ուսումնասիրածների մեջ):

Դպրոցներ կան, որ ճիշտ են հասկացել կայքէջի գաղափարը: Օրինակ, Ապարանի ակադեմիական (ֆիզմաթ) դպրոցի կայքէջում տեղադրված է «վիրտուալ լաբորատորիա», որտեղ տեղ են գտել նույն դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների ջանքերով ստեղծված մի քանի ֆիզիկական երեւույթների մոդելներ, դինամիկ պատկերներ, հոդվածներ: Եվ կա նշում. «Ներկայացված աշխատանքների դիզայնը թերեւս չի հավակնում առաջնային լինելու, սակայն կազմողները հուսով են, որ դրանք մեծ նշանակություն կունենան ուսուցման պրոցեսում: Աշխատանքներն անթերի լինելու հավակնություններ չունեն, հետեւաբար՝ կազմող խումբը երախտապարտ կլինի Ձեր դիտողությունների եւ առաջարկությունների համար»: Նույն դպրոցի կայքէջից բացվում են մի քանի այլ «էջիկներ», ասենք՝ 2001-2002թթ. ուստարվա «10 ա» դասարանի, կամ նույն ուստարվա «10 բ» դասարանի աշակերտ Ս. Խալաթյանի կայքէջերը: Ի դեպ, վերոնշյալ «10 ա»-ի կայքէջում կա «Մենք» բաժինը, որում աշակերտները ներկայացնում են իրենք իրենց: Նրանցից մեկը՝ Արշակը, ինքն իր մասին գրել է. «Զբաղվում է ոսկերչությամբ, քանզի սիրում է ոսկու փայլը, լսում է ռաբիս երաժշտություն, ռաբիսի կուռքը Թաթուլն է»:

Մշակութասեր դպրոցներ

Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի կայքէջը թարմացված չէ՝ այստեղ «Նորություններ» բաժնում տեղադրված է նույն դպրոցի տնօրենի եւ ֆիզիկայի ուսուցչի հեղինակած «Ուսուցչի աշխատանքի գնահատման համակարգը»՝ գրված 2003թ.-ին: Սակայն այս կայքէջում անչափ հետաքրքիր բաներ կան: Օրինակ, տեղեկանում ենք, որ «Դպրոցում դասավանդում են 102 ուսուցիչներ, որոնցից 8-ը՝ ստեղծագործող եւ 3-ը՝ հմուտ»: Էջում տեղադրված է նաեւ «ստեղծագործող ուսուցիչ» Սեյրան Մալխասյանի ստեղծագործություններից երկուսը: Մեջբերենք մի հատված դրանցից մեկից:

Եթե այսպես լիներ

Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,

Եթե սա չլիներ, չլիներ նա,

Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ,

Հողը պարարտ լիներ, փողն՝ անհմա,

 

Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ

Իմաստունների հետ՝ ծեր ու անչար,

Մի փակ դռան տեղում երե՛ք բացում լիներ,

Ու շտկվեր սխալը չարաչար…

Եթե ամպի տեղակ արեւը լաց լիներ,

Սեւանն անհարց լիներ ու բարձրաջուր,

Թե ուսումը՝ ձրի, օրենքն անմաղձ լիներ,

Հայը սատար լիներ համերկրացուն…

Մեկ այլ դպրոց՝ Օշականի Մաշտոցի անվան դպրոցը, մշակույթի մասին իր ուրույն պատկերացումներն ունի: Այս դպրոցի կայքէջում արվեստի հանդեպ հակումները դրսեւորվել են էջի ձեւավորման մեջ: Այս կայքէջում ճախրում են հրեշտակները, փայլատակում են աստղիկները, եւ քիչ է մնում իրենց բույրով խենթացնեն վարդերը…Պակասում են միայն կոտրած սրտիկները:

Կարկառուններ

Շատ դպրոցների կայքէջերում հպարտությամբ նշվում են իրենց հայտնի շրջանավարտների անունները: Օրինակ, Ալավերդու թիվ 6 (ներկայումս՝ օպտիմալացված եւ թիվ 5-ին կցված) դպրոցը հպարտանում է իր հետեւյալ շրջանավարտներով՝ «հանրահայտ դաշնակահար Ս. Նավասարդյան, երգչուհի Մ. Աբովյան, մոսկվաբնակ երգահան Ռ. Գալստյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, վիրաբույժ-պրոֆեսոր Համլետ Թամազյան»: Իսկ Տաշիրի թիվ 1 դպրոցում են սովորել «Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը» եւ… «սահմանադրական դատարանի նախագահ Սերժիկ Սերգեյի Ավետիսյանը»: Հետաքրքիր է՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղյա՞կ է այս մասին:

Իսկ ահա Երեւանի թիվ 105 դպրոցը ոչ միայն թվարկում է իր կարկառուններին, այլեւ տեղադրել է նրանցից ամենակարկառուն երեքի լուսանկարները՝ «Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Պետրոսյան Հռիփսիմե», «տաղանդավոր ջութակահար Այրումյան Արտյոմ» եւ «Հայլուրի մեկնաբան, «360 աստիճան» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Արտակ Հերիքյան»: Ինչպես ռուսներն են ասում՝ ճպՎ ոՏչՈՑօ, ՑպՎ Ռ ՐՈՊօ:

Հ. Գ. Խոստանում ենք չսահմանափակվել այսքանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել