Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԺԵ՞Ղ», ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հունվար 21,2009 00:00

Իրավունքի գերակայության սկզբունքը մերժում է հակաիրավական գործողություններ կատարելիս վկայակոչել ազգի, պետության բարձրագույն շահերը, բացառում է այդ սկզբունքից ամեն մի շեղում:

1991 թվականից ի վեր, երբ հաստատվեց հայկական անկախ պետականությունը, մի հիմնարար հարց հուզում է անխտիր բոլորին. ինչպիսի՞ պետություն ենք կառուցում, ո՞ր արժեքներն ենք պահպանում եւ որոնցի՞ց հրաժարվում, ի՞նչ նոր արժեքներ են մեզ անհրաժեշտ: Այլ կերպ ասած՝ ինչպես կառուցել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու համար կստեղծվեն արժանապատիվ, բարեկեցիկ կյանքով ապրելու իրական հնարավորություններ: Այդ հարցի պատասխանը տալիս է շատ այլ խնդիրների լուծման բանալին, որը հնարավորություն է ընձեռում դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին:

Պետականության վերականգնումից անմիջապես հետո ստեղծված պայմանները մեզանում ձեւավորեցին ուժեղ պետության անհրաժեշտության վերաբերյալ պատկերացումները: Այդ պատկերացումները թելադրված էին մի շարք գործոններով՝ պետականության կորցնելու պատմական փաստերով: Մյուս գործոնը պատերազմական վիճակն էր, որից կարելի էր բարեհաջող դուրս գալ միայն ուժեղ բանակ ունեցող պետություն ունենալով: Նույնը վերաբերում է նաեւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, երկրաշարժի հետեւանքները վերացնելու, փախստականների վիճակը բարելավելու խնդիրներին, որոնք կարող է լուծել տնտեսապես հզոր պետությունը: Այս գործոնների շարքում էական նշանակություն ունի նաեւ ԽՍՀՄ-ի ֆենոմենը, որը, լինելով հզոր ռազմական ներուժ ունեցող գերտերություն, խորհրդային մարդկանց մեջ ներարկում էր հզոր պետության գաղափարը:

Խորհրդային տարիներին հզոր պետության գաղափարը դարձել էր գերիշխող: Մասնավոր սեփականության վերացումից, քաղաքական կուսակցությունների եւ ընդդիմադիր կարծիքների արգելումից, քաղաքացիական ազատությունների ճնշումից, բանվորական եւ գյուղացիական շարժումների ջախջախումից հետո իշխանությունը դառնում է ամբողջատիրական, հասարակությունը՝ որպես անհատական ու կոլեկտիվ իրավունքների եւ շահերի ինքնակառավարվող բարդ համակարգ, դադարում է գոյություն ունենալ: Պետությունը դառնում է միակ գործատուն ոչ միայն պետական ապարատի ծառայողների, այլեւ բոլոր մնացած մարդկանց համար: Անհատը վերածվում է հզոր մի մեքենայի պտուտակի, որի բոլոր տեսակի հոգսերը իր վրա է վերցնում պետությունը: Անհատը չունի իրավունքների եւ ազատությունների կարիք, ինչպես ասում են՝ «ըստ սահմանման», որովհետեւ պետությունը ապահովում է բոլորին՝ ամեն ինչով: Այս եւ մի շարք այլ գործոնների ազդեցությամբ ձեւավորվել է սովետական մարդու մի հոգեբանություն, որն անհատին զրկում է իր ճակատագրի հանդեպ ունեցած անձնական պատասխանատվությունից, իսկ հզոր, ուժեղ պետության գաղափարը ընկալվում է իբրեւ ինքնին հասկանալի, անհրաժեշտ եւ անխուսափելի: Այսպիսի ընկալումը պարարտ հող է նախապատրաստում էտատիզմի, ավտորիտարիզմի, անձի պաշտամունքի, իրավունքների ու ազատությունների ճնշման համար: Պետական շահերը նույնանում են հասարակական եւ ազգային շահերի հետ, իսկ իշխանությունը վերածվում է սրբության եւ դառնում անվերահսկելի:

Նախ փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչի՞ համար է ստեղծվում պետությունը, ի՞նչ հիմնական խնդիրներ այն պետք է լուծի: Պետություն ստեղծելով՝ մարդիկ ցանկանում են առաջին հերթին լուծել մեկ հիմնական խնդիր. ապահովել իրենց անվտանգությունը՝ պաշտպանել ինչպես արտաքին վտանգներից, այնպես էլ հասարակության մեջ ստեղծել ներքին կարգուկանոն: Սակայն այդ խնդրի լուծումը ոչ թե նպատակ է, այլ միայն միջոց: Նպատակն այն է, որ պետություն ստեղծելով՝ մարդիկ ակնկալում են դրա շնորհիվ ունենալ այնպիսի պայմաններ, որոնցում կապահովվեն իրենց ազատությունը, իրավունքները եւ երջանիկ կյանքը: Հետեւաբար, ոչ մեկը, մարդկանց որեւէ խումբ կամ որեւէ կազմակերպություն եւ, առաջին հերթին, պետությունը, իրավունք չունեն մարդուն զրկել իր անհատականությունից, ինքնուրույնությունից ու ինքնավարությունից, եւ ինչպես պետությունն է ինքնիշխան, այնպես էլ մարդն է ինքնիշխան եւ կարող է ու պետք է տնօրինի իր գործողությունները: Դեռեւս Կանտը գտնում էր, որ յուրաքանչյուր ոք ունի «ներքին ազատություն», ըստ որի՝ այդ ազատությունը նրա հիմնական իրավունքն է եւ ոչ մի արտաքին իշխանություն չպետք է նրան պարտադրի երջանկության մասին պատկերացումներ, համոզմունքներ եւ իդեալներ:

Ինքնըստինքյան հասկանալի այս դրույթը գործնականում չի կենսագործվում, որը պայմանավորված է պետական իշխանության առանձնահատկություններով: Դժբախտաբար, բոլոր ժամանակներում եւ ամենուր իշխանությունը չարաշահվել է: Իշխանություն ունեցողները միշտ ձգտել են իրենց իշխանությունը որքան հնարավոր է երկարաձգել, իսկ դա ապահովելու համար ձգտել են բացառիկ, անսահմանափակ, ուժեղ իշխանության: Իշխանություն կրողները հավանաբար ունեն այն համոզմունքը, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են հասնել իշխանության, իրենցից ոչնչով լավը չեն, հետեւաբար՝ իրենք պետք է պաշտպանեն իրենց եւ շարունակեն իշխանությունը պահել իրենց ձեռքերում: Իսկ դրան հասնելու համար իշխանությունը դիմում է տարբեր միջոցների, որոնք հաճախ վերածվում են այլասերված դրսեւորումների, առավել եւս, որ իշխանության ձգտումները միջոցների ընտրության հարցում միշտ չէ, որ գտնվում են բարոյականության սահմաններում:

Այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում եւ, բնականաբար, բոլոր ժամանակներում մարդիկ պայքարել են անսահմանափակ եւ անվերահսկելի իշխանության դեմ՝ դրանով փորձելով ապահովել իրենց ազատությունը եւ պաշտպանել իրավունքները:

Ինչպե՞ս կարելի է պայքարել անսանձ իշխանության դեմ, ինչպե՞ս սահմանափակել իշխանության ոտնձգությունները: Ուժեղ պետության վերոհիշյալ պատկերացումները հիանալի պայմաններ են ստեղծում իշխանության այլասերման, անբարո իշխանության ձեւավորման համար եւ, ի վերջո, հանգեցնում են ամբողջատիրական քաղաքական վարչակարգերի: Ընդհանուր առմամբ, այդպիսի պատկերացումները հիմնավորապես հակասում են պետության վերաբերյալ ժամանակակից պատկերացումներին, որոնց հիմքում ընկած է իրավունքի գերակայության սկզբունքը եւ իրավական պետության հայեցակարգը: Այսօր քաղաքակիրթ աշխարհում ուժեղ պետությունը պատկերանում է միայն ու միայն իբրեւ իրավական պետություն եւ ցանկացած իշխանության՝ իրավունքից եւ օրենքից վեր կանգնելու նկրտումները իրավական պետությունում որակվում են իբրեւ կամայականություն եւ հակապետական գործունեություն: Իրավունքի գերակայության սկզբունքը մերժում է հակաիրավական գործողություններ կատարելիս վկայակոչել ազգի, պետության բարձրագույն շահերը, բացառում է այդ սկզբունքից ամեն մի շեղում:

Հարկ է նշել, որ իրավունքի առաջնայնության նկատմամբ նման դիրքորոշումը ամենեւին խորթ չէ մեր ազգին եւ այն փոխառնված չէ ուրիշներից: Ինչպես եւ մյուս ազգերը, այնպես էլ հայ ժողովուրդը, միշտ ապավինել է արդարությանը եւ միշտ երազել ապրել այնպիսի հասարակարգում, ուր պաշտպանվում է արդարության սկզբունքը: Արդարության, իսկ ավելի ստույգ՝ բարոյական արդարության սկզբունքը արմատացած է մեր հոգեւոր եւ նյութական մշակույթում, դրա ջատագովներն են եղել բոլոր դարաշրջանների մեր մտավորականները, այն վաղուց դարձել է հասարակական կեցության գնահատման չափանիշ: Այլ բան է, որ բոլոր ժամանակներում իշխանությունների (սեփական, թե օտար) չարաշահումների պատճառով նվազել է արդարություն հաստատելու նկատմամբ հավատն ու վստահությունը, բայց այն չի վերացել ու անհետացել:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել