Սյունիքի մարզում գործազրկության մակարդակն աճել է
Հայաստանի ամենահարավային մարզում 2008 թվականին գրանցվել է 14.1% գործազրկություն՝ 2007- թվականի 13.1%-ի փոխարեն: Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ գործազրկության մակարդակով Սյունիքը Հայաստանում առաջինն է, 2009 թվականին էլ այդ ցուցանիշը կշարունակի աճել՝ հիմնականում պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ճգնաժամի հետեւանքով մարզի հատկապես խոշոր լեռնահանքային ձեռնարկություններում եւ սրանց արբանյակ կառույցներում իրականացվում են աշխատողների զանգվածային կրճատումներ:
Կապանում գործազրկության մակարդակը 2008 թ. կազմել է 13.5%, Սիսիանում՝ 11.9%, Մեղրիում՝ 5.2%: Ամենաբարձր ցուցանիշը մարզում Գորիսում է՝ 16%:
Սյունիքում ՀՀ կառավարության «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով իրականացվել է 55 ծրագիր՝ ճանապարհների, առուների, ջրատարների մաքրում, շրջակայքի բարեկարգում, հենասյուների ներկում եւ այլն, ընդհանուր՝ 90 միլիոն դրամ: Կապանի շրջանում իրականացված 16 ծրագրի մասնակցել է 230 գործազուրկ, Գորիսում 394 մարդ՝ 25 ծրագրի, Սիսիանում իրականացված 11 ծրագրի մասնակցել է 222 գործազուրկ, իսկ Մեղրիում 4 ծրագրի՝ 66 մասնակից: Ի դեպ, այս ծրագրերի մասնակիցներն ավելի շատ գյուղական համայնքներից են, քան քաղաքային՝ 915 մասնակցից 549-ը գյուղաբնակ է:
Աշխատանք փնտրողներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու նպատակով կառավարության միջոցներով վերաորակավորման դասընթացներ են անցկացվել զբաղվածության մարզային կենտրոնում: Դասընթացներին մասնակցել է 114 գործազուրկ, որից 8-ը՝ հաշմանդամ: Մասնակիցների 40%-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի: Զբաղվածության կենտրոնում գրանցված 16 քաղաքացի աշխատանքի է տեղավորվել «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում» ծրագրով:
Բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր Սյունիքում իրականացվում են, սակայն մարզում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ բարձր եւ աճել, կրճատումները դեռ շարունակվում են: Կապանում քիչ չեն դեպքերը, երբ նույն ընտանիքի գրեթե բոլոր աշխատող անդամները հայտնվել են գործազուրկների շարքերում: Ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով պետք է պահեն իրենց ընտանիքները սյունեցիները: Այս հարցի պատասխանից նույնիսկ իրենք են վախենում: Բոլորը նույն վատ կանխատեսումն ունեն. Հայաստանի հարավային դարպաս համարվող մարզում կավելանա արտագաղթողների թիվը, կաճեն գողությունները եւ այլ հանցագործությունների դեպքերը, եթե Հայաստանի կառավարությունը առաջիկայում միջոցներ չձեռնարկի:
Հ. Գ. Քիչ հավանական է, որ սյունեցիները մխիթարվեն, սակայն Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայությունը մարզում մեղմ ձմեռ է կանխատեսում: Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը տեղեկացրել է, որ չնայած ցուրտ դեկտեմբերին, ձմռան մյուս երկու ամիսներին ջերմաստիճանը կբարձրանա՝ հովտային շրջաններում միջինը՝ -2-3, լեռնային շրջաններում՝ -6-7 աստիճան: