Դեռ խորհրդային տարիներից Նոյեմբերյանի տարածաշրջանում տարածված է աշխատանքային միգրացիան: Հիմա «խոպանչիների» թիվն անհամեմատ ավելացել է:
Դա իր բազմաթիվ հիմնավոր պատճառներն ունի: Գյուղատնտեսական տարածաշրջանում ոռոգման ջրի, թունաքիմիկատների եւ պարարտանյութերի պակասը, մթերքների իրացման շուկայի բացակայությունը (Բագրատաշենի շուկան փակ է, Երեւանն էլ հեռու է՝ 200 կմ), վերամշակող ձեռնարկությունների սակավությունը գրեթե անիմաստ են դարձրել հողագործությամբ զբաղվելը: Այս տարածքում անասնապահության հիմնական ճյուղն անտառային խոզաբուծությունն էր: Անցյալ տարի աֆրիկյան ժանտախտի համաճարակը տարածքում գրեթե ամբողջութամբ վերացրեց խոզերի գլխաքանակը: Այս ամենի հետեւանքով ավելացել են գործազուրկները: Նրանց զգալի մասը հարկադրված է ապրուստ որոնել արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում: Ամանորը սեփական տանը դիմավորելուց հետո ոմանք կրկին բռնեցին Ռուսաստանի ճամփան: Մյուսներն էլ չվող թռչունների նման, օրերը տաքանալուն պես, մարտ-ապրիլ ամիսներին կթռչեն հյուսիս: Ամեն գարուն, խոպանչիներին տեսնելով, տեղի ռուսներն ավանդաբար ասում են՝ չՐՈփՌ տՐՌսպՑպսՌ. Սակայն ապրուստի եւ հաջողության ակնկալիքով Ռուսաստան մեկնածներից շատերին է հիասթափություն սպասում:
Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչ, բանվորական տարբեր մասնագիտությունների տեր Ջոնիկ Գիշյանն առաջին անգամ Ռուսաստան մեկնեց երկու տարի առաջ: «Ստիպված Ռուսաստան գնացի, որովհետեւ այստեղ մշտական աշխատանք չունեի, չէի կարողանում ընտանիքս պահել: Խաբեցին, չապահովեցին իրենց խոստացած պայմանները, չգրանցեցին: Մոսկվայի մերձակայքում էինք, Վնուկովո օդանավակայանից 18 կմ հեռավորության վրա: Մեզ Կոթի գյուղից մի տղա էր կանչել, քոթեջներ էինք կառուցում: Փաստորեն, կանչողն այնտեղ իրավունքներ չուներ, այնտեղ «ոչ մի բան էր», ուրիշի աշխատանքի համար էր կանչել: Ուրիշն էլ, բնականաբար, մեզ տեր չէր լինի, որովհետեւ պիտի կանչողը տեր լինի: Գրանցում չունենալու պատճառով թաքնվում էինք ռուս ոստիկաններից: Եղել է ժամանակ, երբ մեզ ոստիկանություն են տարել, գործատերն եկել է՝ մեզ հետ վերադարձրել: Սակայն դա մեզ համար ապահովություն չէր: Հաճախ թաքնվել ենք անտառում, սպասել այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանները կհեռանան: Աշխատանքով, շինանյութով նորմալ չեն ապահովել: Այդ պատճառով չկարողացանք կարգին գումար վաստակել: Իրենց մոտ ոչ մի կոպեկ փող չեմ աշխատել, աշխատածս գումարով սննդի համար կուտակած պարտքերն եմ փակել: Ստիպված հեռացա ուրիշի մոտ, որպեսզի գոնե տուն վերադառնալու փող աշխատեմ: Կողբեցի մի տղայի մոտ աշխատեցի: Նրա մոտ վաստակեցի 350 դոլար, որը տուն եմ ուղարկել: 250 դոլար էլ նրանից պարտք եմ վերցնել՝ Հայաստան վերադառնալու համար»,- հիշում է Ջոնիկը:
Չնայած առաջին անհաջողությանը, հաջորդ տարի Ջոնիկը կրկին փորձել է բախտը: Սկզբից աշխատանք են ունեցել: Հետո գործը նվազել է, Ջոնիկն էլ հիվանդացել է թոքերի հիվանդությամբ, վերադարձել Հայաստան: Երկու ամիս բուժվել է Աբովյանում, այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է: Հիմա բժիշկները նրան մինչեւ մեկ տարի արգելել են աշխատել: Հիվանդությունը նաեւ ընտանեկան դրամայի պատճառ է դարձել: Նրա ընտանիքը տուն չունի, կինը եւ 9 ու 7 տարեկան աղջիկները բնակվում են մեկ սենյականոց վագոն-տնակում: Բժիշկները հիվանդության պատճառով նրան խորհուրդ են տվել երեխաների հետ նույն սենյակում չբնակվել: Այժմ Ջոնիկը մոր եւ չամուսնացած քրոջ հետ ապրում է հայրական տանը, արդեն մեկուկես տարի չի կարողանում լինել իր ընտանիքի հետ: Ջոնիկի կինը՝ Մարինեն, ընտանիքին բնակարան հատկացնելու խնդրանքով գրավոր դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Ջոնիկը, չնայած խոպանի հետ կապված մղձավանջին, չի բացառում, որ մի օր հարկադրված կլինի կրկին արտագնա աշխատանքի մեկնել. «Երբ լսում եմ «խոպան» բառը, մարմինս փշաքաղվում է: Ես չեմ ուզում գնալ, միայն այստեղ աշխատանք լինի: Բայց հաշմանդամության ընդամենը տասը հազար դրամ թոշակ եմ ստանում: Հարկադրված կլինեմ նորից Ռուսաստան գնալ, որովհետեւ այստեղ աշխատանք չկա»: