2008թ. դեկտեմբերի 15-ին Նոր Նորք համայնքից գրություն էր ուղարկվել քաղաքապետարան՝ իմ խնամակալության տակ գտնվող երեխաներին հաշվառման վերցնելու մասին:
Այդ գրությունը պետք է ուղարկվեր դեռ մեկ տարի առաջ, բայց 2008թ. աշնանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում պարզեցի, որ այն տեղ չի հասել: Տեղեկանալով այդ մասին՝ Նոր Նորքի թաղապետարանում զարմացան, բայց երբ համոզվեցին, որ իրենք են թերացել, ներողություն խնդրեցին եւ պատրաստեցին նոր գրություն: Ունենալով նախորդի դառը փորձը՝ որոշեցի այս անգամ հետեւողական լինել: Դեկտեմբերի վերջին, տարբեր օրերի երկու կամ երեք անգամ զանգեցի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության վարչություն, ներկայացա եւ խնդրեցի ինձ տեղյակ պահել՝ գրությունը ստացե՞լ են, թե՞ ոչ: Ինձ հետ խոսող տիկինը (կարծում եմ՝ վարչության պետը) պատասխանեց, որ չեն ստացել:
Հունվարին նորից գնացի Նոր Նորքի թաղապետարան: Հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի քարտուղար պարոն Վանեսյանն իսկապես զարմացավ, քանի որ քաղաքապետարանից զանգել էին իրեն եւ ճշտել ուղարկված գրության՝ ակտի համարը: Համոզված, որ արդեն գրությունը ստացել են, զանգեցի քաղաքապետարանի նշված վարչություն, բայց դարձյալ ստացա բացասական պատասխան: Դրա մասին տեղյակ պահեցի պարոն Վանեսյանին: Քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, պարոն Վանեսյանը հաջորդ օրը զանգեց ինձ եւ տվեց գրության ելքի համարը: Հունվարի 16-ին քաղաքապետարանի ընդհանուր բաժնից հեռախոսով ճշտեցի, որ գրությունը ստացվել է դեկտեմբերի 15-ին եւ 16-ին էլ փոխանցվել երեխաների իրավունքների պաշտպանության վարչություն: Նրանք ինձ տվեցին նաեւ գրության մուտքի համարը: Զանգեցի վարչություն (հեռ.՝ 514-189), ներկայացա եւ ուզում էի խնդրել մուտքի համարով ստուգել գրության առկայությունը, սակայն այն նույն տիկինը բարկացած տոնով ասաց, որ գրությունը չեն ստացել եւ լսափողը կախեց, առանց թողնելու, որ խոսքս ավարտեմ: Դրանից հետո երկու անգամ զանգեցի, բայց, երեւի հասկանալով, որ զանգողը ես եմ, պատասխանող չեղավ: Քիչ անց նորից զանգեցի, հիշյալ տիկնոջ հետ խոսակցությունս շատ կարճ էր.
– Տիկին, ես խոսում էի, դուք հեռախոսը վայր դրեցիք…,-սկսեցի ես, բայց խոսքս կիսատ մնաց:
– Լավ արեցի, եւ այլեւս այս համարով չզանգես,- ճչաց տիկինն ու նետեց լսափողը:
Երեւի տիկինը մոռացել էր, որ ես իր տուն չէի զանգել: Կարծում եմ, մեղմ ասած, դաստիարակություն չստացած նման մարդը չի կարող եւ իրավունք չունի զբաղվելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով: