Մեքենայի զննումը նշանակում է բերման ենթարկե՞լ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Փետրվարի 23-ին Ջհանգիրյանների՝ Երեւան շարժվող «զինված խմբի» մեքենաները զննելու եւ ուղեւորներին բերման ենթարկելու հրահանգ տված վկա Կարեն Բաբակեխյանից (6-րդ վարչության պետի տեղակալ) պաշտպանները հետաքրքրվեցին. Ջհանգիրյաններին եւ նրանց ուղեկցողներին բերման ենթարկելու հրահանգ իջեցնելիս՝ նա ո՞ր օրենքով է առաջնորդվել՝ օպերատիվ հետախուզական գործունեությա՞ն, թե՞ ոստիկանության մասին օրենքով: «Ոստիկանության մասին օրենքով, ստացված օպերատիվ տեղեկատվության արդյունքում» (գաղտնի գործակալից ստացված – Լ. Ս.)՝ եղավ պատասխանը: Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ դրա հիման վրա չի կարելի բերման ենթարկել, քանի որ դա կարգավորվում է Քրեական դատավարության օրենսգրքով եւ ոչ թե «Ոստիկանության մասին» օրենսդրությամբ: «Եթե ինձ բացատրեք, ապացուցեք, իմ դիպլոմները կպատռեմ»,- խոստացավ Գագիկ Ջհանգիրյանը: Կարեն Բաբակեխյանն ասաց, որ Ջհանգիրյանների դիմադրություն ցույց տալու փաստը հաշվի առնելով եւ գաղտնի հրամաններով են նրանց բերման ենթարկել: Ջհանգիրյանը, մի կողմ թողնելով «գաղտնի հրամանները», նկատեց, որ ցանկացած գործողություն կատարելիս ոստիկանությունը պետք է առաջնորդվի օրենքով: Գ. Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հիշեցրեց վկային, որ նախորդ դատական նիստին նա ասել էր՝ Ջհանգիրյաններին եւ նրանց ուղեկցողներին պետք է բերման ենթարկեին՝ անկախ զենքի առկայությունից: Վկան շարունակելով պատասխանել պաշտպանների հարցերին՝ ասաց, որ բերման ենթարկելու որոշում չի եղել: Հետո ավելացրեց, որ բերման ենթարկելու պատճառը հնչած կրակոցներն են եղել. պետք է պարզեին՝ որտեղի՞ց է եղել կրակոցը, Ջհանգիրյանը հո չի՞ ցանկացել ինքնասպանություն գործել: «Թե չէ ինչո՞ւ պետք է բերման ենթարկեինք»,- զարմացավ վկան: Ջհանգիրյանը ռեպլիկի իրավունքով արձագանքեց՝ երազում կտեսնեք: Պաշտպանն էլ զարմացավ, որ իրենք 11 ամիս փորձում են պարզել, թե ինչու են Ջհանգիրյանին բերման ենթարկել ու չեն հասկանում: Կ. Բաբակեխյանի պատասխանների միջեւ մի քանի անգամ հակասություններ եղան. ի վերջո՝ կրկին պնդեց, որ առաջնորդվել է «Ոստիկանության մասին» օրենքով՝ ապօրինի զենք, զինամթերքի առկայության մասին տեղեկատվությամբ, եւ զինդատախազի տեղակալին բերման ենթարկել՝ չունենալով գլխավոր դատախազի համաձայնությունը, ինչը պարտադիր է: Գ. Ջհանգիրյանը փաստեց, որ այդ դեպքում իրեն ապօրինի են բերման ենթարկել եւ ապօրինաբար էլ պահում են անազատության մեջ: Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց 6-րդ վարչության պետ Հունան Պողոսյանից ստացված գրության վրա, ըստ որի՝ ոստիկանությունը, բերման ենթարկելիս, ղեկավարվել է «Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ եւ 19-րդ հոդվածներով, ինչպես նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով: Վերջինս նախատեսում է ձերբակալություն՝ կատարված հանցագործության կասկածանքի վերաբերյալ հաղորդման դեպքում: Թեեւ Բաբակեխյանը համամիտ էր շեֆի գրության հետ, սակայն ասաց, որ ձերբակալման հետ իրենք գործ չունեն: Լ. Սահակյանը նաեւ փորձեց ճշտել՝ մեքենան զննելու գործողության մեջ մտնո՞ւմ է բերման ենթարկելը: Այո՝ եղավ պատասխանը: Նաեւ հավելեց, որ Ջհանգիրյանների մասով հանցագործության մասին հաղորդում չի եղել:
Հ. Գ. Երեկ Երեւանի քրեական դատարանում հետաձգվեց Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործի դատաքննությունը՝ վերջինիս առողջական խնդիրների պատճառով: