Չնայած դրան՝ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ իրենց մարզում շինարարների, բարձրակարգ խոհարարների, մատուցողների, բարմենների ու գիդերի պահանջարկ կա:
Այս օրերին Վանաձորում գործազուրկների բանակը համալրվել է եւս մի քանի հարյուր մարդով: Եվ որքան էլ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի պատասխանատուները գործազրկության աճը չեն պայմանավորում համաշխարհային տնտեսական ճգնաժամով, սակայն ակնհայտ է, որ պատճառը հենց դա է: Վանաձորի երկու խոշոր ձեռնարկություններից՝ Քիմպրոմից եւ «Ավտոգեն Մ» գործարանից բազմաթիվ աշխատակիցներ արդեն կրճատման տակ են ընկել: Այս երկու ընկերություններն էլ իրենց արտադրանքի հիմնական մասն արտահանում են ՌԴ:
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալների՝ 2009-ի հունվարի 1-ի դրությամբ գրանցվել է 6091 աշխատանք փնտրող, ինչը 398-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում, աշխատանք փնտրողների թվի ավելացումն արտառոց երեւույթ չհամարեց. «Ցուցանիշը թեեւ ավելացել է անցած տարվա համեմատությամբ, բայց նախանցած տարվա համեմատությամբ բավականին ցածր է: Դա առանձնապես կապված չէ տնտեսական ճգնաժամի հետ: Սա պարզապես ներկայացնում է տնտեսական իրավիճակը եւ ցուցադրում է բնակչության զբաղվածության եւ գործազրկության մասին օրենքի կիրառման հստակությունը: Այսինքն՝ օրենքի մեջ այսպիսի կետ կա, եթե քաղաքացին 6 ամսվա մեջ գոնե մեկ անգամ չի դիմել զբաղվածության պետական ծառայություն՝ աշխատանք ստանալու համար, ապա մեր ծառայությունը պարտավոր է նրան հանել հաշվառումից: Մենք նախորդ 2 տարիներին այդ կարգի մարդկանց հանել ենք հաշվառումից, քանի որ այդ քաղաքացիները կորցրել են իրենց հետաքրքրությունը կենտրոնի նկատմամբ, կամ էլ նրանք հիմա թաքնված-զբաղված են»: Կենտրոնում գրանցված քաղաքացիների թվի աճը տնօրենը պայմանավորեց նաեւ սեզոնային աշխատանքների գործոնով, արտաքին շուկայում պատվերներով աշխատող ձեռնարկությունների աշխատանքով:
Կենտրոնի տնօրենը մեզ հետ զրույցում տվեց «գործազուրկի» մասնագիտական եւ իրավական ձեւակերպումը. «Գործազուրկ է այն քաղաքացին, որը դիմել է զբաղվածության կենտրոն՝ աշխատանք փնտրելու առումով եւ ստացել գործազուրկի կարգավիճակ, չի ստանում կենսաթոշակ: Սրանից ելնելով՝ կարելի է իմանալ գործազրկության ցուցանիշը, որը ես ասում եմ: Իսկ գործազուրկ եւ չաշխատող հասկացությունները տարբեր են: Եվ ես համամիտ չեմ, որ դրանց թիվը զգալի տարբեր կլինի»: Այսինքն՝ կենտրոնի տնօրենի ասածներից կարելի է ենթադրել, որ աշխատանք չունեցող այն վանաձորցիները, որոնք գրանցված չեն կենտրոնում, գործազուրկ չեն:
Նշենք, որ Վանաձորում գրանցված գործազուրկների 70%-ից ավելին կանայք են, հիմնականում՝ 34-45 տարեկան: Գրանցվածների մեծ մասն ընդհանուր միջնակարգ եւ միջին մասնագիտական կրթություն ունեն: Աշխատանքի մեծ պահանջարկ ունեն հիմնականում բանվորները, շինարարության ոլորտի մասնագետները: «Գործատուներին մեր կատարած այցելությունների արդյունքում մենք կարողացանք ստանալ աշխատաշուկայի ռեալ պատկերը: Առաջարկն ու պահանջարկը երբեմն չեն համապատասխանում: Մեզնից ուզում են մասնագետներ, որոնք չունենք: Այստեղ կարեւոր խնդիր ունենք, միջին մասնագիտական համակարգը վերափոխել շինարարական ոլորտի մասնագետներով: Այդ նպատակով ստեղծվեց թիվ 1 արհեստագործական ուսումնարանը, որտեղ էլ կպատրաստվեն շինարարության մասնագետներ: Մեր այցերի եւ վերլուծությունների արդյունքում պարզ դարձավ նաեւ, որ լուրջ պահանջարկ կա տուրիզմի բնագավառի մասնագետների: Լոռու մարզը հարուստ է պատմաճարտարապետական կոթողներով, եւ դրանք պետք է ներկայացնել Հայաստան եկած զբոսաշրջիկներին: Տուրիզմի զարգացման առումով առհասարակ աշխատանքներ շատ կան, լուրջ ներդրումներ են պետք: Եվ լուրջ աշխատանքներ տանելու դեպքում նոր աշխատատեղեր կստեղծվեն՝ բարձրակարգ խոհարարների, մատուցողների, բարմենների, գիդերի: Իսկ, առհասարակ, շատ գործատուների համար կարեւոր է համակարգչային գիտելիքների առկայությունը»,- ասաց կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: