Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎՏԱՐՎԵՆ «ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ»

Հունվար 21,2009 00:00

\"\"ՀՀ կառավարությունը կենտրոնը քիչ-քիչ իրացնում է \"\"

Ընդամենը 3 ամսից Զավարյան, Խորենացի, Նար-Դոսի փողոցների հարյուրավոր բնակիչներ «հանուն պետական շահի» կվտարվեն իրենց բնակարաններից ու կհամալրեն նույն ճակատագրին արժանացած հազարավոր անտուն ցուցարարների շարքերը: Կառավարության պատասխանատուները Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Տերյան փողոցների ու Դալմայի այգիների բնակիչների պահանջները դեռ չբավարարած, ծրագրել են նոր գոտիներ իրացնել: Վերոնշյալ հասցեների բնակիչները, վտարվածների խնդիրներն աչքի առաջ ունենալով, արդեն իսկ խուճապի են մատնվել:

Խորենացու թիվ 50 տան բնակիչ Հենրիկ Պողոսյանը վերջերս Երեւանի քաղաքապետարանից նամակ է ստացել, որտեղ գրված էր, որ կառավարության 2007 թվականի 347-Ն որոշման համաձայն, իր տան տարածքը ճանաչվել է պետական գերակա շահ: Այդ նամակին հաջորդել է եւս մեկ նամակ, որտեղ նշված է եղել, որ տարածքի ձեռք բերողը «Արդավի» ընկերությունն է: Նշենք, որ այդ հասցեում հողատարածքների մի մասն էլ գնել է «Սկառտա» ՍՊԸ-ն: «Համարյա մեկ դար է՝ իմ տունը կա: Ես 1940 թվից այդտեղ եմ ապրում: Բոլոր սեփականության փաստաթղթերը կան: Հիմա էլ ինչ-որ ՍՊԸ, որը 2003-ին է ստեղծվել ու ոչ մի նալոգ չի տվել, եկել է ու ասում, որ ի՞նքն է սեփականատերը, իբր՝ հերիք է դուք ապրեք, հիմա մենք ենք ապրելո՞ւ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Հ. Պողոսյանը: Նրա պատմելով՝ «Արդավիի» ներկայացուցիչներն արդեն այցելել են իրենց տուն ու չափագրումներ կատարելու համար փորձել ներս մտնել, սակայն տանտերը նրանց թույլ չի տվել, ընկերության ներկայացուցիչներն էլ ստիպված դրսից են չափագրումներ կատարել, տունը նկարել եւ հեռացել: Բնակչի խոսքերով՝ «Այդ ինչպե՞ս եղավ, որ քաղաքապետարանը մեր տարածքը, առանց մեզ տեղեկացնելու, աճուրդի է դրել, կարող է՝ մենք էլ էինք մասնակցում: Քաղաքապետարանն այս հարցին պատասխանում է՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն ենք տվել: Իսկ ինչո՞ւ օտարման մասին որոշումը նամակով ուղարկում են, իսկ աճուրդի մասին չեն ուղարկում»:

Զավարյան 37 հասցեի բնակիչ Կարապետ Ղազարյանի խոսքերով. «Թե ինչ սկզբունքով են գնահատել՝ անհասկանալի է: Մեր թաղամասում 1քմ-ն արժե $1700, իսկ իրենք $300-600 են գնահատել: Մեզ ներկայացրած պայմանագրում պատճառաբանում են, իբր բնակարանների գներն իջել են, իսկ իրենք գնահատել են 1998-ի տների գներով: Բավական չէ կիսատ-պռատ են չափումներ անում, ընդհանուր մակերեսից պակաս են հաշվում, դեռ մի բան էլ գինն են իջեցնում»: Բնակիչների ներկայացմամբ՝ չափագրող «Կառուցագետ» ընկերությունը հենց սկզբից խախտումներ է անում, օրինակ՝ հաշվի չեն առնում օժանդակ շինությունները կամ տան ներսի մասն են ընդամենը չափում, այնինչ, գրեթե բոլոր տների պատերի հաստությունը 60-70 սմ է կազմում, ստացվում է՝ հաշվարկելիս մոտ 400 սմ էլ այդտեղ են պակաս հաշվում: Զավարյան փողոցի բնակիչներից մեկի պատմելով՝ մի քանի տարի առաջ իր տունը գնել է 60 միլիոն դրամով, իսկ չափագրումներից հետո այն գնահատել են 40 միլիոն. «Այսինքն՝ փոխհատուցում այդքան պետք է տան: Ես դուրս չեմ գա իմ տնից: Սա թալան է: Մնում է միայն կացիններով պայքարենք մեր տան համար: Բացի այդ, ամբողջ կյանքում կենտրոնում ենք ապրել, իսկ իրենց տված գումարով գյուղերում միայն կարող ենք տուն առնել»: Բնակիչների հավաստմամբ՝ գնահատող ընկերությունն անգամ շինանյութի գներն է ըստ իր ցանկության հաշվարկել. «Շինանյութը 1998 թվականից 400 անգամ թանկացել է, թանկ ու կրակ գներով հազիվ վերանորոգել ենք, իսկ ինչ-որ մեկի կատարածուները եկել են ու անհասկանալի պատճառաբանություններով 98 թվի գներով են հաշվում»:

«Առավոտի» հետ զրույցում Խորենացու թիվ 52 տան բնակիչը վստահեցրեց, որ իր 3 հարկանի տունը գնահատել են ընդամենը 24 միլիոն դրամ. «Ես այդ տան վրա իրենց գնահատածից մի քանի անգամ ավելի եմ ծախսել: Էլ չեմ ասում, որ իմ սեփական հողատարածքի ընդհանուր մակերեսն էլ են պակաս հաշվարկել: Ինչ ուզում՝ անում են, ոնց ուզում՝ չափում են»:

Նշենք, որ վերոհիշյալ հասցեները գտնվում են «Գումի շուկայի» հարեւանությամբ, եւ բնակիչների մեծ մասը իր տան մի փոքր հատվածն օգտագործում է որպես խանութ: Ինչպես բնակիչներն են ասում՝ տարածքն իրացնելով՝ կառավարությունը հարյուրից ավելի ընտանիքների անգործության եւ սովի կմատնի. «50-ն անց մարդ ենք: Մեզ էլ որտե՞ղ գործի կընդունեն: Մեզանից շատերը մսի վաճառքով են զբաղվում ու ընտանիք պահում: Այնպես են անում, որ բոլորս հրաժարվենք Հայաստանի քաղաքացիությունից ու գնանք այլ երկրներ: Մեզ հանում են, որ իրենց էլիտարնե՞րը սարքեն»: Նկատենք, որ այդ հատվածում կան բնակիչներ, որոնց տները տարիներ ի վեր վերանորոգված չեն եւ գրեթե անմխիթար վիճակում են, ուստի, բնակիչների խոսքերով՝ նրանք գուցե համաձայնեն փոխհատուցման հետ: Սակայն նշենք, որ նշյալ հասցեներում գերակշռում են 2-3 հարկանի վերանորոգված տները, ինչի պատճառով էլ բնակիչները կառավարությունից պահանջում են անհատական մոտեցում եւ ճիշտ գնահատում: «Առավոտի» հետ զրույցում բանկիչները վստահեցրին, որ գրավոր դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ պահանջել արդարացի մոտեցում. «Եթե մեր պահանջը չկատարեն՝ մենք բոլորս համախմբված ցույցի ենք դուրս գալու: Իսկ եթե դատական կարգով որոշեն մեզ դուրս շպրտել, պայքարելու ենք, անգամ զինվելու ենք, որպեսզի մեր սեփականությանը տեր կանգնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել