Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անշարժ գույք վաճառելիս էլ պիտի ԱԱՀ վճարենք

Հունվար 21,2009 00:00

ՀՀ քաղաքացիներն այսուհետ՝ խոշոր հարկատուներ

Այսուհետեւ Հայաստանի քաղաքացիներն իրենց անշարժ գույքը՝ բնակարանը, հողատարածքը կամ, ասենք, ավտոտնակը վաճառելու դեպքում պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն (ԱԱՀ): Ըստ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի՝ հարկ վճարում են այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ 2 եւ ավելի անգամ միեւնույն տեսակի անշարժ գույք են վաճառում, այսինքն՝ եթե քաղաքացին ունի 2 բնակարան եւ դրանք ցանկանում է վաճառել, ապա բնակարաններից մեկի համար պետք է ԱԱՀ վճարի: Մինչեւ անցյալ տարի՝ ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը չէր համարվում ապրանք, ուստի դրա վաճառքից ԱԱՀ չէր գանձվում, սակայն անցյալ տարեվերջին օրենսդիրն օրենքում փոփոխություն կատարեց, եւ այդ «սխալն» ուղղվեց: Նշենք, որ այս օրենքի ընդունումից հետո, բրոքերները սկսել են մեծ վնասներ կրել: Բանն այն է, որ մարդիկ գերադասում են, նրանց դիմելու փոխարեն, անձամբ զբաղվել իրենց բնակարանների վաճառքով, քանի որ, բացի այն, որ պետք է բրոքերին մի քանի հազար դոլար միջնորդավճար տան, բնակարանի արժեքի 20%-ն էլ պետք է մուծեն պետբյուջե: Բացի այդ, «Առավոտին» դիմած բրոքերներից մեկի հավաստմամբ, բազմաթիվ դեպքերում, երբ, ասենք, տանտերը պարտքի տակ է լինում կամ ուզում է շտապ վաճառել բնակարանն ու մեկնել արտերկիր, իրենք սեփական միջոցների հաշվին շուկայականից ցածր գնով ձեռք են բերում այդ բնակարանը եւ հետո վերավաճառում են այն: Իսկ եթե սկսեն ամեն վաճառված բնակարանի համար ԱԱՀ մուծել, ապա իրենց բիզնեսը պարզապես կտապալվի: Բրոքերներից մեկի՝ Գեւորգ Վարդանյանի ներկայացմամբ, ոչ միայն իրենք, այլեւ բնակարանների սեփականատերերը ստիպված կբարձրացնեն բնակարանների գինը, որպեսզի գոնե հարկը մուծեն ոչ թե իրենք, այլ գնորդները: Նրա խոսքերով. «Օրենքն ընդունողների մտքով չի՞ անցել, որ հիմնականում տուժելու է միջին խավը: Եթե, ասենք, քաղաքացին ցանկանում է իր 2 տունը վաճառել եւ մեկ ավելի մեծը գնել, ու ենթադրենք, որ նա իր բնակարանները վաճառել է $100 հազարով, ապա այդ գումարից միայն $20 հազարը պետք է հարկ վճարի, իսկ դա նշանակում է, որ նա չի կարողանա նորմալ տուն գնել: $20 հազարը հսկայական գումար է եւ տուն գնելու հարցում շատ կարեւոր դեր կարող է խաղալ: Կամ էլ վերջերս մեր գործակալություն էր դիմել Դավիթաշենում բնակվող մի քաղաքացի եւ ցանկանում էր իր 2 ավտոտնակները վաճառել ու փոխարենը հողատարածք գնել: Երբ իմացավ, որ մի քանի հազար դոլար միայն պետք է հարկ մուծի, հրաժարվեց մեզ հետ գործարքից: Ստիպված պետք է խաբեությամբ զբաղվեն, իրենց գույքը փոխեն ուրիշի անվամբ եւ հետո վաճառեն: Մեր ծառայությունների համար վճարվող գումարների մասին էլ չեմ ուզում խոսել: Հիմա անշարժ գույք վաճառողներից շատերն էլ մեզ չեն դիմում, որպեսզի ոչ մի կոպեկ ավելի չծախսեն, նրանք բավարարվում են միայն այստեղ-այնտեղ վաճառքի մասին հայտարարություններ փակցնելով»:

Հաշվի առնելով այն, որ ամբողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետեւանքով բնակարանների գները զգալի անկում են ապրել, կարելի է ենթադրել, որ վաճառելիս հայերն իրենց բնակարանների իրական արժեքին ավելացնում են նաեւ ԱԱՀ-ն, ինչի հետեւանքով էլ մեզ մոտ բնակարանների գները էականորեն չեն նվազում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել