Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎԵԼ Է

Հունվար 21,2009 00:00

\"\"«Ավտոգեն-Մ» գործարանի 350 աշխատակից դարձավ գործազուրկ

Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» գործարանը տնտեսական ճգնաժամի հետեւանքով դադարեցրել է իր գործունեությունը: Գործարանի 350 աշխատակից մնացել է գործազուրկ: Նշենք, որ «Ավտոգեն-Մ»-ն դեռեւս ԽՍՀՄ տարիներից համարվում է միակ գործարանը, որն զբաղվում է ձեռքի եւ մեքենայական գազակտրման ու եռակցման սարքավորումների արտադրությամբ։ Մոտ 30 տեսակի ապրանքներ արտադրվում են միայն վերոնշյալ գործարանում: Գործարանի աշխատանքների դադարեցման առնչությամբ «Ավտոգեն-Մ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանն «Առավոտին» ասաց. «Հիմնական պատճառն այն է, որ մենք ռուսաստանյան կազմակերպության հետ ենք աշխատում: Նրանք մեզնից գնել են արտադրանքը եւ դրա դիմաց չեն կարողանում վճարել: Այժմ պարտք են մոտ 100 մլն դրամ: Այս պարագայում իմաստ չունի աշխատել, անընդհատ պարտք կուտակել: Եթե դեռ նախորդ խմբաքանակի համար չեն կարողանում վճարել, ի՞նչ իմաստ ունի նոր խմբաքանակ կուտակելը: Իսկ Հայաստանի ներսում իրացվում էր արտադրանքի չնչին տոկոսը միայն»:

Ճգնաժամի ազդեցությունը գործարանում զգացվել է դեռ նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Նշենք, որ գործարանում միջին աշխատավարձը 60 հազար դրամ էր: Գործարանի ղեկավարությունը մինչ օրս չի կարողանում վճարել արդեն կրճատված աշխատակիցների՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, որի ընդհանուր գումարը կազմում է 50 մլն դրամ: Ա. Ղազարյանի տեղեկացմամբ՝ տարեվերջին իրենք ստիպված էին ընտրել աշխատակիցների վերջնահաշվարկի տարբերակը, որպեսզի խուսափեին հետագա ավելորդ ծախսերից: «Այժմ սպասողական վիճակ է, մեզնից ոչինչ կախված չէ: Ռուսաստանից գումարներ ստանալուն պես՝ աշխատավարձերի պարտքերը կմարենք: Իսկ եթե այս վիճակը երկարի՝ ստիպված պետք է գործարանից մի բան վաճառենք, որ կարողանանք պարտքերը փակել»:

Ստեղծված իրավիճակում աջակցություն ստանալու խնդրանքով գործարանի ղեկավարությունը դիմել է կառավարությանը: Ա. Ղազարյանի ներկայացմամբ. «Կառավարությունն առաջարկել է աջակցություն՝ ցածր՝ 14% տոկոսադրույքով վարկի տրամադրում, բայց մենք հարմար չենք գտնում: Եթե աշխատելիս լինեինք, դա շատ լավ աջակցություն կլիներ, բայց այս պայմաններում, եթե այդ գումարը վերցնենք, տոկոսը որտեղի՞ց ենք տալու»: Ըստ Ա. Ղազարյանի՝ վիճակը հնարավոր կլինի շտկել միայն այն դեպքում, եթե իրենց գումար տրամադրվի զրո տոկոս տոկոսադրույքով. «Եթե անտոկոս տային մի 100 միլիոն դրամ, ասեին 2-3 տարի հետո այդ գումարը վերադարձրեք, մարդկանց աշխատավարձերը կփակեինք ու կաշխատեինք, արտադրանք կկուտակեինք, մինչեւ որոշ ժամանակ հետո, երբ ամեն ինչ կկարգավորվեր, տրված գումարը կվերադարձնեինք»:

Բայց քանի որ գոնե մինչ օրս նման առաջարկ չի եղել, ընկերությունում ստիպված են սպասել, մինչեւ կլավանա մոսկովյան գործընկերոջ ֆինանսական վիճակը, եւ վերջինս կկարողանա վճարել պարտք մնացած 100 մլն դրամը: «Մոսկվայից հուսադրում են, որ մարտից հետո մի փոքր շարժ կլինի»,- ասում է Ա. Ղազարյանը:

Գործազուրկ դարձած 350 աշխատակիցները եւս սպասողական վիճակում են: Մենք փորձեցինք զրուցել նրանցից մի քանիսի հետ, ովքեր, սակայն, խուսափեցին ներկայանալ: Երիտասարդ աշխատակիցներից մեկն ասաց, որ եթե մինչեւ գարուն իրեն ետ չկանչեն աշխատանքի, կմեկնի Ռուսաստան: Իսկ մեկ այլ աշխատակցի խոսքերով. «Մենք հասկանում ենք, որ գործարանի ղեկավարներից ոչինչ կախված չէ: Եթե հումքը ձեռք ենք բերում արտերկրից, արտադրանքն իրացնում ենք արտերկրում, ղեկավարությունն ի՞նչ անի: Նրանց մոտ էլ է վիճակը վատ: Նման դեպքում միայն կառավարությունը կարող էր օգնել, բա ինչի՞ չի օգնում»:

Օրերս էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել էր «Ավտոգեն-Մ»-ի եւ «Վանաձոր-Քիմպրոմի» ղեկավարության հետ: Նշենք, որ «Վանաձոր-Քիմպրոմի» 820 աշխատակցից 400-ը գտնվում է հարկադիր պարապուրդում: Ծանոթանալով վիճակին՝ Ա. Մովսիսյանը լրագրողներին ասաց. «Կառավարությունը կքննարկի այսօր ներկայացված խնդիրներն ու ծրագրերը, արդյունքում կընդունվի որոշում, թե ինչպիսի՞ օգնություն կցուցաբերի, որպեսզի պահենք կոմբինատի աշխատունակությունը եւ ապահովենք Վանաձորի համար այդքան կարեւոր աշխատատեղերի պահպանումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել