Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են»

Հունվար 21,2009 00:00

«Յոթի» պաշտպանները հայտարարում են եւ պահանջում

Երեկ «Յոթի գործով» քաղբանտարկյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը, Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանն ու Ստեփան Ոսկանյանը հանդես են եկել հայտարարությամբ: Մինչ օրս այդ գործով տեղի ունեցած, իսկ իրականում՝ տեղի չունեցած դատական նիստերը նրանց հիմք են տվել հանդես գալ հայտարարությամբ՝ հրապարակային եւ արդարացի դատաքննություն ապահովելու ակնկալիքով: Արձանագրելով դատավոր Մ. Մարտիրոսյանի կամայական հրահանգը՝ դատարանի դահլիճից ԶԼՄ-ներին հեռացնելու եւ նրանց՝ մոնիտորների կողմից մատուցված անորակ ձայնով եւ պատկերով բավարարելու առաջարկը, պաշտպանները նշել են, որ ԶԼՄ-ների առջեւ հարուցված՝ «արգելելը չի բխում արդարացի դատաքննության սկզբունքից՝ մասնավորապես խախտելով մեր պաշտպանյալների հրապարակային դատական քննության իրավունքը»:

Անդրադառնալով նաեւ դատարանի դահլիճում ստեղծված իրավիճակին՝ քաղբանտարկյալների հարազատների փոխարեն «սույն գործի քննության հետ կապված, որեւէ առնչություն» չունեցող անձանցով՝ ոստիկանության աշխատակիցներով լցնելու փաստին ու դահլիճում նրանց կողմից դռնփակ դատավարության համար պարարտ հող ստեղծելու՝ սադրանքներ հրահրելու փորձերին, պաշտպանները մտահոգիչ են համարել նաեւ «դատական կարգադրիչների կողմից պաշտպաններին մանրակրկիտ ստուգելու» փաստը, այն դեպքում, երբ «մեղադրողները դատարան մուտք են գործում շենքի մեկ այլ մուտքից եւ չեն ենթարկվում որեւէ զննման»:

Պաշտպանների հայտարարության համաձայն, դատարանի շենքում արգելվում է նրանց տեսակցությունը իրենց պաշտպանյալների հետ, որով խախտվում է օրենքով պաշտպաններին վերապահված՝ անարգել, կոնֆիդենցիալ պաշտպանյալների հետ տեսակցելու իրավունքը:

«13.01.09թ. նիստի ժամանակ, ըստ մեղադրողի չավարտված հայտարարության, պարզվեց, որ պաշտպանները չունեն դատավարական այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են՝ ինքնաբացարկի եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ ներկայացնելը, իսկ պաշտպանների իրավունքների իրականացումը մեղադրողների մոտ տարակուսանք եւ զայրույթ են առաջացնում: Այսպես՝ մեղադրողը իր հայտարարության մեջ նշեց, որ պաշտպանական տակտիկան կառուցված է նիստերը տապալելու սկզբունքի վրա եւ ամեն ինչ արվում է պաշտպանների կողմից, որպեսզի հասարակությունը չիմանա, թե ինչ է իրականում կատարվել Երեւանում մարտի 1-ին եւ 2-ին, եւ այդ պատճառով մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնել:

Մեղադրողի հայտարարությունից ստացվում է, որ պաշտպանների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքները իրացնելը նպատակ է հետապնդում դատաքննությունը ձգձգելուն: Սակայն փաստը այն է, որ դատարանն է մշտապես ձգձգում դատաքննության ընթացքը, պատճառաբանելով, թե մեր պաշտպանյալները դատարանում ոտքի չեն կանգնում: Այնինչ՝ դատարանը իրավասու է ոտքի չկանգնելու համար կիրառել այլ միջոցներ՝ նախազգուշացում, տուգանք եւ շարունակել դատական նիստերը: Ոտքի չկանգնելն անհնարին չի դարձնում դատական նիստի շարունակելը: 23.12.2008թ.-ին, 27.12.2008թ.-ին, 09.01.2009թ.-ին, 13.01.2009թ.-ին, 16.01.2009թ.-ին կիրառված սանկցիաները քողարկված դատավճիռներ են»,- ասված է «Յոթի» պաշտպանների հայտարարության մեջ: Վերջիններս պահանջում են՝ «ապահովել մեր պաշտպանյալների արդար դատաքննության իրավունքը, ապահովել տեսանկարահանող լրատվամիջոցների ներկայացուցիչների անխափան եւ չմիջնորդավորված աշխատանքը դատական նիստերի դահլիճում, ապահովել հրապարակային դատական քննությունը, ապահովել մեր պաշտպանյալների հարազատների, ընկերների եւ սատարող անձանց մուտքը դատական նիստերի դահլիճ՝ ապահովելով դահլիճում կարգ ու կանոն, նաեւ՝ պաշտպանական կողմի եւ մեղադրողների համար հաստատել հավասար պայմաններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել