Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ-2

Հունվար 21,2009 00:00

\"\"Մարտի 1-ից սկսած՝ հեռուստաընկերությունները կա՛մ լռում էին անցանկալի իրողությունների մասին, կա՛մ խեղաթյուրում դրանք՝ ըստ նպատակահարմարության: Փորձենք ապացուցել այս պնդումը փաստերով:

Փաստ 1. Մեր ձեռքի տակ են տեսագրություններ, որոնք ապացուցում են, որ հեռուստաընկերությունները կամ նրանց տեսանյութեր մատակարարող պետական մարմիններն ուղղակի դիմել են կեղծիքի: Մի օրինակ՝ մարտի 2-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծառայության թողարկումներում ցուցադրվում էր գիշերը մեկուսի վայրում գտնվող, «տելեգրեյկա» հագած մի ակնհայտորեն հարբած տարեց մարդ, որն ընկնում էր, վեր կենում ու հազիվ ոտքի վրա մնալով՝ շարժվում: «Լրաբերի» առավոտյան թողարկումներում այդ տեսաշարի հետ հնչում էին թերեւս այդ կադրերը նկարահանողների ձայները. «Սո՛ւս, սո՛ւս հելնում ա… Հեսա կընկնի քարերի վրա»: Երեկոյան թողարկումներում նույն տեսաշարը ցուցադրվեց արդեն առանց այդ ձայների: Փոխարենն այդ հարբած մարդու կադրերին ավելացվել էր հանրահավաքային աղմուկ, սուլոցներ եւ Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված: Թերեւս նման մոնտաժի միջոցով փորձ էր արվում հիմնավորել Հայաստանի ոստիկանության մարտի 2-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ «հարբած ավազակախմբերը հարձակումներ են գործել ոստիկանության զորքերի ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների վրա»…

Փաստ 2. Միտումնավոր մոնտաժի կիրառության մեկ այլ իրողություն, որի տեսագրությունը դարձյալ պահպանվել է: Մարտի 2-ին ոստիկանության բուժվարչության հոսպիտալ այցելության մասին Հ1-ի ռեպորտաժում այդ ժամանակ դեռեւս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցնում է վիրավորին, որի մասին իրեն տեղեկացնում են, թե պատռված վերքեր ունի. «Նռնակի՞ արդյունք է»: Եվ այդ հարցով էլ ավարտվում էր: Մինչդեռ Հ2-ը ցուցադրել էր այդ զրույցի ամբողջական տարբերակը, որտեղ վիրավորը ոստիկանապետին պատասխանում է, թե չէ՝ փայտով են հարձակվել:

Փաստ 3. Բովանդակային պատճառներով մոնտաժված էր ներկայացվում նաեւ զոհերի մերձավորների ասելիքը: Այսպես, մարտի 2-ին հաղորդվեց ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի հորեղբոր՝ Վարդգես Ստեփանյանի խոսքը. «Երկկողմանի ժողովրդին հանին, հրահրին: Բոլորն էլ մեր ժողովուրդներն էին, որոնք մոլորված էին, չգիտեին ինչ անեին՝ լսելով էս մյուսին, էն մյուսին: Ու առճակատման դուրս եկան: Շատ դաժան էր: Բավականին զոհեր տվեցինք: Ոչ թե էսօր մեր տունն ա սուգ, այլ շատ… բոլորի տներն էլ է էդ սուգը: Ցանկանամ, թող էդ ձեւի բռնություններ չլինի»: Այստեղ նրա խոսքը մոնտաժվում է առաջին անգամ: Հետո Վարդգես Ստեփանյանը շարունակում է. «Էդ բոլոր հարցերը կարող էին անել բանակցությունների միջոցով, բայց սենց չզիջելով՝ Լեւոնն էլ իրա կողմից չհանդուրժեց, ու էդ բոլորը էսպես ստացվեց»: Այստեղ նրա խոսքն էլի մոնտաժվում է, քանի որ համատեքստից դատելով՝ ակնհայտ է, որ նա խոսել էր նաեւ մյուս կողմի պատասխանատվության մասին: «Ես դատապարտում եմ էդ բոլորը, որ էս ձեւի բռնություններ մեր հայ ժողովրդի մեջ թող չլինի: Մեղք է մեր ժողովուրդը»,- հետո ասում է զոհված սպայի հորեղբայրը:

Փաստ 4. Գերազանցապես ոստիկանական այրված մեքենաների ֆոնին՝ հեռուստաընկերությունները ցուցադրում էին նաեւ կրակահերթից փշրված ապակիներով ու արյան բծերով պատված մի տաքսի ավտոմեքենա՝ որպես ցուցարարների վայրագության դրսեւորում: «Էսի ավտոմատով ա խփած, ապեր»,- ասում էր կադրի հետեւում հնչող ձայնը: Իրոք չէին սխալվել՝ այդ մասին է վկայում այդ՝ 64 933 պետհամարանիշով տաքսու վարորդ Կարեն Մարությանի հարցաքննության ընթացքում տված վկայությունը: Ըստ այդմ՝ նա մարտի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, «Տաշիր» հանրախանութի մոտից ուղեւոր էր վերցրել, որին պետք է տաներ Սարյան փողոց, սակայն Մաշտոցի պողոտայում իրեն կանգնեցրել էին ոստիկանության աշխատակիցները, ստուգել ավտոմեքենայի փաստաթղթերը: Այդ ընթացքում ուղեւորն իջել ու հեռացել էր, եւ Կարեն Մարությանը շուրջ 10 րոպե սպասել էր. «Շարժվեցի այդտեղից, առաջացա շուրջ 200 մետր՝ շուկայի ուղղությամբ, որտեղ արդեն լսվեցին հրազենային կրակոցներ, եւ այդ պահին զգացի, որ կրակոցներից մեկը կպել է աջ ականջիս եւ դեմքիս աջ մասին»: Կարեն Մարությանը սկզբում հստակ հայտնել է, որ իր եւ իր մեքենայի վրա կրակել են ոստիկանները, բայց հետագա ցուցմունքներում արդեն փոխել է ասածը. «Չեմ զգացել եւ նկատել, թե կոնկրետ որտեղից են արձակվել կրակոցները, որից վնասվել է նաեւ ավտոմեքենաս: Հրազենային վնասվածքները ստացել եմ ավտոմեքենայով շարժվելու ընթացքում՝ ինձ անհայտ հանգամանքներում»: Բայց սա արդեն այլ պատմություն է:

Փաստ 5. Մարտի 1-2-ի ընթացքում հեռուստաընկերություններով անընդհատ հաղորդվում էր, թե Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան «իր զորակցությունն է հայտնել Հայաստանի նախագահին ու ժողովրդին»: Ու նաեւ, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում «իր զորակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին»:

Այս եզակի զորակցող հայտարարությունները կրկնվում էին անընդհատ՝ լուրերի ամեն թողարկման մեջ: Մինչդեռ չգտնվեց որեւէ հեռուստաընկերություն, որը կհաղորդեր, թե ԵԱՀԿ֊ի գործող նախագահ Իլկա Կաներվան մարտի 1-ին դատապարտել էր ուժի կիրառումը Երեւանում՝ ցուցարարներին ցրելու համար. «Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն՝ կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը»: Որեւէ մեկը չհաղորդեց նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը, որով նա մտահոգություն էր հայտնել «բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու նպատակով անվտանգության ուժերի անցկացրած գործողության ընթացքում վնասվածքներ հասցնելու» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի մասին հաղորդագրությունների վերաբերյալ: Նույն կերպ նաեւ շրջանցվեց ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Լուիզ Արբորի մարտի 2-ի հայտարարությունը, որով նա մասնավորապես մտահոգություն էր արտահայտել ընդդիմադիր ցուցարարների կալանավորման առնչությամբ:

Եվ այսքանից հետո մնում է հարցնել. եթե իշխանությունները համոզված էին սեփական իրավացիության եւ ընդդիմության մեղավորության մեջ՝ ինչո՞ւ էին հենց առաջին օրվանից փորձում կեղծել մարտի 1-ի պատմությունը:

Հ. Գ. Իրավապահների պնդումների ֆոնին, թե որքան «ոզնիներ»-ով, մետաղյա ու փայտյա ձողերով էին նախապես զինվել ընդդիմադիրները՝ ուշագրավ է հետեւյալ փաստը: Մարտի 2-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Երեւանի քաղաքապետարանին մերձակա՝ դեռեւս չմաքրված հրապարակը: Եվ այդ այցի մասին հեռուստատեսային ռեպորտաժներում երեւում է, որ քաղաքապետարանի դիմաց՝ գազոնի վրա ընկած մի քանի ձողերի մեջ նաեւ բահ կա: Զարմանալի է՝ ինչո՞ւ ընդդիմությունը չմեղադրվեց նաեւ բահերով հեղաշրջում անելու փորձի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել