Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային անվտանգության ամենալուրջ գործոնը ոգին է»

Հունվար 21,2009 00:00

\"\"Որը մենք կոտրում ենք ամեն օր՝ ասում է Ժիրայր Սեֆիլյանը

«Երկար լռությունից հետո Արցախի խորհրդարանի խմբակցությունները տարածեցին հայտարարություն՝ ԼՂՀ հարցի հետ կապված, եւ մեր իշխանություններին ենթակա հայաստանյան որեւէ հեռուստաընկերություն այն եթեր չսփռեց»,- երեկ ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ի՞նչ է մտածում տարեվերջին ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ Արցախի խորհրդարանականների տարածած հայտարարության մասին, ասաց «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ այդ օրերին մամուլն արդեն լույս չէր տեսնում, եւ փաստաթղթի վերաբերյալ քննարկումները տպագիր մամուլում եղան հետտոնական օրերին: Բուն փաստաթղթի մասին Սեֆիլյանը չցանկացավ խոսել՝ «առաջիկայում կանդրադառնամ»: Արդյոք հեռուստաալիքների լռության պատճառը ԼՂՀ հարցում ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների միջեւ հնարավոր հակասությունները կամ փոխհամաձայնություննե՞րն են: «Հակասություններ չկան: Այդ հայտարարությունն ուրիշ խաղի արդյունք է, որին առաջիկայում կանդրադառնամ»,- ասաց Ժ. Սեֆիլյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ առաջացած տարեվերջյան ակտիվությունը շարունակվում է: Ավելին, ԼՂՀ հարցի կարգավորման ողջ ընթացքում այսօրինակ ակտիվությունը նա աննախադեպ է համարում: Այլ հարց է, որ ըստ նրա, դա ոչ մի արդյունքի չի բերելու. «Բանակցային ընթացքն ի սկզբանե սխալ ուղղության մեջ է: Եթե մի բան ի սկզբանե ծուռ է կառուցվում, որեւէ արդյունքի չի բերելու»: Այնուհանդերձ, դա Ժիրայր Սեֆիլյանին հիմք չի տալիս հանգիստ նստելու, հույսով, որ ոչինչ չի լինելու. «Խնդիրն այսօրվա ռեժիմի պարագլուխների մեջ է, օտարին տրվելու նրանց ցանկության: Իմ համոզմամբ՝ ազատագրված տարածքները զիջելու լուրջ միջազգային ճնշում չկա հայկական կողմի վրա: Զիջումների մասին խոսողն ու դրանց ձգտողը մեր ռեժիմի պարագլուխներն են: Իրենց աթոռի պահպանման համար նրանք առարկայի են վերածել հայերի համար սուրբ հողը: Մեր պայքարի ողջ իմաստը լինելու է այն, որ մեր երկրում ի վերջո լինեն իշխանություններ, որոնք կասկածի տակ չեն առնի այդ հողերի հայկական պատկանելիությունը»: Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումը նա հավանական չի համարում, քանի որ Կովկասում նոր պատերազմը ձեռնտու չի ոչ Արեւմուտքին, ոչ էլ ՌԴ-ին: Ուստի, Իլհամ Ալիեւի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները նա համարում է «հոխորտանք»՝ ներքին օգտագործման համար: Միաժամանակ ասում է. «Նման հայտարարությունները եւ մի քանի միլիարդանոց ռազմական բյուջեները կապ չունեն մեր պաշտպանության հետ: Մենք պարտավոր ենք ամեն օր կատարելագործել մեր պաշտպանվածությունը, իսկ դա միայն զորքի, զենք ու զրահի մեջ չի: Նաեւ ոգու մեջ է, որը մենք ամեն օր կոտրում ենք: Ազգային անվտանգության ամենալուրջ գործոնը ոգին է, հենց դրա համար է երկրի ներսում անհրաժեշտ արդար մթնոլորտ, ժողովրդի կողմից որոշ չափով ընդունելի իշխանություն»:

Ժ. Սեֆիլյանը չի ցանկանում կանխատեսումներ անել իշխանափոխության ժամկետների մասով՝ «Ես կողմնակից եմ, որ պայքարն ամեն օր եւ հնարավորինս վճռական ձեւով շարունակվի: Եվ չեմ կասկածում, որ դրական արդյունք լինելու է, մանավանդ, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, դժբախտաբար, ատելությամբ է լցված այս իշխանության նկատմամբ»: Իսկ հնարավո՞ր է իշխանափոխություն՝ սոցիալական ընդվզման արդյունքում: «Դա կախված է ընդդիմության որդեգրելիք մարտավարությունից: Եթե ընդդիմությունը ցանկանա օգտագործել այդ պահը… որ այդպիսի հող կա՝ փաստ է, բայց ամեն ինչ մնում է ընդդիմության որոշմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել