Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՒՄՆԵՐԻ «ՇՔԵՐԹՆ» ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հունվար 21,2009 00:00

Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողները Հայաստանից մեկնեցին, էլ ոչ մի քաղբանտարկյալ ՀՀ նախագահից ներում չի հայցել:

Այս ամիս, մինչ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը կժամանեին Հայաստան, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել 2008 թ. մարտի 1-ին «անկարգություններին մասնակցելու, ապօրինի զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար 2-4 տարով դատապարտված 9 անձանց ներում շնորհելու մասին: Գոնե այդպես ներկայացրեցին պաշտոնական աղբյուրները: Հիշեցնենք, որ ըստ այդմ՝ ներում էր շնորհվել նման խնդրագրերով դիմած Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Նորիկ Հարությունյանին, Հարություն Մկրտչյանին, Սարգիս Պարունակյանին ու Ռաջու Պետրոսյանին: Ավելի վաղ նույն կերպ ազատ էին արձակվել Էդվարդ Աշուղյանն ու Արթուր Նազանյանը, ավելի ուշ՝ նաեւ Արման Մարգարյանն ու Մեսրոպ Զաքարյանը: Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայությունը, սակայն, հայտարարեց, թե՝ ներում ստացածների մի մասը արդեն ազատության մեջ էր դեռ մինչեւ ներում շնորհելու մասին պաշտոնական հրապարակումը: Խոսքը Կարեն Թարխանյանի ու Ավետիք Ղռեջյանի, Ռաջու Պետրոսյանի մասին էր, թեեւ 9-ի թվում եղած անձանց զգալի մասը ազատության մեջ էր դեռ ամիսներ առաջ: Օրինակ՝ Եղիշե Գրիգորյանը, Արմեն Մովսիսյանը, Մեսրոպ Զաքարյանը, Հարություն Մկրտչյանը, Կառլեն Մանուչարյանը ժամանակին դատապարտվել էին պայմանական ազատազրկման, բայց, չգիտես ինչու, նրանք, որ դատարանի որոշմամբ արդեն ազատված էին ազատազրկման ձեւով պատիժը կրելուց, եւս ներման խնդրագրեր էին գրել:

Նման դիմումով Սերժ Սարգսյանին դիմողների թվում կան նաեւ մարդիկ, ովքեր դատապարտվել են ոչ միայն «զանգվածային անկարգություններին» մասնակցելու, այլեւ խանութների թալանին մասնակցելու՝ գողության մեղադրանքով. օրինակ՝ Արման Մարգարյանը, նույն Կառլեն Մանուչարյանը: Իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ, մասնավորապես, Վանաձորի ոստիկանության աշխատակիցները ներման դիմումներ գրելու առաջարկով դիմել էին նաեւ, իբր, «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով պայմանական ազատազրկման դատապարտված Հրայր Ֆենիմյանին, նաեւ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող այլ անձանց, այդ թվում՝ «ապօրինի զենք-զինամթերք»՝ 30 փամփուշտ պահելու մեջ մեղադրված, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանին, որի ազատազրկման ժամկետի 1/3-ն արդեն լրացել է, եւ նա օրինական իրավունքով կարող էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Վերջիններս, իհարկե, հրաժարվել էին նման դիմումներ գրելուց: «Սա մանիպուլյացիա է, խեղկատակություն: Այդ տրամաբանությամբ ցանկացած մեկը պետք է դիմում գրի ՀՀ նախագահի անունով՝ խնդրելով իրեն նախապես ներել ապագայում կատարելիք իր արարքների համար, որովհետեւ ինքը տվյալ պահին պատիժ չի կրում: Նույնը վերաբերում է պայմանական դատապարտվածներին՝ պատժի կրումից ազատվածներին: Ումի՞ց ի՞նչ ես խնդրում, ինչո՞ւ»,- անդրադառնալով «պայմանականով» ազատազրկման դատապարտվածներին ներում շնորհելու պրակտիկային՝ նկատեց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Երեկ Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանից հարցրինք՝ ներման խնդրագիր գրելու եւ կամ նման առաջարկով ազատազրկվածներին դիմելու ակցիան շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ. պարզվեց՝ ոչ: «Հասկանալի էր, որ ներման հրամանագրերը ցուցադրական մեկանգամյա ակտ էին՝ համազեկուցողների այցից առաջ՝ հավաստելու, թե ՀՀ իշխանությունները ջանքեր չեն խնայում ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները կատարելու համար»,- ասաց նա:

Իշխանություններն այլ վերաբերմունք ունեն արդեն 10-11 ամիս ազատազրկման վայրերում գտնվող այն 12 անձանց նկատմամբ, որոնք իրենց համար սահմանված պատժաչափն արդեն կրել են 1/3-րդ մասով: Խոսքը, մասնավորապես, Հովհ. Հարությունյանի, 258/3-րդ մաս հոդվածով՝ «չարամիտ խուլիգանության» մեղադրանքով 1,6-ից մինչեւ 2,6 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Գեւորգյանի, Ժորա Սափեյանի եւ Մկրտիչ Սափեյանի մասին է, նաեւ՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքին խանգարելու մեղադրանքով 2,6 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Զաքարյանի, «զանգվածային անկարգություններին մասնակցելու» համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Գրիգոր Աղամալյանի, Սոս Գեւորգյանի, Տաթեւ Գասպարյանի, Լեւոն Խաչատրյանի, Տիգրան Մելքոնյանի ու Մարզպետունի Այվազյանի մասին է: Հիշեցնենք, որ նրանք ազատ արձակվելու համար միանգամայն օրինական իրավունք ունեն, թեեւ չեն օգտվում այդ իրավունքից: Բանն այն է, որ այն քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը, որտեղ պահվում են այս մարդիկ, պարտավոր են ամիսը մեկ անգամ պատժի 1/3-ը կրած դատապարտյալների գործերը ներկայացնել «անկախ հանձնաժողովին»՝ միջնորդելով նրանց նկատմամբ կիրառել պայմանական վաղակետ ազատ արձակման ակտ, եթե վերջիններս այդ ընթացքում որեւէ դատապարտելի արարք թույլ չեն տվել, եւ եթե դրան դեմ չէ ինքը՝ դատապարտյալը: Բայց, ինչպես Հովհաննես Հարությունյանը փոխանցեց «Առավոտին», իրենք պարբերաբար հրաժարվում են իրենց նկատմամբ 1/3-ի կիրառման հնարավորությունից, որովհետեւ, պրն Հարությունյանի ձեւակերպմամբ՝ «դա ուղղակի մոգոնովի բան է»: Քաղբանտարկյալները համոզված են, որ եթե անգամ ՔԿՀ ղեկավարությունը դիմի համապատասխան հանձնաժողովին, վերջինս անպայման մերժելու է այդ միջնորդությունը, ուստի՝ չեն էլ ուզում դիմած լինել: «Կնստենք՝ որքան պետք է՝ մինչեւ վերջնական հաղթանակ տանենք»,- վստահեցրեց Հովհ. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել