Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՂՎԱԾԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունվար 20,2009 00:00

Հունվարի 16-ին մեր թերթում տպագրված «Հեռացել էր՝ հետ գալու ակնկալիքով» հոդվածի առնչությամբ Աջափնյակի թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ իրենց դպրոցում դասվար աշխատած Անահիտ Բարսեղյանի երեխաներն անչափահաս չեն, քանի որ սովորել եւ ավարտել են իրենց դպրոցը, ամուսինն էլ զոհված ազատամարտիկ չէ, որովհետեւ նախկինում աշխատել է նույն դպրոցում՝ բանվոր: Ըստ տնօրենի ներկայացրած փաստաթղթերի՝ Անահիտի ամուսինը՝ Աշոտ Թունյանը, թիվ 153 դպրոցում աշխատանքի է ընդունվել 1992 թվականին եւ աշխատանքից ազատվել է 1996-ին: «Ուստի նա չէր կարող արցախյան ազատամարտի ժամանակ զոհված լինել: Ավելի ուշ է մահացել: Տիկին Բարսեղյանի երեխաներն էլ՝ Արեւիկ եւ Արտյոմ Թունյանները, մեր դպրոցն ավարտել են տարիներ առաջ. Արեւիկը՝ 2001 թվականին, իսկ Արտյոմը՝ 1996-ին»,- պարզաբանեց Ա. Սարգսյանը: Անդրադառնալով նախկին դասվարի բողոքների առնչությամբ իրենց դպրոցում անցկացված ստուգումներին՝ տնօրենն ասաց, որ իրենց մոտ ոչ մի խախտում էլ չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ «Առավոտն» անդրադարձել էր Անահիտ Բարսեղյանի բողոքին, այն մասին, որ չնայած ինքն ունի 2 անչափահաս երեխա եւ ամուսինն էլ զոհվել է, իրեն անօրինական ձեւով ազատել են աշխատանքից: Տիկին Բարսեղյանն ասում էր, որ տնօրենի հետ համաձայնության է եկել, որ եթե աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնի ու ազատվի, որոշ ժամանակ անց նորից կընդունվի նույն դպրոցում աշխատելու, սակայն դպրոցի տնօրենը նրան հետ չէր ընդունել՝ աշխատատեղ չունենալու պատճառաբանությամբ: «Նա իր աշխատանքից ազատվելու դիմումում նշել է, որ բնակավայրը փոխելու պատճառով է դուրս գալիս դպրոցից, աշխատանքի է ուզում անցնել իր նոր բնակավայրին մոտ դպրոցում, սակայն, չգիտեմ ինչ պատճառով, նրան այդ դպրոցում չեն ընդունել»,- տեղեկացրեց Անուշ Սարգսյանը:

Հ. Գ. Ի դեպ, երեկ երեկոյան մեզ զանգեց Անահիտ Բարսեղյանը եւ ասաց, որ ամուսնու զոհված լինելու մասին ինքը «միամիտ» է ասել, քանի որ շատ «նեղված» էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել