Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է մրցաշրջան 2009-ի շախմատային անդրանիկ խոշոր իրադարձությունը՝ «Corus» ավանդական գերմրցաշարը, որին տրված է վարկանիշային 19-րդ կարգ: Այն անցկացվում է 71-րդ անգամ:
Ուժեղագույնների խմբում հանդես են գալիս երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը:
Խաղացված երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է արել, համապատասխանաբար, Վան Յուեի (Չինաստան) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ եւ 1,0 միավորով 14 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ հորիզոնականում: Մովսիսյանն առաջին տուրում միավորը բաժանել է հոլանդացի Դանիել Ստելվագենի հետ, երկրորդում՝ պարտության մատնել անգլիացի Մայքլ Ադամսին եւ 1,5-ական միավորով Յան Սմիթսի (Հոլանդիա) եւ Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա) հետ բաժանում է 1-3-րդ հորիզոնականները:
Երեկ երրորդ տուրում Լեւոնը հանդիպում էր Ստելվագենի, իսկ Սերգեյը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: