Առաջատարը Տիգրան Քոթանջյանն է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 69-րդ առաջնության 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նա կես քայլով առաջ է գտնվում բավականին հաջող մեկնարկած միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանից: Երրորդ հորիզոնականում է երիտասարդ մեկ այլ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր՝ նույնքան, որքան բազմափորձ Աշոտ Անաստասյանը:
Այս առաջնությունում իրենց հնարավորությունները դեռեւս ամբողջությամբ չեն օգտագործում Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Արտաշեսը յոթ տուրերում ցույց է տվել 50%-անոց արդյունք եւ 3,5 միավորով 14 մասնակիցների մեջ ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Տիգրանն իր անվան դիմաց գրանցել է ընդամենը 3,0 միավոր եւ 10-րդն է:
Աղջիկներն էլ սկսեցին
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը մեկնարկեց նաեւ շախմատի Հայաստանի կանանց 64-րդ առաջնությունը: Խաղատախտակների առջեւ պայքարում են 10 շախմատիստուհիներ: Բացակայում են մեր առաջատար շախմատիստուհիներից երեքը: Էլինա Դանիելյանը հանդես է գալիս տղամարդկանց պայքարում եւ նպատակ ունի այնտեղ տղամարդկանց գրոսմայստերի համար պահանջվող միավոր ձեռք բերել: Իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը երեկ իրենց բացակայությունը մեկնաբանեցին այսպես: «Ըստ կանոնադրության, հանրապետությունում վարկանիշով առաջին քառյակում տեղ զբաղեցնող շախմատիստուհիները Հայաստանի ազգային հավաքականի անդամ են եւ երկրի մարզական դրոշի պատիվը միջազգային մրցաշարերում պաշտպանելու իրավունք ունեն: Մենք այս իմաստով, ինչպես ասում են, ապահովագրված ենք: Բայց առաջնությանը չմասնակցելու գլխավոր պատճառն այն է, որ հատուկ ծրագրով ներկայիս փուլում նախապատրաստվում ենք մարտ ամսին կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը, որտեղ հաջող հանդես գալը, կարծում ենք, պակաս կարեւոր չէ»:
Ուժեղագույնների բացակայության պայմաններում երեք տուրերից հետո 100%-անոց արդյունք էր ցույց տվել Աննա Հայրապետյանը, որն էլ երեկ կայանալիք չորրորդ տուրից առաջ ընթանում էր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Լիլիթ Գալոյանը, որն իրեն լավագույն կողմերով էր դրսեւորել համաշխարհային օլիմպիադայում, 2,5 միավորով երկրորդն է, իսկ նույն Դրեզդենում նրա թիմակից Սիրանուշ Անդրիասյանը (լուսանկարում) հինգերորդն էր՝ 1,5 միավորով:
Երեկ կանանց առաջնությունում չորրորդ տուրի օրն էր:
Կենտիկյանը լավագույնն է Եվրոպայում
Գերմանիայում բնակվող հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, որը ռինգում անցկացրած բոլոր 23 մենամարտերում հաղթանակ է տարել (16-ը՝ նոկաուտով), ճանաչվել է 2008 թվականի Եվրոպայի լավագույն կին բռնցքամարտիկ: