Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԻ

Հունվար 20,2009 00:00

\"\"Հայաստանի դահուկավազորդների առջեւ 2009 թվականին որոշակի խնդիրներ են դրված: Նրանք առայժմ Վանկուվերի օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել, սակայն դրա համար պայքարում են դեռ անցած տարվանից:

«Առավոտը» այդ թեմաներով զրուցեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ:

– Մեր նախորդ հանդիպման ժամանակ ասացիք, որ լեռնադահուկորդները մրցաշրջան 2009-ին նախապատրաստվել սկսել են անցած տարվա աշնանից: Իսկ դահուկավազորդնե՞րը:

– Նրանք եւս նույն ժամանակահատվածում են ներգրավվել մարզումների փուլ: Արամ եւ Արգամ Գրիգորյանները, Սերգեյ Միքայելյանը հավաքների են մեկնել Սիկտիվկար: Իսկ Հովհաննես Սարգսյանը նոյեմբեր ամսից սկսած մարզվում է Ռուսաստանի հավաքականի հետ եւ մասնակցել է Կրասնոգորսկում, Սիկտիվկարում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցումների:

– Դահուկավազքում տարբեր դիսցիպլիններ կան: Մեր մարզիկները որո՞նց են մասնակցում:

– 10, 15 եւ 30 կիլոմետր վազքերին: Նրանք դեռ շատ երիտասարդ են, դրա համար էլ առայժմ չենք ուզում, որ հանդես գան գերմարաթոնյան մրցատարածություններում:

– Իսկ ինչպիսի՞ արդյունքներ են ցույց տալիս:

– Մեր դահուկավազորդները հանդես են գալիս տարիքային երկու մրցումներում: Կրտսերների ցուցանիշները բավականին հուսադրող են: Օրինակ, Սերգեյ Միքայելյանը, որն Աշոցքից է, Ռուսաստանի առաջնությունում մտել է լավագույն տասնյակ, ինչը ձմեռային մարզաձեւերի գերտերության համբավ ունեցող երկրի համար առնվազն հուսադրող արդյունք է:

– Այսօր մեր դահուկավազորդներն ինչո՞վ են զբաղված: Եվ վաղվա ի՞նչ ծրագրեր կան:

– Հիմա երեք մարզիկ գտնվում է Չեխիայում: Նրանք մասնակցում են մեր եւ միջազգային ֆեդերացիաների համատեղ ծրագրով իրականացվող մարզումներին: Դրա ավարտից հետո կվերադառնան Հայաստան, այստեղ հանդես կգան տեղում կազմակերպվելիք մրցումներում, որից հետո նրանց սպասում են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, Եվրոպայի երիտասարդական փառատոնը, պատանիների աշխարհի առաջնությունը:

– Նոր մրցաշրջանի ծրագիրն իսկապես հագեցած է: Մերոնց մասնակցությունն էլ, կարծես, վատ չէ: Բայց դահուկավազքում էլ օլիմպիական ուղեգրի հույս կա՞:

– Խոստումներ չեմ ուզում տալ: Տղաներն այդ ուղղությամբ աշխատում են ու փորձում անել առավելագույնը: Թուրինում, հիշում եք, երեք մասնակից ունեինք՝ երկու դահուկավազորդ եւ մեկ լեռնադահուկորդ: Այսօրվա դրությամբ, կարծում եմ, գալիք օլիմպիական խաղերում այդ թիվը չի նվազի: Բայց մի բանում վստահ եմ. անկախ Վանկուվերում մեր դահուկավազորդների թվաքանակից, մասնակցության որակն ավելի բարձր կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել