Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Հունվար 20,2009 00:00

\"\"Երիտասարդ ծաղրանկարիչը՝ կոլեգաների եւ արվեստի մասին

«Քաղաքական գործիչներից շատերի ծաղրանկարներն եմ նկարել, բայց ինչ-ինչ պատճառներով այս ցուցահանդեսիս մեջ չեմ ընդգրկել. ես դեռ 20 տարեկան եմ, դեռ մտածում եմ իմ ապագայի, կարիերայի մ

ասին, չէի ցանկանա առաջին քայլերիցս հանդիպել խոչընդոտների»,- ասում է երիտասարդ ծաղրանկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի՝ կերպարվեստի եւ գծագրության բաժնի ուսանող Կամսար Կարապետյանը: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում երիտասարդ ծաղրանկարիչը հանդես եկավ իր ծաղրանկարների առաջին անհատական ցուցահանդեսով: «Տարբեր թեմաներով եմ ներկայանում՝ ծոմապահությունից մինչեւ քաղաքականություն: Խորագիր չունի ցուցահանդեսս: Ծաղրանկարչությունն իմ կյանքն է, իմ դեմքը, մտքերս: Նկարում եմ նաեւ գունանկար, դիմանկար, բայց ծաղրանկարն ինձ ավելի հոգեհարազատ է»,- ասաց Կ. Կարապետյանը: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 20 գործ. «3-4 ամսվա աշխատանք է»: Ըստ նրա՝ «Ծաղրանկարչությունը Հայաստանում ստվերում է մնացել, շատ քչերն են դրանով հետաքրքրվում, մասնավորապես, երիտասարդության հետաքրքրությունների շրջանակներն այլ են: Ես էլ եմ նրանցից մեկը եւ խիստ անհանգստանում եմ ծաղրանկարչության եւ մեր ապագայով: Անհանգստանում եմ նաեւ արվեստի ապագայով, որը շատ շուտով կհայտնվի երիտասարդության անհուսալի ձեռքերում: Ոչ մեկին դեմ չեմ, չեմ էլ ուզում փնոված լինել, բայց լռել էլ չեմ կարող. երիտասարդությունը բացարձակ չի հետաքրքրվում արվեստով: Նրանց գրավում են մեքենաները, բջջային հեռախոսները, ոսկյա հաստ վզնոցները, որը ես առնվազն շանս վզին կկախեի…»: Ծաղրանկարչի խոսքերով՝ «Սրանք թերություններ են, որոնք բարձրաձայնվելու կարիք ունեն»: Կամսարը նկատում է. «Խնդրի լուծման առաջին ու կարեւոր պայմանը եւ փրկությունը մեր պատմության եւ արվեստի ուսումնասիրումն է: Իմ սերնդակիցներին խորհուրդ կտայի՝ որքան հնարավոր է շատ կարդալ, բայց ոչ թե գիրքը բացել եւ մի քանի տող ընդամենը աչքի տակով անցկացնել, այլ՝ խորությամբ ուսումնասիրել: Արվեստի նկատմամբ սեր եւ հետաքրքրասիրություն առաջացնելու հարցում կարեւորում եմ նաեւ մամուլի, մասնավորապես՝ հեռուստատեսության դերը: Նրանով 7 օր, օրը 24 ժամ տարբեր ալիքներով ցուցադրվում են նույն անձնավորությունները, որոնք ամեն տեղ, ամեն անգամ խոսում են նույն թեմայով, նույն պարզաբանումներով, նույն պաուզաներով… Ուսուցողական, դաստիարակչական ոչ մի հաղորդում չկա, իսկ պակասը շատ է զգացվում: Արվեստի մեծ թշնամիներից մեկն էլ համարում եմ ինտերնետը: Ես էլ ամեն օր օգտվում եմ դրանից, բայց այն ինձ համար ծառայում է որպես ինֆորմացիայի ձեռքբերման միջոց: Իմ սերնդակիցներից շատերը չեն էլ գիտակցում, որ «չաթ» անելով եւ «օդնոկլասնիկներ» խաղալով՝ չեն զարգանա, կռոբոտանան»:

Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ եթե ինքը լիներ հանրապետության նախագահ, մեկ ամսով կարգելափակեր ինտերնետի բոլոր ժամանցային կայքերը, կկրճատեր դիսկոտեկները, բարերն ու ակումբները. «Բացի վերը նշվածներից, կփոխեի նաեւ ողջ դասախոսական համակարգը, որպեսզի լսարանում հավաքված արվեստասեր ստվար զանգվածը չհիասթափվի իրականությունից, արվեստով չհետաքրքրվողներն էլ գոնե դասախոսների միջոցով հետաքրքրություն ձեռք բերեն արվեստի եւ մշակույթի նկատմամբ: Հատուկ երիտասարդության համար աշխատատեղեր կստեղծեի՝ բարձր աշխատավարձով, որպեսզի մենք՝ երիտասարդներս, մեր գրպանի պարունակությունից չամաչենք»: Ստեղծագործական միությունների մասով էլ Կամսարը դժգոհեց. «Նախագահ լինելու դեպքում բոլոր ստեղծագործական միությունների ղեկավարներին կպարտավորեցնեի տեղ տալ երիտասարդ ստեղծագործողներին եւ նրանց առջեւ դռները չփակել»: Երիտասարդի խոսքով. «Հայաստանի նկարիչների միության անդամները՝ ավագ կոլեգաները, իրենց քթից այն կողմ ոչ ոքի չեն տեսնում, չեն էլ ցանկանում գոնե ծանոթանալ եւ ճանաչել երիտասարդներին: Ես իմ այս առաջին ցուցահանդեսը չմտածեցի Նկարիչների միության «շքեղ» դահլիճում բացելու մասին, համոզված լինելով, որ մերժվելու էի: Չեմ հասկանում՝ նախա՞նձն է խոսում նրանց մեջ, թե՞ չեն հավանում այն, ինչ մենք անում ենք: Չեմ ժխտում՝ միությունում հանճարեղ արվեստագետներ կան, բայց հասարակությունը մեզ էլ պետք է ճանաչի, չէ՞: Միգուցե ես էլ իմ այս ցուցահանդեսով մի նոր խոսք եմ ասում»: Երիտասարդ ծաղրանկարիչը հավելում է նաեւ. «Իմ պատկերացմամբ, հրաշալի ծաղրանկարի հերոսներ կարող էին լինել շոու-բիզնեսի ներկայացուցիչները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել