ԳՐԵՅՍ ՄՈՒԳԱԲԵՆ ՊԱՅՔԱՐԵՑ «ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ԴԵՄ
Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուգաբեն (լուսանկարում) Հոնկոնգում ծեծի է ենթակել բրիտանացի ֆոտոթղթակից Ռիչարդ Ջոնսին, որը փորձում էր իրեն լուսանկարել, հաղորդում է BBC-ին: 43-ամյա Գրեյսը խիստ զայրացավ, երբ տեսավ, որ իրեն լուսանկարում են Հոնկոնգի 5-աստղանի շքեղ հյուրանոցից դուրս գալիս: Տիկնոջ թիկնապահը «կալմեջ արեց» ֆոտոթղթակցին եւ պահեց այնքան, որքան Գ. Մուգաբեն ցանկանում էր հարվածել լրագրողի դեմքին: Միջադեպից հետո Ջոնսը դիմել էր բժշկի, որը լրագրողի դեմքին հատնաբերել է բազմաթիվ վերքեր: Բանն այն է, որ Զիմբաբվեի առաջին տիկնոջ ձեռքի բոլոր մատներին կային խոշոր ադամանդներով մատանիներ: Ֆոտոթղթակցի խոսքերով, նա ցանկանում էր նկարահանել տիկին Մուգաբեի այցը Հոնկոնգ՝ ցույց տալու համար, թե ինչպիսի խորը հակասություն կա նախագահական ընտանիքի ապրելակերպի եւ Զիմբաբվեի ժողովրդի աղետալի վիճակի մեջ: Ինչպես հայտնի է, այդ երկրի բնակչության ուղիղ կեսը տառապում է մթերքի բացակայությունից եւ ամբողջությամբ կախված է հումանիտար օգնությունից: Գնաճը երկրում կազմել է 232 միլիոն տոկոս: Զիմբաբվեում շարունակվում է խոլերայի համաճարակը, որին զոհ է դարձել ավելի քան 2000 մարդ:
ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ԱՄՆ սենատի իրավական հանձնաժողովում երեկ քննարկվում էր արդարադատության նախարարի պաշտոնին հավակնող Էրիկ Հոլդերի (լուսանկարում) թեկնածությունը: «Նախորդ իշխանության»՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները «հարցախեղդ արեցին» Հոլդերին՝ հիշեցնելով 8 տարվա հնության մի պատմություն, երբ այդ ժամանակվա նախագահ Քլինթոնը ներում էր շնորհել գործարար Մարք Ռիչին, իսկ Հոլդերն այն ժամանակ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը եւ նպաստում էր այդ ներմանը: Ռիչը մեղադրվում էր Իրանի հետ նավթի անօրինական գործարքներ կնքելու մեջ, որոնց շնորհիվ նա աշխատել էր $48 միլիոն: Այս եւ մի շարք այլ հանցագործությունների համար Ռիչը դատապարտվել էր 325 տարվա ազատազրկման: Սակայն իր պաշտոնավարման վերջին օրերին՝ 2001 թվականի հունվարի 20-ին Քլինթոնը ներում է շնորհել գործարարին: Պատճառը, ըստ դիտորդների, այն էր, որ Ռիչը դեմոկրատական կուսակցույթան հիմնադրամին է նվիրաբերել $867 հազար, իսկ Քլինթոնի գրադարանին՝ $450 հազար: Երեկվա քննարկումների ժամանակ Հոլդերը չէր փորձում արդարանալ եւ ընդունում էր իր սխալը: Սակայն, փորձագետների կարծիքով՝ նա խնդիրներ չի ունենա իր պաշտոնում հաստատվելիս: Հանրապետականների «հարցաքննությունը» պարզապես «մեսիջ» էր Օբամայի դեմոկրատական վարչակազմին, որպեսզի վերջինս չզբաղվի Բուշի իշխանության օրոք կատարված սխալներով եւ հանցագործություններով: Նման պատրաստակամություն էր հայտնել Օբաման իր վերջին հարցազրույցներում:
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՎԱՐԴԻԱՆ»՝ ԸՆԴԴԵՄ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ»
Իշխող «Միասնական Ռուսաստան» երիտթեւը, որը կոչվում է «Երիտասարդական գվարդիա», երեկ ՌԴ մի շարք խոշոր կայարաններում ակցիաներ է անցկացրել, որոնց կարգախոսն է՝ «Մեր փողերը՝ մեր մարդկանց»: Ակցիաներն ուղղված են նախկին ԽՍՀՄ-ից Ռուսաստան ժամանող բանվորների դեմ: «Երիտասարդական գվարդիայի» ներկայացուցիչ Անդրեյ Տատարինովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ «գործատուները փող ունեն, որպեսզի նորմալ վարձատրեն մեր քաղաքացիների աշխատանքը, փողը թողնելով մեր տնտեսությանը եւ կերակրելով մեր ընտանիքներին, ոչ թե՝ հովանավորել օտար, արտասահմանյան տնտեսությունները»: Ռուսաստանյան իրավապաշտպանները գտնում են, որ նման ակցիաները հովանավորվում են իշխանության կողմից եւ ակնհայտորեն պարունակում են ազգայնական ծայրահեղականության տարրեր: Ըստ նրանց՝ գնացքներ դիմավորելը հաճախ ավարտվում է ազգային հողի վրա ծեծկռտուքով: Իրավապաշտպանները նշում են նաեւ, որ դա մի փորձ է իշխանությունների կողմից՝ ներկա բարդ տնտեսական իրավիճակում թեժ պահել ազգային ատելության կրակը: Պրագմատիկ տեսակետից՝ նման ակցիաները որեւէ օգուտ չեն տալիս. աշխատանքից հեռացված ինժեներների փոխարեն բանվորները հաստատ չեն կարողանա աշխատել: