Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կենգուրուն» կայցելի ՀՀ դպրոցներ

Հունվար 20,2009 00:00

\"\"Հայաստանցի երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու աշխարհում հայտնի միջազգային մրցույթին:

Մարտի 19-ը աշխարհի շուրջ 50 երկրների դպրոցների ավելի քան 5 միլիոն աշակերտների համար կլինի մրցութային, քանի որ այդ օրը կանցկացվի «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթը: ՀՀ-ում այն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, որը, դառնալով «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ, իրավունք ունի այդպիսի մրցույթ իրականացնել Հայաստանում: Բացի այդ, «Այբ» հիմնադրամի եւ ԿԳՆ-ի միջեւ 2008-ի տարեվերջին համաձայնագիր ստորագրվեց, ըստ որի՝ «Այբը» իրավունք ունի «Կենգուրու» մրցույթն անցկացնել ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում՝ ըստ կրթօջախների ցանկության: Անցյալ տարի մեր երկրում իրականացվեց փորձնական «Կենգուրու» մրցույթ, որին մասնակցեց 639 աշակերտ՝ 6 դպրոցից: Նրանցից 42-ը ցուցաբերեցին լավ, 4-ը՝ գերազանց արդյունքներ: Հունվարի 16-ից արդեն ՀՀ բոլոր դպրոցները կարող են գրանցվել մրցույթին մասնակցելու համար: Գրանցումը կտեւի մինչեւ փետրվարի 2-ը: Գործում է նաեւ www.kangaroo.am սայթը, որտեղից աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները կարող են ծանոթանալ մրցույթի անցկացման կարգին եւ այլ մանրամասների: Իսկ հունվարի 27-ին Երեւանի ֆիզմաթ դպրոցում տեղի կունենա ծանոթական սեմինար՝ դպրոցների տնօրենների համար:

«Առավոտը» «Կենգուրու» մրցույթի «կենսագրությանը» եւ այլ մանրամասների ծանոթացավ «Այբ» կրթական հիմնադրամի PR համակարգող Աննա Վելիցյանի հետ զրույցում: Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ առաջադրանքներ են ներկայացվելու աշակերտներին, եւ ի՞նչ մասնագետներ են դրանց հեղինակները: Ա. Վելիցյանը պատասխանեց. «Առաջադրանքները ներկայացված են փաթեթի տեսքով, ինչը ներառում է թե՛ թեստեր, թե՛ խաղի ձեւով կազմված առաջադրանքներ: Դրանք կազմվում են Փարիզում՝ «Կենգուրուի» գլխավոր գրասենյակում: Իսկ փաթեթների թարգմանությունը կատարվում է Հայաստանում՝ մեր մասնագետների միջոցով»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են համաձայնեցվում հայկական եւ միջազգային դպրոցական ծրագրերը: Ա. Վելիցյանն ասաց. «Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած առաջադիմության տեր՝ 3-11-րդ դասարանի աշակերտ: Առաջադրանքները կապ չունեն առարկայական ծրագրերի հետ, դրանք տրամաբանական են: Երեխաներին կտրվի 75 րոպե ժամանակ, իսկ մրցույթի ավարտից հետո արդյունքները կստուգվեն հիմնադրամում եւ Երեւանի ֆիզմաթ դպրոցում՝ հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով: Մրցույթի արդյունքները չեն առնչվում նաեւ երեխաների դպրոցական գնահատականներին, բոլոր աշակերտները ստանալու են մասնակցության հավաստագրեր, հուշանվերներ, իսկ լավագույնները՝ պատվոգրեր: Հաղթողներն էլ ամռանը կմեկնեն «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որեւէ մեկը՝ մասնակցելու միջազգային ամառային ճամբարների»: Ա. Վելիցյանը նաեւ տեղեկացրեց, որ «Կենգուրու» մրցույթի գաղափարը ծնվել է Ավստրալիայում, բայց այն առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում՝ 1991-ին: Դրա նպատակն է մաթեմատիկան հետաքրքիր ու սիրելի դարձնել աշակերտների շրջանում:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն իսկ անց էր կացվում մաթեմատիկայի միջազգային ստուգատես՝ TIMSS, որի ազգային համակարգող, ԳԹԿ փոխնախագահ Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք «Կենգուրուն» եւ TIMSS-ը «մրցակիցներ» են, եւ մաթեմատիկայի գծով երկու միջազգային ստուգատեսը շատ չէ՞: Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մրցակցություն չկա եւ չի կարող լինել «Կենգուրուի» եւ TIMSS-ի միջեւ, քանի որ դրանք լրիվ տարբեր նպատակներ են հետապնդում, եւ լրիվ գործառույթներ ունեն: Եթե «Կենգուրուն» մրցույթ է, երեխաներին «փայլելու», մաթեմատիկայով հետաքրքրվելու հնարավորություն է տալիս եւ նպատակ ունի հայտնաբերելու մերօրյա «էյնշտեյններին», ապա TIMSS-ը միջազգային ստուգատես է, որի արդյունքում լուրջ վերլուծություններ են կատարվում՝ տվյալ երկրում մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների վիճակի մասին: Եթե «Կենգուրուն» տաղանդներ է փնտրում, ապա TIMSS-ը որոնում է մասնակից երկրներում կրթական համակարգի օբյեկտիվ պատկերը՝ առանց անձնավորելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել