Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՊԱՐԱՊԵԼՈՒՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ

Հունվար 20,2009 00:00

\"\"Դրանից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս պարապել ռեժիմով եւ քիչ ծանրաբեռնվածությամբ

«Քննությունն ինձ համար միշտ տոն է»՝ այս հայտնի արտահայտությունը թերեւս չի վերաբերում «Առավոտի» զրուցակից, ԵՊՀ ուսանողուհի Արփինե Սահակյանին: Նա քննությանը պատրաստվելու պատճառով հայտնվել է բժիշկների ձեռքում: «Քանի որ Ամանոր էր՝ չէի հասցրել նախօրոք պատրաստվել հունվարի 7-ին նշանակված քննությանը: Երկու օր առաջ սկսեցի պատրաստվել: Հունվարի 6-ի երեկոյան ժամը յոթն էր, դեռ 20 հարցի չէի հասցրել անդրադառնալ: Ուստի տասնհինգ րոպե հաճախականությամբ մի բաժակ սեւ սուրճ էի խմում, որ գիշերը կարողանամ արթուն մնալ ու պարապել: Երբ չորս բաժակ սուրճ արդեն խմել էի, զգացի, որ հակառակ երեւույթն է ինձ մոտ սկսվում. գլուխս պտտվում է, աչքերիս առաջ սեւանում, տարօրինակ զգացողություններ ունեմ… Մեկ էլ արթնանում եմ ու տեսնում, որ պառկած եմ անկողնումս, կողքիս էլ բժիշկներ են նստած: Պարզվեց՝ ճնշումս ահավոր բարձրացել էր, եւ ես ընկել էի ինչ-որ տարօրինակ շոկի մեջ: Հաջորդ օրն ի վիճակի չէի քննության ներկայանալ, ուստի ստիպված պիտի «բաց դռներին» հանձնեմ այն»,- պատմեց քննության «զոհ» դարձած ուսանողուհին:

Այսպիսի իրավիճակներում հայտնվելու պատճառն այն է, որ ուսանողների մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս դասախոսների հորդորները՝ քննությանը պատրաստվեք ոչ թե վերջին մի քանի օրում, այլ՝ դասերի ընթացքում: Մյուս կողմից էլ մի քանի օրում անգիր արած գիտելիքները որքան շուտ հայտնվում, այնքան արագ էլ դուրս են թռչում գլխից: Մի քանի օրում մի քանի գիրք կարդալը եւ ուղեղի այլ տիպի ծանրաբեռնվածությունները, ըստ բժիշկների, կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Թերապեւտ Գայանե Միրումյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ուղեղի ծանրաբեռնվածությունից կարող են առաջանալ նեւրոզներ: Չնայած բժշկության մեջ նեւրոզները հիվանդություն չեն համարվում, սակայն կարող են բազում լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ցավոք, այսօր երիտասարդների շրջանում երեքից մեկն ունի վեգետանեւրոզ, այսինքն՝ գործառութային խանգարումներ: Իսկ ծանրաբեռնվածությունից կարող են առաջանալ ճնշման տատանումներ, անքնություն, թթվածնային քաղց եւ այլ բարդություններ»: Այսպիսի բարդություններից խուսափելու համար Գ. Միրումյանը ուսանողներին խորհուրդ է տալիս. «Առույգ լինելու համար անհրաժեշտ է գիշերը գոնե 7 ժամ քնել: Ամեն օր պիտի զբաղվել մարմնամարզությամբ: Քննական շրջանում լավ կլինի, որ երիտասարդները մեղրաջուր խմեն, շատ միրգ ուտեն, սնվեն սպիտակուցներով հարուստ սննդով: Քանի որ քննություններին պատրաստվելիս ուսանողները շատ են հոգնում, ապա նրանց անհրաժեշտ է կուտակել դրական լիցքեր՝ օրվա ընթացքում գոնե կես ժամ սիրած գործով զբաղվելով եւ երաժշտություն լսելով»:

Մեզ հետ զրույցում ուսանողների մեծամասնությունը խոստովանեց, որ իրենց չի հաջողվում դասերի ընթացքում պարապել, եւ ամեն ինչ թողնում են վերջին օրերին: Նաեւ համաձայնեցին «Առավոտին» բացահայտել որոշ ուսանողական գաղտնիքներ, որոնք կարող են բարձր գնահատական ստանալու երաշխիք դառնալ: Իհարկե, նրանցից ոչ մեկը չխոսեց կաշառք տալու ձեւերի եւ պայմանների մասին: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Արուսիկ Հարությունյանը նկատեց. «Երբեմն դասախոսի հնչեցրած հարցից հնարավոր է լինում կռահել ճիշտ պատասխանը»: Ապագա հոգեբան Արփի Հայրապետյանն էլ ասաց. «Եթե տվյալ հարցի պատասխանն այնքան էլ լավ չգիտես, պետք չէ հրաժարվել պատասխանելուց: Պարզապես՝ պատասխանելու ժամանակ անհրաժեշտ է նայել դասախոսի հոնքերի միջեւ եղած տարածությանը: Դա շեղում է զրուցակցի ուշադրությունը, եւ նա չի էլ հասկանում, որ պարզապես չի լսում դիմացինի ասածները: Այս թեզը ոչ թե ես եմ հորինել, այլ ապացուցվել է հոգեբանական բազում փորձերի ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել