Պատմական վավերագրությունը եւ «Հայք» կինոստուդիայի աղքատամտությունը
Սկիզբը՝ «Առավոտ», 16.01.2009
Իմ հրապարակման նախորդ հատվածում ես հակիրճ անդրադարձել եմ այն բացթողումներին, որոնք, իմ կարծիքով, առկա են «Հայք» կինոստուդիայի «Նախիջեւան. կորուսյա՞լ աշխարհ…» ֆիլմում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Խաչատուր Սարգսյան), որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2008 թ. դեկտեմբերի 27-ին, Երեւանի կինեմատոգրաֆիստների տանը: Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ դիտողին պատմական ու համոզիչ փաստերով պետք էր հասու դարձնել այն պատճառը, թե ինչո՞ւ է Նախիջեւանը 1921թ. հայտնվել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է նախիջեւանահայը զրկվել իր ծննդավայրում ապրելու իրավունքից: Խոսք պետք է ասվեր նաեւ նախիջեւանահայության պասիվության, իրենց ծննդավայր հայրենիքի նկատմամբ ցուցաբերվող այսօրվա անտարբերության մասին: Այս ամենի հակիրճ ու ընդգրկուն սցենարի տեքստը ակնհայտորեն պետք էր փոխարիներ ֆիլմում անհարկիորեն զետեղված հարցազրույց-խոսքերին, որոնք իրար ու սցենարի տեքստի հետ չմերվող դատարկ խոսքեր են: Վերջիններիս ֆիլմում տեղ տալը, իմ կարծիքով, պայմանավորված է ֆիլմին ինչ-որ չափով տեսք տալու, աղքատամտությունը շղարշելու նպատակով:
Ցավոք, ֆիլմի հեղինակները, որոնք պետական միջոցներով նկարահանած ֆիլմը կարծեք թե միմիայն իրենց իմացության կամ էլ ընտանեկան դիտումների համար են ստեղծել, այնքան անտեղյակ են վերոհիշյալ փաստերով հագեցած գիր ու գրականությանը, որ այս ամենի թվարկումն իսկ նրանց համար ուղղակի անհաղթահարելի բեռ կարող է թվալ: Թեմային ծանոթանալը ամենեւին էլ դժվար խնդիր չէր. պարզապես պետք էր մի քանի շաբաթ նստել եւ ուսումնասիրել այդ բնագավառին վերաբերող գրականությունը եւ նոր միայն ձեռնամուխ լինել նպատակադրված ծրագրերի իրականացմանը: Այլապես, այսօրինակ աշխատանքները, լինի դա կինոֆիլմ, թե գիտական ուսումնասիրություն՝ ոչ միայն անպտուղ են Նախիջեւանի խնդրի համար, այլեւ ուղղակիորեն, թե անուղղակի արժեզրկում են Հայաստանի ու հայության պետական ու պատմական իրավունքի խնդիրները: Տպավորություն է ստեղծվում, որ «Հայք» կինոստուդիան, նման անմակարդակ ֆիլմի թողարկում տալով, միայն իր ներկայությունն է արձանագրելու:
Այսպիսի իրավիճակի համար է ժողովրդական՝ «հացը հացթուխին տուր, մի հաց էլ ավելի տուր» իմաստուն խոսքը: Այս առումով նշեմ նաեւ այն, որ 28 րոպե տեւողությամբ ֆիլմում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման 2-3 րոպեանոց տեսակադրերից զատ, ֆիլմի մնացած տեսաշարային կադրերը՝ 12-13 կադրերից բացի, Նախիջեւանին չեն վերաբերում: Այնպես որ, դիտողին անհայտ է մնում նաեւ ֆիլմի տեսաշարային նյութի վավերականությունը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ Նախիջեւանի վերաբերյալ կան բազմահազար փաստագրական կադրեր, առկա են տեսաֆիլմային եւ հեռուստահաղորդումների մեկ տասնյակի հասնող նկարահանումներ: Պարզապես, պետք էր ջանք գործադրել, տեղեկացված լինել այդ ամենի մասին, ունենալ գոնե սկզբնաղբյուրների նվազագույն իմացություն եւ այդ ամենից պատշաճ կարգով օգտվելու շնորհք ու իրավունք: Այլապես մարդ կարող է ընկնել զավեշտական իրավիճակների մեջ: Օրինակ, սցենարիստի եւ խմբագրի «իմացության» ակնառու նվաճումն է, որ ֆիլմի սկզբում Քրիստոսից առաջ ժամանակը փաստելիս խոսնակն ասում է՝ «5-7-րդ դարեր»: Այնինչ, դպրոց հաճախող ամեն մի աշակերտի էլ հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ դարերը ոչ թե աճում են, այլ ճիշտ հակառակը՝ նվազում են:
Մեկ այլ անճշտություն. ֆիլմում խոսնակը ազդարարում է, որ Նախիջեւանի Օձասար կամ Վիշապասար լեռան վրա 1989 թ. հայտնաբերված ուրարտական սեպագիրը հայտնաբերել է մոսկվացի հնագետ Իգումնովը: Այնինչ, հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Վալերի Իգումնովը այդ սեպագիրը հայտնաբերելիս Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի եւ վերլուծական կենտրոնի տնօրեն էր: Փույթ չէ, որ այս ամենը փաստված է վերոհիշյալ սեպագրի հրատարակման սկզբնաղբյուրում: Ամենեւին ճիշտ չէ նաեւ Վիլյամ Սարոյանին եւ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին արմատներով Նախիջեւանից համարելը: Առ այսօր թե՛ Պետրոսյանի եւ թե՛ Սարոյանի կենսագրական ուսումնասիրությունները այդպիսի փաստեր չեն արձանագրել: Սարոյանի վերաբերյալ գրականության մեջ միայն մեկ հիշատակումը դեռեւս ուսումնասիրության կարոտ է եւ տեղին չէ նման չհիմնավորված կարծիքը փաստագրական ֆիլմում:
Այս ֆիլմի ասելիքը այնքան թույլ ու աննշան է, որ նրա դիտումից անմիջապես հետո կինոդիտողներից մեկը (հավանաբար՝ լրագրող) պնդեց, որ Նախիջեւանը Արեւմտյան Հայաստան էր, մեկ ուրիշն էլ պնդում էր, որ Ջուղայի գերեզմանատանը դեռեւս պահպանվել է 2000-ի չափ խաչքար եւ «Իկոմոս-Հայաստան» հասարակական կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկել դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ առնելու ուղղությամբ: Այստեղ, ինչպես ընդունված է ասել, մեկնաբանություններն ավելորդ են:
Մի հանգամանք եւս. վերը նշածս բացթողումների ու անճշտությունների մի մասը չէր լինի, եթե այդ ֆիլմի աշխատանքներին մասնակցություն ունեցած լինեին ֆիլմի երկու գիտական խորհրդատուները: Իմ տպավորությունն այն է, որ նրանց ազգանունները հենց այնպես են գրվել: Ավելի ճիշտ՝ ֆիլմի պատմագաղափարական, գիտական կողմը շղարշով ապահովագրելու: Այլապես՝ անհավատալի եւ անհնար է, որ բանիմաց ուսումնասիրողներից մեկի՝ պատմական գիտությունների դոկտոր Է. Զոհրաբյանի աչքից վրիպեին XIX-XXդդ. Նախիջեւանի պատմական անցուդարձերի կարեւոր փաստերը:
Մինչեւ այս խոսքիս շարադրելը՝ փնտրեցի-գտա դարձյալ «Հայք» կինոստուդիայի 2008 թ. պետպատվերով նկարահանված մեկ այլ պատմավավերագրական՝ Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» ֆիլմը, որի շնորհանդեսը եւ թողարկումը 2008 թ. հոկտեմբեր, թե նոյեմբեր ամսին պաշտոնապես արգելվեց նույն կինոստուդիայի կողմից: Ուզեցի զուգահեռներ անցկացնել, ինձ համար պարզել թե՛ «Հայք» կինոստուդիայի դիրքորոշումը եւ թե՛ մամուլում տեղ գտած իրարամերժ կարծիքների հիմքը: «Սարդարապատի» դիտումից հետո զարմանքս ավելի խորացավ, մտորումներս բազմապատկվեցին: Փորձեցի այդ երկու ֆիլմերը, որոնք նույն կինոստուդիայի ծրագրերն են, մի պահ իրար կողքի դնել: Ամաչեցի արածիցս, ըմբոստացա ինքս իմ դեմ այս հանդուգն մտածումիս համար: Քանզի ուզում էի համեմատել անհամեմատելին՝ խոտանի մակարդակի «Նախիջեւան. կորուսյա՞լ աշխարհ…» եւ բարձր բեմադրական ճաշակով, հրապարակախոսական պաթոսով ու վերլուծական ընդգրկուն սցենարով իրականացված «Սարդարապատը»: Մեկ-երկու ոչ ճշգրիտ ներկայացված փաստերից զատ, Խզմալյանի ֆիլմը ակնհայտորեն նվաճում է վավերագրական ֆիլմերի մերօրյա պատմության համար եւ պատիվ կբերի ցանկացած կինոստուդիայի: Սակայն այդ ֆիլմի՝ հանրությանը չներկայացնելու եւ թողարկման արգելումը վերստին փաստում է «Հայք» կինոստուդիայի՝ մեր օրերում պատմական թեմաներ վավերագրելու, պատմական ճշմարտություն ի հայտ բերելու անընդունակությունը: Քանզի, ստուդիայի տնօրինությունն ու գեղխորհուրդը, այդ երկու ֆիլմերի օրինակով, կարծեք ակնհայտորեն ստանձնել են խորհրդային գրաքննության (կամ էլ 1930-ական թվականների եռյակի) դերը՝ պատմական վավերագրությունից մկրատելու փաստ ու կռվանը, հակակարծիքն ու քննադատական խոսքը, անցյալի եւ անհատ գործիչների, իշխանությունների այս կամ այն քաղաքական իրավիճակներով պայմանավորված սխալներին ու բացթողումներին անդրադառնալը:
Նկատենք, որ այն, ինչ ասվում-ներկայացվում է Տ. Խզմալյանի ֆիլմում, արձանագրված են Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ գիտահետազոտական աշխատություններում եւ հոդվածներում: Խզմալյանը, կարելի է ասել, որ այդ ամենը իր հասկացողությամբ է ի մի բերել եւ ի ցույց դրել էկրանին, որն էլ դուր չի եկել կինոստուդիայի ղեկավարությանը:
Մեր իրականության մեջ, ցավոք, դեռեւս անհաղթահարելի է սեփական սխալներն ընդունելու բարոյական նորմը: Ավելին, այն, կարծեք, ընդհանրական բնույթ է կրում եւ հայ ղեկավարի ու պաշտոնատար անձի, պետական գործչի, մտավորական մարդու վարքագծի հատկանիշ է դարձել: Հատկանիշ, որն իր մեջ արմատավորում է կուռքի աստիճանի հասցված առարկայապաշտությունն ու ապազգայնությունը, աններելի անտարբերությունը հայ ժողովրդի պատմական ու հոգեւոր արժեքների նկատմամբ: Եվ հանրապետության ամեն մի նոր ղեկավարի ու գործչի պաշտոնավարմամբ, կարծեք թե, Հայաստանը կամ էլ երկրի այս կամ այն բնագավառի գոյությունն ու սկզբնավորումը սկսում է նրանցից ու միմիայն նրանցից: Եվ թվում է, թե ազգովին տառապում ենք մի անբուժելի հիվանդությամբ, որի անունն է հիշողության ու ժամանակի կորուստ, անցյալն ու ներկան անձնավորված ներկայացնելու բարբաջանք: