Բոլորովին վերջերս Սյունիքի մարզի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության տարածքային բաժնի ստացած ահազանգը անարդյունք չմնաց:
Հիշեցնենք, որ Շիկահողի գյուղապետը մար զի բնապահպաններին տեղյակ էր պահել, որ գայլերը սկսել են անհանգստացնել գյուղացիներին, վնաս են հասցրել գյուղաբնակների ընտանի կենդանիներին: Բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի ղեկավարությամբ ստեղծվեց գայերի որսի 15 հոգանոց խումբ՝ Շիկահողի պետարգելոցի, Կապանի անտառտնտեսության աշխատակիցներ, Շիկահող համայնքի բնակիչ որսորդներ: Համագործակցություն է եղել նաեւ Սյունիքի մարզային ոստիկանության հետ: Շաբաթ օրվա որսի ժամանակ հաջողվել է սպանել մեկ գայլի՝ Շիկահողից 13-14 կմ հեռավորության վրա: Լեւոն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որսը հաջող չի համարում, որովհետեւ չեն հանդիպել ոհմակով շրջող գայլերի: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ տեղացած առատ ձյունն է պատճառը, որ գայլերը սնունդ փնտրելու նպատակով իջնում են գյուղ: Լեւոն Պետրոսյանը երկար տարիներ է, ինչ այս ոլորտում է աշխատում, բայց գայլերի զանգվածային «այցելության» առաջին անգամ է հանդիպում եւ առաջին անգամ է, որ գայլերի որս է կազմակերպվում: Բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետն ասաց նաեւ, որ իրենց բաժինը հետեւողական կլինի եւ անհրաժեշտության դեպքում նման միջոցառումներ էլի կկազմակերպվեն:
Իսկ մինչ այդ, Շիկահողի բնակիչ որսորդները խոստանում են աչալուրջ լինել եւ հսկել գյուղի տարածքը:
Ի դեպ, գիշատչի հարձակման մի դեպք էլ արձանագրվել էր Ծննդյան տոներից քիչ անց՝ Կապան քաղաքում: Լեռնագործ թաղամասի բնակիչ Անուշավան Անդրեասյանի հավաբուն էր մտել կովկասյան անտառակատու եւ երկու հավ կերել: Բնակիչը բահով սպանել էր անտառային կատվին: Այս կենդանու որսը արգելված է, ապօրինի որսի համար սահմանված է 200 հազար դրամ տուգանք: Սակայն Անուշավան Անդրեասյանի դեպքը բացառիկ է, եւ տուգանք չի նշանակվել: