Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞

Հունվար 20,2009 00:00

Ֆինանսատնտեսական ճգնաժամից ստացվելիք հնարավոր կորուստներն այնքան ահ ու սարսափ չեն տարածում Էջմիածնում, որքան անհատ ձեռնարկատերերի ներքին լարվածությունը՝ Կոմիտասի հրապարակին կից փողոցներից մեկի նկատմամբ կիրառվող վետոյի հետեւանքով:

Խոսքը կենտրոնական՝ Մաշտոցի փողոցի մասին է, որտեղ հասարակական սպասարկման մի շարք օբյեկտներ են, եւ որի 100-150 մետրանոց մի հատված տոներից առաջ արդեն փակ էր:

Բանն այն է, որ սույն փողոցի աջակողմյան մասում է գտնվում ԵԿՄ գրասենյակը, որի մուտքը նայում է հենց փողոցին:

Մինչ Կարեն Գրիգորյանի քաղաքապետ դառնալը՝ ԵԿՄ գրասենյակն ավելորդ աչք ու ավտոյից մաքրելու խնդիր չի եղել: Քաղաքապետի փոփոխությունից հետո այդ հարցն այնպիսի արագությամբ հասունացավ, որ գրասենյակի հարեւանությամբ գտնվող առեւտրի եւ սպասարկման օբյեկտների տերերը չհասցրին էլ զգալ, թե ինչպես իրենք եւ իրենց ավտոմեքենաները հայտնվեցին սեփական օբյեկտների ետնամասում: Որ մայթը մեքենաներից ազատելու պահանջն իրենց առջեւ է դրվել, դրա հետ մի կերպ հաշտվել են, բայց երբ դա պահանջվում է նաեւ հաճախորդներից՝ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում օբյեկտների տերերին:

Արգելելով ԵԿՄ-ի հարեւանությամբ գտնվող սպասարկման օբյեկտներ այցելող քաղաքացիների ավտոմեքենաների կանգառն ու կայանումը փողոցի հիշյալ հատվածում՝ գեներալ Մանվելն ուղղակիորեն հարվածի տակ է դրել այդ կենտրոնների շահութաբեր գործունեությունը՝ տեղի տալով ոչ միայն դրանց տերերի, այլեւ այցելուների դժգոհությանը:

«Մեքենաները կանգնեցնելու տեղ չունենալու պատճառով հաճախորդներիս կեսին արդեն կորցրել եմ: Իսկ եթե առաջարկում եմ մեքենաները օբյեկտի ետեւի մասում կանգնեցնել՝ դուրները չի գալիս: Ասում են՝ տեղ չկա՝ ուրիշ տեղ կգնանք: Բա էսպես ո՞նց կլինի»,- մտահոգությունը կիսեց սեփականատերերից մեկը՝ պայմանով, որ անձը չի գաղտնազերծվելու: Ցավոք, Էջմիածինը միակ բնակավայրը չէ, ուր մարդիկ նախընտրում են դժգոհել անհայտ մնալու պայմանով:

ԵԿՄ գրասենյակի հարեւանությամբ են գտնվում նաեւ մի շարք բազմաբնակարան շենքեր, որոնց առաջին հարկերում էլ հենց նշված օբյեկտներն են: Այս հատվածում ավտոմեքենաների կանգառն ու կայանումն արգելելը, պարզվում է, դժգոհություն է առաջացրել նաեւ շենքի բնակիչների շրջանում: Մեքենայատեր բնակիչներն ասում են, որ «նորեկ» ավտոների պատճառով անհնարին է դարձել իրենց մեքենաների ազատ տեղաշարժը:

Հրապարակից 50 մ հեռավորության վրա տեղադրված կանգառն արգելող նշանից բացի, «զոնա» կոչվող հատվածը նաեւ մշտական հսկողության տակ է: Աստված չանի, որ բանից անտեղյակ մեկը հանկարծ մի քանի վայրկյան կայանի «զոնայում». անմիջապես կհայտնվեն համապատասխան մարդիկ՝ խեղճի հետ համապատասխան դաստիարակչական աշխատանք տանելու համար:

Մաշտոցի նշված հատվածը Էջմիածնի՝ թվով 3-րդ փողոցն է, որտեղ մեքենաների մուտքն արգելել է Մանվել Գրիգորյանը: Վաղուց արդեն փակ են Ալավերդյան եւ Սպանդարյան փողոցների այն հատվածները, որտեղ առաջինում՝ գեներալի առանձնատունն է, երկրորդում՝ սեփական համալսարանը:

Այսպես շարունակվելու դեպքում՝ չի բացառվում, որ Էջմիածինը ոչ հեռավոր ապագայում դառնա առաջին փակ քաղաքը՝ բառիս ամենաուղիղ իմաստով:

Իսկ ահա Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ եթե «փակ փողոց» ասելով նկատի ունենք քաղաքապետարանի դիմացի հատվածը, ապա այնտեղ առաջ աղբանոց էր, ուր չէին երեւում Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի հուշարձանները, իսկ հիմա այգի է հիմնվել եւ «շատ սիրելի զբոսավայր դարձել»: Այգին կառուցվել է քաղաքապետարանի միջոցներով, 2008 թվականին՝ Մակար Եկմալյանի 100-ամյակի կապակցությամբ, տեղադրվել է նրա կիսանդրին, կառուցվել խաղահրապարակ, տեղադրվել է նաեւ արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձան: Այս հատվածում, ըստ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի, ընդհանրապես ոչ մի մեքենա մուտք չունի, այդ թվում եւ՝ քաղաքապետի մեքենան: Իսկ եթե խոսքը քաղաքապետարանին հարող, քաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի փողոցի մասին է, ապա այնտեղ տեղադրված է կայանելը արգելող նշան՝ Կոմիտասի հրապարակից 50 մետր շառավղով, որը հավասարապես վերաբերում է բոլորին: Իսկ ընդհանրապես «Էջմիածնում չկա մի վայր, որտեղ քաղաքապետի մեքենան կանգնում է, բայց ուրիշ մեքենա չի կարելի կանգնեցնել»,- հավաստիացրին քաղաքապետարանի լրատվության բաժնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել