Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի ինստիտուտ՝ «ԳԱԼԱ»-ում

Հունվար 20,2009 00:00

Քաղաքացիների դիտարկմամբ՝ ստեղծվածը «հեղափոխական» կառույց է

Արդեն մի քանի օր է՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, հետեւելով միջազգային փորձին, ներմուծել է «ներքին օմբուդսմենի» ինստիտուտը, որը նպատակ ունի հեռուստադիտողների առաջարկներն ու քննադատությունները լսելու միջոցով հանրայնացնել հեռուստաընկերությունը: «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը «Առավոտի» հարցին, թե՝ «մտահղացումը կապված չէ՞ ժողովրդին պարտքեր ունենալու հետ» (հիշեցնենք, որ անցած տարի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եթերազրկումից փրկեց ժողովուրդը՝ հարկայինի «նկարած» առասպելական պարտքը՝ 26 միլիոն 899 հազար 955 դրամը հավաքելով- Ն. Ա.), ասաց. «Չասենք, որ գաղափարը կապված է «ԳԱԼԱ»-ի պարտքի հետ, այլ հասունացել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ ունեցած զրույցներից մեկի ժամանակ, երբ նա ասաց, որ արտերկրում կա այսպիսի մեխանիզմ: Ես էլ որոշեցի կյանքի կոչել այն: Այն օրվանից, երբ «ԳԱԼԱ»-ի խոսքը դարձավ ազդեցիկ, ես որոշեցի անպայման ստեղծել մի կառույց, որը զսպաշապիկ կլինի լրագրողների համար, որպեսզի նրանք ավելորդ բաներ չանեն, սա սահմանների մեջ կպահի լրագրողներին: Իշխանությունը պետք է միշտ հաշվետու լինի ժողովրդին: Քանի որ ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն են, նրանք եւս պետք է հաշվետու լինեն, երբ իշխանությունը հաշվետու չէ, սկսվում են շատ վատ գործընթացներ: Ինչքան կառույցը հզորանա, այնքան անհրաժեշտ է դառնում նրան վերահսկողության տակ պահելը: Ես կողմնակից եմ, որ լինեն կարծիքների բախումներ, օրինակ՝ մի թեւը զանգի մի բան ասի, մյուսը՝ հակառակը պնդի: Օրինակ, մենք ունենք հեռախոսազանգեր, երբ մարդիկ բողոքում են, թե ինչո՞ւ Ղուկասյան Վարդանը «ԳԱԼԱ»-ի եթերում չի եղել, մյուս կողմից ունենք զանգեր, երբ նախազգուշացնում են, եթե Ղուկասյան Վարդանին հյուրընկալեք՝ մենք ձեզնից կհիասթափվենք: Այսպիսի բախումները անհրաժեշտ են, վեճի արդյունքում է ծնվում ճշմարտությունը»,- պարզաբանեց «ԳԱԼԱ»-ի սեփականատերը:

Ի դեպ, վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ցածրաճաշակ առաջարկները միանշանակ չի ընդունելու, օրինակ՝ բրազիլական հեռուստասերիալներ ոչ մի պայմանով չի ցուցադրելու: «Ես կուզեի, որ գյումրեցի հեռուստադիտողը անհամեմատ ավելի մեծ պահանջ ունենար, ավելի բարձրաճաշակ լիներ, ընդհանրապես հեռուստատեսությունը կոմերցիա է, բայց միշտ չէ, որ կոմերցիայով պետք է առաջնորդվես, եթե կա ցածրաճաշակ սերիալների պահանջ, պետք չէ դա եթեր տալ: Ես պրագմատիկ նկատառումներ ունեմ. եթե մեծ գումար ծախսեի ու սոցհարցումներ պատվիրեի, երբեմն էլ չհավատայի դրանց արդյունքներին, ապա այս դեպքում բացառապես անվճար ծառայություն է ինձ մատուցվում, ես որոշակի պատկեր կունենամ, թե ժողովուրդը հեռուստաընկերությունից ինչ աստիճանի գոհ է կամ դժգոհ»,- հավելեց «ԳԱԼԱ»-ի սեփականատերը: «ԳԱԼԱ»-ի օմբուդսմեն Վահան Թումասյանն էլ, ով, ի դեպ, ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, Խոսքի ազատության կենտրոնի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգողներից մեկը, «Առավոտին» փոխանցեց, որ մի քանի օրվա մեջ հնչած հեռախոսազանգերը կապված են մարդու իրավունքների՝ կենսաթոշակների, փողոցների խայտառակ վիճակի հետ, կան նաեւ քննադատություններ այն մասին, թե ինչո՞ւ «ԳԱԼԱ»-ն չլուսաբանեց Վարդան Ղուկասյանի քարոզարշավը: «Ասեմ, որ կա հասարակության մի խավ, որը կարծես թե սխալ է հասկացել մեր հայտարարությունը, մտածում է, որ օմբուդսմենի ինստիտուտը ստեղծվել է իրենց իրավունքները պաշտպանելու համար: Օրինակ, ինձ կանգնեցնում են փողոցներում ու իրենց դարդ ու ցավից խոսում, անցած օրը տաքսու վարորդներից մեկը հարցնում է՝ վերջապես մեր վիճակն ի՞նչ է լինելու, ժողովրդին ոտքի կանգնեցրեք, մտածում են, թե սա հեղափոխական մի կառույց է, համենայնդեպս՝ կարծում եմ, որ այս միջոցով մենք ժողովրդին կմոտեցնենք հեռուստաընկերությանը»,- ասում է «ԳԱԼԱ»-ի օմբուդսմենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել