Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Հունվար 20,2009 00:00

\"\"Վրաստանում տարեվերջյան դատավարությունն ընթացել է առանց մեղադրյալի

Ախալքալաքի 27-ամյա բնակիչ Գուրգեն Շիրինյանի «պաշտպանությունը» դեկտեմբերի 29-ին իրականացրեց վրացի փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին: Գ. Շիրինյանը մեղադրվում էր Վրաստանի Հանրապետության ՔՕ 236 հոդվածով՝ ոստիկանի սպանության համար: Նա դատապարտվեց 17 տարվա ազատազրկման, թեեւ չի մասնակցել դատավարությանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Շիրինյանը «կանխամտածված սպանության փորձ է կատարել 2 եւ ավելի մարդկանց նկատմամբ»: Մինչդեռ, փաստաբանի գնահատմամբ՝ «Նախաքննությամբ չի հաստատվել պայթուցիկ նյութը, ենթադրաբար՝ նռնակը», որով 2008 թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի Թամար-Մեպե 74 հասցեում գտնվող բնակելի տան մոտ տեղի է ունեցել պայթյունը:

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան վերոնշյալ տանը, որտեղ բնակվել է Գ.Շիրինյանը, կատարվել է խուզարկություն: Ըստ վրացի իրավապահների իրականացրած նախաքննության՝ խուզարկության ժամանակ «հանկարծ» հայտնվել է «ինքնաձիգով» Գ. Շիրինյանը, որն էլ կրակել է Ախալքալաքի ՆԳ վարչության աշխատակիցների վրա: Հրազենային կրակոցների հետեւանքով տեսուչ-խուզարկու Արթուր Բերուջանյանը տեղում մահացել է: Գ. Շիրինյանը դիմել է փախուստի:

Հիշեցնենք, որ Գ. Շիրինյանը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) շարժման ակտիվիստներից է, նրա առաջնորդ Վահագն Չախալյանի ընկերը: Նրա փախուստից հետո ոստիկանության բաժին են տարվում Գուրգենի հայրը՝ Հարությունը եւ հորաքույրը՝ Կարինեն: Հարցաքննությունն ընթանում է ռուսերեն, որին կասկածյալները չէին տիրապետում: ՋԵՄՄ-ի գրասենյակից էլ ոստիկանները առգրավում են հետեւակային ական եւ փամփուշտներ: Նկատենք, որ թե՛ գրասենյակը, թե՛ Շիրինյանների տունը վերահսկվել է ոստիկանների կողմից:

Իմանալ-չհայտնելու մասին հոդվածով 2-ական տարվա պայմանական ազատազրկման են դատապարտվում Հարություն եւ Կարինե Շիրինյանները: Նրանք, ըստ մեղադրական եզրակացության, «մարտական զինամթերքն ու պայթուցիկ նյութերն ապօրինաբար պահել են Ախալքալաքում, իրենց տանը՝ ամենօրյա եւ անձնական օգտագործման իրերի հետ»:

Ի՞նչ պարզվեց Ախալցխայի շրջանային դատարանում՝ դատավոր Նելլի Գոնգաձեի նախագահությամբ ընթացած դատաքննության ժամանակ:«Իրեն ներկայացված մեղադրանքի կապակցությամբ Գուրգեն Շիրինյանի վերաբերմունքն ինձ հայտնի չէ, իսկ առանց նրա վերաբերմունքի իմացության՝ դատական պաշտպանության կազմակերպումը հակասում է օրենքին»,- վրացերեն-ռուսերեն-հայերեն թարգմանությամբ ասում է պաշտպան Զուրաբ Ռոստիաշվիլին: Ուշադրության թերեւս արժանի է այն, որ Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրենք՝ դատական քննությունն իրականացնել մեղադրյալի բացակայությամբ: Չնայած դրան՝ պաշտպանն իր 16 էջանոց պաշտպանական ճառում պահանջում է արդարացման դատավճիռ իր 3 պաշտպանյալների՝ Շիրինյան ընտանիքի նկատմամբ, մասնավորապես, նկատելով, որ «Գ. Շիրինյանի կողմից սպանության իրականացումն ապացուցված չէ»: Դատաքննության ժամանակ հանգուցյալ ոստիկանի հայրը՝ Վոլոդյա Բերուջանյանը ասել է. «Վստահորեն չեմ կարող ասել, արդյոք, Շիրինյանը հանցագո՞րծ է, թե՝ ոչ»: Տուժողի իրավահաջորդ Վ. Բերուջանյանը նաեւ հավելում է, որ սպանության օրը նա տեսել է իր որդուն հիվանդանոցում, մինչդեռ ոստիկան Զվիադ Գվարամաձեն ասել է, թե նրա որդուն սպանել են Շիրինյանների տանը: Ըստ Զ. Գվարամաձեի՝ դատարանում տված վկայության, խուզարկության ժամին Շիրինյանների տունը մութ էր, եւ «կրակոցի պահին գտնվում էի մութ սենյակում»: Նա հայտնում է, որ տեսել է Շիրինյանին, իսկ նրա ձեռքին զենք չի եղել: Նա չկարողացավ պատասխանել զոհվածի հոր՝ «Եթե թիրախ է եղել կրծքավանդակը, ապա ինչո՞ւ փամփուշտը դուրս չի եկել որդուս թիկունքից» հարցին:

Գ. Շիրինյանին նկարագրելիս, ոստիկան Սեսաձեն «պնդել» է, որ Գուրգենը մորուսավոր էր, զիվորական շորերով: Մյուս ոստիկանները մորուսը չեն տեսել: Ոստիկաններն, առհասարակ, հակասական ցուցմունքներ են տվել նաեւ Գուրգենի «փախուստի» մասին: Գուրգենի հայրը պնդում է, որ որդին տուն չի եկել դեպքից մեկ օր առաջ՝ մինչ օրս, իսկ ոստիկաններից մեկն ասում է՝ կրակեց ու փախավ: Ընդ որում, ոչ ոք չի հետեւել «փախչողին», կամ ինչպես կարող էր փախչել, երբ տունը, բակը, օժանդակ շինությունները վերահսկվում էին ոստիկանների օժանդակ զինյալ խմբերով:

Ի դեպ, մինչեւ շտապօգնության գալը, տուժած ոստիկանին օգնություն է ցույց տվել միայն Հարություն Շիրինյանը, ըստ նրա ցուցմունքի. «Խնդրեցի ոստիկաններին՝ օգնել, դուրս հանել Արթուրին, որեւէ մեկը չմոտեցավ»:

Անհասկանալի է ոստիկանների խուճապը, օգնություն ցույց չտալը, «կրակողին» չհետեւելը: Հետաքրքիր են նաեւ խուզարկության առաջին պահերը. ոստիկաններն ազատ էին, քանի որ Շիրինյանները հարցաքննության էին կանչված բաժին: Հետեւաբար, նրանք ազատ էին այնտեղ զենք ու պայթուցիկ թողնելու իմաստով էլ: Իսկ «մութն» օգնել է նրանց առջեւում գտնվող հայ ոստիկանի ուղղությամբ կրակելուն:

Մինչ օրս Գուրգեն Շիրինյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Ջավախքի մեր աղբյուրները մտահոգություններ ունեն, որ մինչ միջադեպը վրեժխնդիր են եղել երիտասարդ ակտիվիստի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել