Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածում են բանականությանը

Հունվար 20,2009 00:00

Պաշտոնյաները պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար հայտարարում են, որ կինը մտավոր խնդիրներ ունի:

Արձագանքելով օրերս «Առավոտում» տպագրված «Ուժայիններն ընդդեմ գյուղացու» (14.01.2009թ.) հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշված էր, որ Մասիսի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանը տեղական իշխանությունների՝ Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի կողմից հալածանքների է ենթարկվում, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակիցներին կարգադրել է զբաղվել Ա. Կարապետյանի խնդրով: Կնոջ պատմելով՝ իրենց «քաոսային օրերը» սկսվեցին այն բանից հետո, երբ տարիներ առաջ տնամերձ հողամասի հետ կապված խնդիրներ են ծագել Մասիսի ոստիկանապետ Գ. Բադալյանի ազգականի հետ. «Բադալյանների ամբողջ գերդաստանը դրանից հետո դուրս եկավ մեր դեմ»:

Ուրբաթ օրը «Առավոտի» թղթակիցը կառավարության՝ քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ միասին եղավ Արարատի մարզում՝ հանդիպելու Մասիսի ոստիկանապետին, թաղային տեսուչ Ղարիբ Թորոսյանին, Հովտաշատի գյուղապետին ու Ա. Կարապետյանին: Նրանք «կազմ ու պատրաստ» մեզ էին սպասում: Առաջինը հանդիպեցինք Մասիսի ոստիկանապետ Գ. Բադալյանին, նա կտրուկ հրաժարվեց, որ ինքը որեւէ առնչություն է ունեցել Ա. Կարապետյանի հետ եւ ասաց, որ շատ է զարմացել, երբ մամուլում իր անունն է կարդացել. «Երբեք նրան բերման չեմ ենթարկել, ի՞նչ է արել, որ»:

Մինչդեռ Ա. Կարապետյանը պնդում էր, որ ոստիկանապետն իրեն բերման ենթարկելու փորձեր է արել միայն այն բանի համար, որ ինքը միլպետի դեմ բողոքներ է գրել: Գ. Բադալյանը մեզ ցույց տվեց 24.02.2007թ.-ի մի դիմում, որը հասցեագրված էր Հովտաշատի գյուղապետին: Մի քանի հովտաշատցիներ գրել էին, թե «խորը վրդովված են իրենց բարեկամ Ա. Կարապետյանի՝ «Առավոտ» թերթում հայտնած դժգոհությունից: Նրա կողմից հիշատակված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, դա զրպարտություն է, որով նպատակ է հետապնդում վարկաբեկել տեղական իշխանություններին: Մենք՝ որպես բարեկամներ, ամաչում ենք Ա. Կարապետյանի զրպարտություններից եւ հրաժարվում նրանից՝ որպես բարեկամ: Եթե նա շարունակի իր զրպարտությունները, ապա մենք կդիմենք համապատասխան մարմիններին՝ նրան գյուղից արտաքսելու համար»: Մեր այն հարցին, թե մոտ 2 տարվա վաղեմության դիմումի բնօրինակն ինչո՞ւ է հայտնվել ոստիկանապետի մոտ, Գ. Բադալյանն ասաց, որ գյուղապետարանից է վերցրել, որպեսզի դրա պատճենը մեզ փոխանցի. «Դիմումը կվերադարձնեմ գյուղապետին, իրենից էլ կվերցնեք»: Գյուղապետ Ս. Անդրեասյանը, որը Գ. Բադալյանի մորաքրոջ ամուսինն է, նույնպես հերքեց, թե ինքը Ա. Կարապետյանի հետ խնդիրներ է ունեցել. «Վերջին 5-6 տարիներին նա անընդհատ դիմում-բողոքներ է ուղարկել պետական մարմիններին, դրանք հետգրություններով եկել են գյուղապետարան, ու երբ Ա. Կարապետյանին հրավիրել ենք քննարկելու՝ չի եկել: Ես արդեն կասկածում եմ նրա բանականության վրա, եթե առողջ բանականություն ունենա՝ կոնկրետ հարց կբարձրացնի»: Հետո գյուղապետը հերթով թվարկեց, թե ինքն ինչ լավություններ է արել Ա. Կարապետյանին՝ 400 քմ ավելի հող է տվել, տանիքը վերանորոգել է, 150 հազար դրամի էլ օգնություն է դուրս գրել, սակայն Ա. Կարապետյանը հրաժարվել է ստանալ: Կնոջ պատմելով՝ մի քանի կոտրած թիթեղ է տվել, ու երբ անձրեւ է գալիս՝ ջուրը թափվում է տուն: Ինչ վերաբերում է գյուղապետին ուղղված իր բարեկամների նամակին՝ Ա. Կարապետյանն ասաց, որ դիմում գրողները տարիներ առաջ յուրացրել են իր տան ողջ գույքը, ինչի պատճառով էլ միմյանց մեջ վեճ է ծագել, իսկ գյուղապետն էլ օգտվել է առիթից ու իր դեմ փաստ ունենալու համար նման դիմում պատրաստել. «Թող ամբողջ գյուղից հարցուփորձ անեն, թե այսքան տարի Արեւհատն ում է վատություն արել, սա պարզապես գյուղապետի փրկության թուղթն է եւ մեզանից ազատվելու եւս մեկ փորձ»: Ա. Կարապետյանը պատմեց, որ վերջին ժամանակներս չի կարողանում նույնիսկ գյուղի տրանսպորտից օգտվել, քանի որ Բադալյանների ազգակից երիտասարդները ծաղրում եւ հարվածում են իրեն, ասելով՝ «Թերթերին մեր ազգի դեմ գործ ես տալիս»:

Ինչ վերաբերում է նրան, որ թաղային Ղ. Թորոսյանի միջոցով են իրեն բաժին հրավիրել, Ղ. Թորոսյանն ասաց, թե դատախազն ասել է, որ Ա. Կարապետյանի վերաբերյալ դիմում կա, նրան հրավիրի դատախազություն, ինքն էլ հանձնարարությունը կատարել է, սակայն Ա. Կարապետյանն իր հետ չի եկել: Սակայն վերջինս տեսուչի եւ կառավարության ներկայացուցչի ներկայությամբ եւս մեկ անգամ պնդեց, որ իրեն բերման ենթարկելու փորձ է արվել, քանի որ դատախազությունից ոչ մի գրություն չի ստացել, թե հրավիրվում եք ձեր դիմումը քննարկելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել