Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ՝ «ԲԼԵՖ» ԵՆ

Հունվար 20,2009 00:00

\"\"1 կմ-ն՝ 100 դրամ, նստելավարձ չկա: Այս ստանդարտ տեքստը կտեսնեք գրեթե բոլոր տաքսի ծառայությունների այցեքարտերի վրա: Մինչդեռ իրականում հաճախորդը, օգտվելով նվազագույն՝ 600 դրամի ծառայությունից, ըստ էության, վճարում է 200-300 դրամ նստելավարձ:

2008թ. տվյալներով՝ Հայաստանում գործում է 1247 տաքսի ծառայություն, որից 297-ը՝ Երեւանում, 950-ը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ, 1 կիլոմետրի համար սահմանված գինը 100 դրամ է թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, ու գրեթե բոլոր ծառայություններն էլ հայտարարում են, որ աշխատում են առանց նստելավարձի: Սակայն իրականում այդպես չէ: Համենայնդեպս՝ 2008 թ. մայիսի 1-ից: Բանն այն է, որ մայիսին գազի թանկացումից հետո մի քանի օրով տաքսիները կտրուկ բարձրացրին իրենց սակագները, սակայն հետո, երբ գազալիցքավորման կայանները որոշ չափով էժանացրին գազի գինը, տաքսի ծառայությունները հայտարարեցին, թե վերադառնում են իրենց հին սակագներին, բայց իրականում այդպես չարեցին: Մինչեւ մայիսյան թանկացումը տաքսի ծառայությունների մեծ մասն աշխատում էր 1-6 կիլոմետրը՝ 600 դրամ սկզբունքով: Սակայն գազի թանկացումից հետո տաքսի ծառայությունների 90%-ը սկսեց 600 դրամ նվազագույն վճար գանձել ոչ թե 1-6 կմ-ի համար, այլ 1-3 կամ 4 կմ-ի համար: Այսինքն՝ հաճախորդը 2008թ. մայիսից 4.1 կմ-ի դիմաց արդեն վճարում է 700 դրամ, իսկ 6 կմ-ի համար՝ 800-ից 900 դրամ:

Ստացվում է, որ թեեւ էլի հաշվիչի վրա գրվում է կիլոմետրը՝ 100 դրամ, բայց այդ վարձավճարի համար սահմանված կիլոմետրաժն է փոփոխվել՝ 6-ից իջեցվելով 3 կամ 4 կմ-ի, արդյունքում 1 կիլոմետրի վարձավճարը 150 դրամ եւ ավելին է կազմում: Եվ դա արվել է առանց սպառողներին տեղեկացնելու: Ուստի, տեւական ժամանակ շարքային պատվիրատուն պարզապես չէր հասկանում, թե ինչպես պատահեց, որ ինքը նույն ծառայության համար նախկինից 200-300 դրամ ավելի գումար է վճարում՝ այն դեպքում, երբ ծառայության սակագները չեն փոփոխվել:

«Առավոտը» հարզախույզ անցկացրեց մայրաքաղաքի շուրջ 30 տաքսի ծառայություններում, պարզվեց, որ նրանցից միայն երկուսն են շարունակում աշխատել նախկին՝ 1-6 կիլոմետրը 600 դրամ սկզբունքով, սակայն այդ ընկերությունների մեքենաներում էլ, հակառակ օրենքի պահանջի, հաշվիչներ տեղադրված չեն:

Իսկ այն ծառայություններում, որտեղ կատարվել են նվազագույն վարձավճարի գանձման վերոնշյալ փոփոխությունները, բողոքում են, թե գազի թանկացումից հետո նախկին սակագնով՝ իրապես 1 կմ-ի համար 100 դրամ գանձելով, իրենք չեն կարողանա գոյատեւել: «Մոնա» տաքսի ծառայության դիսպետչեր Արսենը վստահեցնում է, որ մայիս ամսից տաքսի ծառայությունների 90%-ն աշխատում է նույն սկզբունքով: Ըստ նրա, այդ որոշումը կայացվել է տաքսի ծառայությունների ղեկավարների ընդհանուր հավաքում: Մեր այն դիտարկմանը, թե այս նոր կարգով ստացվում է, որ 1 կմ-ի համար ուղեւորը վճարում է 100 դրամից ավելի, ընկերության դիսպետչերը պատասխանեց՝ իհարկե:

«Ապոլլո» ընկերության տնօրեն Վարդան Մնացականյանն էլ նշեց, որ եթե մինչեւ գազի թանկացումը մեկ մեքենայի գազի լիցքավորման օրական ծախսը կազմում էր միջինը 4000 դրամ, ապա այժմ այդ գումարը կազմում է 5500-6000:

Ոլորտից քաջատեղյակները պնդում են, որ տաքսի ծառայություններն այսօր էլ ապահովում են մեծ շահույթ: Ըստ էության, դա հաստատում է նաեւ Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Էդվարդ Կիրակոսյանը: Անդրադառնալով ՀՀ կառավարության մշակած օրենսդրական փոփոխություններին, համաձայն որոնց՝ տաքսի ծառայությունների համար ֆիքսված հարկային դրույքը նախատեսվում է բարձրացնել մեկ մեքենայի համար ամսական 6,8-ից մինչեւ 10 հազար դրամ, պարոն Կիրակոսյանը կարծիք է հայտնում, որ նշված 10 հազար դրամը կազմում է մեկ տաքսու միջին օրական հասույթի գրեթե կեսը եւ, ելնելով դրանից, եզրակացնում, որ տաքսիների ուղեվարձը չի բարձրանա:

Փաստորեն, եթե մեկ մեքենան օրական ապահովում է շուրջ 20 հազար դրամի հասույթ, ապա այդ գումարից հանելով լիցքավորման, տեխնիկական սպասարկման, վարորդի եւ դիսպետչերների վճարները, ամենակոպիտ հաշվարկներով անգամ ստացվում է, որ մեկ մեքենան ապահովում է օրական նվազագույնը 5000 դրամի եկամուտ: Այնպես որ, գազի թանկացման արդյունքում խոսք կարող էր գնալ ընդամենը շահույթի որոշակի նվազեցման մասին: Եվ եթե տաքսի ծառայությունները չէին ուզում կորցնել իրենց շահույթի փոքրիկ մասն անգամ, թերեւս ավելի ճիշտ կլիներ վերադառնալ նստելավարձի գանձման նախկին կարգին: Սակայն քանի որ այսօր մեզանում սպառողների պաշտպանությամբ պետական մարմիններն ըստ էության չեն զբաղվում, իսկ հասարակական կազմակերպություններն էլ չեն տիրապետում որեւէ լծակի, տաքսի ծառայությունների ղեկավարները որոշեցին պարզապես խաբել իրենց հաճախորդներին: Միեւնույն է, դրա համար մեր օրենսդրությամբ որեւէ պատժամիջոց նախատեսված չէ:

Տաքսի ծառայությունների գործունեության պետական վերահսկողության որակին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել