Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վիճակի չենք ՀԴՄ տեղադրել»

Հունվար 20,2009 00:00

\"\"Տոնավաճառների աշխատակիցները հավաստիացնում են, որ եթե ՀԴՄ-ով աշխատեն՝ իրենք սովից կմեռնեն

Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք չեն ցանկանում աշխատել հսկիչ դրամարկղային մեքենաներով (ՀԴՄ): Նրանք կառավարությունից պահանջում էին վերանայել այն որոշումը, ըստ որի՝ առեւտրի բոլոր կետերն այս տարվա հունվարի 1-ից պետք է ՀԴՄ-ներ տեղադրեն: Տոնավաճառների աշխատակիցները վստահեցնում էին, որ այդ պայմաններով աշխատելն ուղղակի անիմաստ է դառնում, քանի որ առանց այդ էլ մնացած հարկերը չափազանց բարձր են:

Ցույցի մասնակից Գագիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այստեղ մարդիկ են, որոնք սովի են մատնվելու, որոնք իրենց ընտանիքների մի կտոր չոր հացը վաստակելու համար են տոնավաճառներում ժամերով կանգնում: Մենք հասկանում ենք, որ այս ակցիայից հետո ոչ մի տոնավաճառի տեր այլեւս թույլ չի տա, որ մենք նրանց մոտ կանգնենք, բայց ասեմ, որ մենք չենք էլ գնա: Իմ հաշվարկներով՝ ամիսուկես հետո էր այս ժողովուրդը սովի մատնվելու, բայց 15 օրից արդեն այդ ամենը կլինի: Նոր տարվա ընթացքում ձայն չէինք հանում, քանի որ մի կերպ կարողանում էինք առեւտուր անել, հիմա ոչ մի առեւտուր էլ չկա»: Ըստ Գ. Ալավերդյանի՝ մեր երկրում տարվում է սխալ հարկային քաղաքականություն. «Հարկայինին ձեռք է տալիս տուգանքներով աշխատել, այդպես ավելի հեշտ է բյուջեն լցվում: Բոլորին էլ կարող են տուգանել՝ ստից-մտից պատճառաբանություններով: Հարկայինում մեր ոչ մի հարցի չեն պատասխանում, ասում են, որ եթե հարցեր ունենք՝ հաշվապահ պահենք ու նրան հարցնենք: Մի ամբողջ սուպերմարկետն է մեկ հաշվապահ պահում, իսկ մենք մի քանի քմ տեղ ենք զբաղեցնում եւ պետք է էլի մեկ հաշվապա՞հ պահենք: Հարկայինը չի կարողանում գոնե մեկ աշխատողի կանչել, որը մեզ կբացատրի՝ այդ ի՞նչ օրենք են ընդունել եւ որքանո՞վ է դա ձեռնտու պետության ու մեզ համար: Չի կանչում, քանի որ շատ էլ լավ հասկանում է, որ սխալ օրենք է ընդունել: Ճիշտ լիներ՝ մեկին կբերեր, որ մեզ ապացուցեր»: «Մալաթիա» տոնավաճառում առեւտուր անող Սուսաննա Հովհաննիսյանն էլ դժգոհեց, որ «երբ եռամսյակային թղթերը տանում ենք տարածքային հարկայինի պետի մոտ, նա դրանք շպրտում է մեր դեմքին եւ ասում է, որ սխալ է լրացրած: Անպայման պարտադրում է, որ հաշվապահ պահենք: Հիմա մենք անձնական հաշվապա՞հ էլ պիտի ունենանք: Արդեն 5 ժամ այստեղ ենք, մինչեւ հիմա վարչապետը լայեղ չի անում մի հատ դուրս գա, իմանա՝ էս ժողովրդի պրոբլեմն ինչն է: Լրիվ արհամարհում են մեզ»: Գ. Ալավերդյանի կարծիքով՝ հարկայինի՝ հաշվապահ պահելու առաջարկները կասկածների առիթ են տալիս. «Եթե մարդիկ կրթություն չունեն, պետք է վարձեն հաշվապահ եւ ամսական 15 հազար դրամ նրան վճարեն: Նա կկարողանա 2-3 հազար մարդու սպասարկել: Ստացվում է, որ ամսական 15 միլիոն դրամ է աշխատում: Հնարավոր չէ, որ այդ 15 միլիոնը միայն նրա գրպանը գնա»:

Մեր այցելությունից առաջ տոնավաճառի աշխատակիցներին հանդիպել էր կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը խորհուրդ էր տվել դիմում ներկայացնել Պետեկամուտների կոմիտե, սակայն այդ առաջարկը ակցիայի մասնակիցներին ավելի էր բորբոքել:

«Ա1+»-ի տեղեկացմամբ՝ ցույցի ժամանակ քաշքշոց է սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել