Աշխարհի շատ երկրներում ավտոմեքենաների գները կտրուկ անկում են ապրում, իսկ Հայաստանում՝ հարկային վարչարարության արդյունքում, ճիշտ հակառակը կլինի՝ մեքենաները կթանկանան:
Պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով՝ ավտոմեքենաների արտադրություն ունեցող աշխարհի շատ պետություններում ոչ միայն կրճատվեցին այս ոլորտի աշխատողներն, ու արտադրության ծավալները հասցվեցին նվազագույնի, այլեւ որոշ գործարաններ ժամանակավորապես դադարեցին գործել: Արդյունքում՝ մի շարք հանրահայտ մակնիշի ավտոարտադրողներ՝ գերմանական «Opel»-ը, «Volkswagen»-ը, «BMW»-ն, ճապոնական «Toyota»-ն կամ ամերիկյան «Chevrolet»-ը, մի քանի հազար դոլարով նվազեցրին մեքենաների վաճաքի գինը: Անգամ նրանցից շատերն իրենց ողջ գործունեության պատմության մեջ աննախադեպ զեղչեր սահմանեցին: Այսօր ինտերնետային կայքերում նույնիսկ կարելի է հանդիպել գրեթե ինքնարժեքով վաճառվող օգտագործված մեքենաների: Սակայն, ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների, Հայաստանում մեքենաները էժանանալու փոխարեն կթանկանան: Խոսքը վերաբերում է մասնավորապես օգտագործված մեքենաներին: Խնդիրն այն է, որ հարկային եւ մաքսային վարչարարության արդյունքում Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին քննարկում է մի հայեցակարգ, ըստ որի՝ օգտագործված մեքենաների ներկրման ժամանակ, բացի մաքսատուրքից, մեքենայի վաճառքից հետո ներկրողը պետք է վճարի նաեւ 20% ավելացված արժեքի հարկ: Ինչպես շատ այլ դեպքերում, այս անգամ եւս նման հայեցակարգի մշակման համար թերեւս հիմք է հանդիսացել միջազգային փորձը: Վերջերս ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների մուտքը իրենց երկիր սահմանափակելու համար Ռուսաստանը գնաց այնպիսի քայլի, ինչպիսին մաքսատուրքի կրկնակի բարձրացումն է: Մոտ 1,5 միլիոն աշխատուժ ապահովող ավտոարդյունաբերություն ունեցող Ռուսաստանը նման որոշում ընդունեց ավտոմեքենաների տեղական արտադրությունը փրկելու համար: Ինչ խոսք, սա Ռուսաստանում բավականին մեծ դժգոհությունների պատճառ հանդիսացավ, քանի որ այնտեղ եւս բավականին անհատ մարդիկ ներգրավված էին օգտագործված մեքենաների ներկրման եւ իրացման բիզնեսում, նույնիսկ մասսայական բողոքի ակցիաներ կազմակերպվեցին՝ ընդդեմ Ռուսաստանի կառավարության այս որոշման:
Սակայն Հայաստանում իրավիճակն այլ է: Մենք ոչ սեփական ավտոարդյունաբերություն ունենք, ոչ էլ այն պաշտպանելու անհրաժեշտություն: Վերջին մի քանի տարիներին հատկապես արտասահմանյան օգտագործված մեքենաների պահանջարկի կտրուկ ավելացման հետեւանքով մի քանի անգամ աճեցին դրանց ներկրումն ու իրացումը: Պետեկամուտների կոմիտեի այս նոր հայեցակարգը մեքենաների բիզնեսում ներգրավված անհատների մոտ դժգոհության առիթ է դարձել: Արդեն 10 տարի եվրոպական երկրներից ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող մի քանի ներկրողներ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին, որ չնայած դրսում բոլոր տեսակի ավտոմեքենաների գների կտրուկ անկմանը, մեր պետության նման մոտեցման դեպքում Հայաստանում գները ոչ միայն չեն նվազի, դեռ մի բան էլ կարող են բարձրանալ. «Մենք ստիպված պետք է լինենք, բացի բոլոր տեսակի տուրքերից ու վճարներից, վաճառված ավտոմեքենայի 20% ավելացված արժեքի հարկը եւս մուծել պետությանը: Այդ պարագայում արդեն պարզապես անիմաստ կլինի զբաղվել այս բիզնեսով»: Ներկրողներից մեկի՝ Մարտին Ահարոնյանի խոսքերով էլ. «Վրաստանում եւս օգտագործված մեքենաների համար պետությունը ավտոմեքենայի վաճառքից հետո էլ է գումար գանձում: Սակայն դա պարզապես հաստատագրված վճարի նման է, եւ պահանջվող գումարը $50-100-ից չի անցնում: Դրա դեմ ոչ ոք չի բողոքում: Բայց ինչպե՞ս կարելի է, ասենք, $10 հազար արժողությամբ մեքենան ծախելուց հետո $2 հազար էլ ավելացված արժեքի հարկ մուծել: Առանց այն էլ վերջին 2-3 ամիսներին մեր շուկայում մի քանի անգամ պակասել են վաճառքի ծավալները, օրեցօր դժվարանում է իրացումը: Ավտոմեքենա կա, որ արդեն 1 տարի է, ինչ բերել ենք, իր արժեքի կեսի չափով արդեն ավտոշուկայում կանգնելու տեղի փող ենք տվել, բայց չենք կարողանում վաճառել»: Նրանց ներկայացմամբ՝ անգամ լինում են այնպիսի դեպքեր, երբ դրսում բավականին ցածր գնով օգտագործված մեքենա ձեռք բերելով՝ սահմանի վրա դրա իրական արժեքից մի քանի հազար դոլար ավելի գումար են վճարել, քանի որ մաքսատանը չեն հավատացել նրանց ներկայացրած ինվոյսային արժեքին:
Նշենք, որ չնայած դրսում ավտոմեքենաների գների կտրուկ անկմանը՝ մաքսային արժեքները փոփոխության չեն ենթարկվել: Ուշագրավ է, որ նոր հայեցակարգի ընդունման դեպքում օրենքը կտարածվի նաեւ օգտագործված այն մեքենաների վրա, որոնք ներկրվել են ամիսներ առաջ: Այսինքն՝ ասենք 6 ամիս առաջ ներկրված մեքենայի իրացումից հետո վաճառողը պետք է վճարի ավելացված արժեքի հարկը: