Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրծքանշանն էլ կրում եմ հպարտությամբ»

Հունվար 20,2009 00:00

Երեկ հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսուհետ ունի իր անձնական մամուլի քարտուղարը: Ի դեպ, Խաչիկ Գասպարյանն իր արտաքին, կրթական եւ կենսագրական տվյալներով, բանավոր խոսքի մշակույթով կարծես բավական համապատասխան է մամուլի քարտուղարի ընդունված տեսակին: Մամուլի խոսնակը բռնցքամարտիկ է, սպորտի վարպետության թեկնածու, իր ասելով՝ վանաձորյան բռնցքամարտի դպրոցի ներկայացուցիչ: Երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավարի աշխատասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մամուլի խոսնակը հայտարարեց. «Պարոն Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտի այն գործիչներից է, որը մեծ համբավ ունի, եւ որի ամենօրյա գործունեությունը անընդհատ մեր հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է»,- եւ հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի բազմազբաղ լինելն է, որ ստեղծել է մամուլի քարտուղարի գրասենյակի ստեղծման անհրաժեշտությունը: Խաչիկ Գասպարյանը համեստորեն հայտարարեց. «Ես ուղղակի միանում եմ թիմին, եւ մենք մեկ թիմային նպատակ ենք հետապնդում, այն է՝ բարձր պահել մեր առաջնորդի եւ ԲՀԿ-ի՝ արդեն իսկ մեր հասարակության մեջ ձեւավորված մեծ պատիվն ու հարգանքը»:

Խաչիկ Գասպարյանը զբաղվում է գիտա-մանկավարժական գործունեությամբ, դասավանդում է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնում: Հարցին՝ ի՞նչը ստիպեց դառնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Գալիս է մի պահ յուրաքանչյուր գիտնականի, տեսաբանի համար, որը ներդրում ունի քաղաքական գիտության կայացման գործընթացում, տեսական գիտելիքներն իրականացնել պրակտիկ դաշտում: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ դառնալու հանգամանքն ինձ պարտավորեցնում է իմ տեսական գիտելիքները նաեւ պրակտիկ դաշտում կյանքի կոչել»: Ասաց, որ ինքը ԲՀԿ անդամ է, եւ «կրծքանշանն էլ կրում եմ հպարտությամբ»:

Մամուլի խոսնակը պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս Գագիկ Ծառուկյանը ձգտում է դառնալ երկրի վարչապետ, ասաց. «Սիրելի բարեկամներ, դուք պարոն Ծառուկյանի աշխատաոճին, կարծում եմ, վաղուց եք ծանոթ, պարոն Ծառուկյանը նախ եւ առաջ հայտարարում է իր պլանների մասին՝ ինչպես սպորտային կյանքում: Ինքը եթե այդպիսի ցանկություն ունենար, հավատացնում եմ ձեզ, առաջինը դուք իրենից կիմանայիք այդ մտադրության մասին»:

Իսկ դառնալո՞ւ է ԲՀԿ-ն ընդդիմություն: Մամուլի խոսնակն առաջարկեց համբերել մի փոքր եւս՝ մինչեւ կուսակցության համագումարը. «Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտ անցնելուն. միգուցե այսպիսի ենթադրությունը գալիս է նրանից, որ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց միջին եւ փոքր բիզնեսի հարկային բեռի ավելացման մասին օրինագծին, բայց այդ մեկ դեպքը չի կարող ենթադրել, որ ԲՀԿ-ն անցնում է ընդդիմադիր դաշտ: Քավ լիցի, ԲՀԿ-ն իր ծրագրային հիմնադրույթներին համապատասխան շարունակելու է իր գործունեությունը կոալիցիոն կառավարության կազմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել