Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԳԱՂԱՓԱՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունվար 20,2009 00:00

\"\"Մի կոմունիստը փնովում է, մյուսը՝ ողջունում

Աշխարհում ընթացող արժեքների վերադասավորման ֆոնին հայ սոցիալիստները նույնպես որոշել են ակտիվանալ: «Առավոտն» արդեն անդրադարձել է սոցուժերի համախմբմանն ուղղված որոշ նախաձեռնությունների: Դրանից անմասն են մնացել տարատեսակ կոմկուսները: Սոցիալիստական ուժերի միության ներկայացուցիչ Արա Նեդոլյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ նախաձեռնության անդամները Խորհրդային Միությունը համարում են սոցիալիստական պետության չկայացած մոդել, հետեւաբար, այդ հավաքներին չհրավիրելով կոմունիստներին, չեն ցանկանում որեւէ կերպ ասոցացվել նրանց հետ: «Սա անհատների միավորում է, եւ կուսակցական գործիչներն էլ ներկայանում են որպես անհատ: Հավաքների մասին հայտարարությունը մենք տարածում ենք մամուլի միջոցով, եւ ցանկացողները իրենք են ներկայանում: Այնպես որ, եթե որեւէ կոմկուսից ցանկացողներ լինեն հետագայում հավաքներին մասնակցել, մենք ուրախ կլինենք: Մենք դեռ չենք սկսել գործել քաղաքական դաշտում որպես միավոր, դա դեռ առջեւում է: Դեռ սկզբունքային, գաղափարական հարցեր են քննարկվում, ինչը հարմար է անել անձանց մակարդակով»,- ասաց պարոն Նեդոլյանը: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առաջիկայում ՀԿԿ-ի ներկայացուցիչը մասնակցի այդ հավաքներին: «Մեր օրերում, երբ կապիտալիզմը մտել է խորը ճգնաժամ, երբ Հայաստանում ճգնաժամ է բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մարդկային փոխհարաբերությունների, ղեկավարության ու ժողովրդի մեջ, գաղափարախոսության գողությունը դարձել է մոդայիկ երեւույթ, որովհետեւ ժողովուրդը վերջին քսան տարիների ընթացքում հասկացավ, որ իր, իր երկրի փրկությունն ու ապագան միայն սոցիալիստական գաղափարախոսությունն է: Դրա վառ ապացույցն է մեր հինգ հազար տարվա պատմության մեջ խորհրդային շրջանում ժողովրդի 70 տարիների լավ ապրելը: Ես զարմանում եմ այդ ուժերի կամ ներկայացուցիչների վրա, որոնք որ սոցիալիզմի անունից հանդես են գալիս, այն դեպքում, երբ նրանցից շատերը եղել են սոցիալիզմի քայքայողներին առաջնորդողները, զրպարտել են սոցիալիզմը: Հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը գովաբանում էին 90-ականներին տեղի ունեցած թալանը՝ թե ամենաճիշտը լիբերալ, ազատական գաղափարախոսությունն է, տեսեք՝ աշխարհը, Եվրոպան… Այսօր ճակատները գետնին խփելով՝ գլուխ են խոնարհում Եվրախորհրդի առջեւ, դողէրոցքն ընկել է մեջները, մտածեցին՝ արժե սոցիալիզմի մասին խոսել: Խցանի քաշ ունեցող այդ գործիչներին երեւի դուր է գալիս այստեղից այնտեղ անընդհատ թռնելը: Թող տեղներից անընդհատ վեր-վեր չթռչեն ու գլխարկներ թափահարեն, թե՝ սոցիալիստ ենք: Բոլորն էլ գիտեն, թե դուք ով եք: Թե՞ մտածում եք՝ սոցիալիստական ուժեր կամ ներկայացուցիչներ այսպես հավաքելով, սոցիալիզմը կվերադարձնեք, ժողովուրդն էլ ձեզ կծափահարի: Ձեր նկարները տեսնելուց ժողովրդի մոտ խորշանք է առաջանում. իրենց այն վիճակի հասցրեցիք, որ քսան տարի մարդիկ կապիտալիզմի լծի տակ կքած են: Ապացույցը՝ հանրապետությունում առկա ճգնաժամը»,- եղավ Ռուբեն Թովմասյանի պատասխանը:

Ընկեր Թովմասյանը հարկ է համարում հիշեցնել, որ 15 դար ունեցել ենք մաշտոցյան տառատեսակները, բոլշեւիկներն իշխանության են եկել 20-րդ դարի 20-ական թվականներին՝ ժողովրդի 83%-ն անգրագետ է եղել, եւ «այսօրվա «սոցիալիստները» անվճար կրթություն, առողջապահություն ու թոշակ են ստացել: Անցել է քաղաքական «վանկա-ստանկաների» ժամանակը, եւ ժողովուրդը լավ էլ գիտի՝ ով՝ ով է եւ ի՞նչ նպատակների է ծառայում»:

Մեկ այլ՝ նորացված, ապա միավորված կոմունիստ Յուրա Մանուկյանի սրտովն է սոցիալիստական դաշտի համախմբումը: «Դա իմ երազանքն է՝ Հայաստանի քաղաքական դաշտը մաքրվի երկու բեւեռի՝ սոցիալիստական եւ ոչ սոցիալիստական. դա կլինի լիբերալ, դեմոկրատական, թե ինչ՝ կարեւոր չէ: Սոցիալիստական ուժերը, որոնք համեմատաբար հանրային հնչեղություն ունեն, պիտի միավորվեն՝ իմ սրտովն է, ով ուզում է կազմակերպի, ես հաստատ կողքը կանգնած կլինեմ»,- ասում է նա: Իսկ ինչո՞ւ հիմա Յուրա Մանուկյանը նրանց կողքին չէ: «Իրենց չպատճառաբանված հակակրանքի հետեւանքով, առայժմ մեզ հետ խորհրդակցելու առիթ չի եղել: Բայց մենք երբեք ամբիցիաներին կարեւորություն չենք տալիս: Կարեւորը, որ ինչ-որ բանով ժողովրդին օգտակար լինենք: Կարծում եմ՝ առաջիկայում մենք էլ կմասնակցենք այդ հավաքներին»,- եզրափակեց ընկեր Մանուկյանը:

Սոցիալիստական դաշնակցության ներկայացուցիչներից էլ փորձեցինք ճշտել՝ որքանո՞վ են հնարավոր համարում համագաղափարակիցների հետ միավորումը: Խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պարզաբանեց, որ իրենք տեղյակ չեն նմանատիպ հավաքներից՝ «պիտի իմանանք՝ դրանք կարեւո՞ր խնդիրներ են մեր ժողովրդի համար: Այո, այժմ աշխարհում առաջ է մղվում սոցիալիստական գաղափարախոսությունը, կարող է՝ իրենք էլ լուրջ հիմնավորումներ ունեն, բայց ես տեղյակ չեմ»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է սոցիալիստների առաջիկա հավաքներին ՀՅԴ-ի ներկայացուցչի մասնակցությունը՝ ճանաչողական նպատակներով: «Դաշնակցության անունից չեմ կարող ասել, բայց պիտի ծրագիր լինի, ծանոթանանք եւ, եթե նպատակահարմար լինի, կարող է մտածենք մասնակցել: Դեռ հայտնի չէ, թե ի՞նչ են քննարկվում այդ հավաքներում: Իսկ մեզ մոտ անհատները չեն որոշում, այլ ժողովներով, քննարկումներով են որոշումներ կայացվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել