«Մարտի 1»-ի գործով արդարացված Կարապետ Ռուբինյանը հունվարի 18-ին բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝ դատախազ Կորյուն Փիլոյանի որոշման դեմ:
Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատարանից պահանջել է՝ «վստահորդիս ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման, սեփականության իրավունքի խախտման, պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման փաստերի ճանաչում եւ նրա իրավունքների վերականգնում»: Կարապետ Ռուբինյանը, որը Շենգավիթ համայնքում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալն էր՝ մարտի 3-ին ձերբակալվել էր պետական իշխանությունը յուրացնելու կասկածանքով: «Տիրակալ» ՍՊԸ տնօրենը ապրիլի 1-ին Կարապետ Ռուբինյանին ազատել էր ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնից: Մայիսի 12-ին նրա կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ դեկտեմբերի 13-ին Վահագն Հարությունյանը կայացրել էր քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ «նրա մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով»: Սակայն մինչ օրս կալանքի տակ է Կարապետ Ռուբինյանի ողջ ունեցվածքը: Դեկտեմբերի 18-ին պրն Ռուբինյանը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ վերոհիշյալ որոշման հիմքերի դեմ, պահանջելով դադարեցնել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը «հանցակազմի բացակայության պատճառով»: Սակայն սահմանված ժամկետի խախտմամբ՝ միայն հունվարի 10-ին էր ստացվել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի «Բողոքը մերժելու մասին» որոշումը:
Արտակ Զեյնալյանը դատարանին նաեւ ներկայացրել է պահանջ՝ Կարապետ Ռուբինյանին «անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա իրավունքներին միջամտելու հետեւանքով պատճառված վնասի հատուցում ամբողջ ծավալով»: Բացի այդ՝ պահանջ կա պարտավորեցնել քրեական հետապնդումն իրականացրած մարմնին գրավոր ներողություն հայցել Կարապետ Ռուբինյանից՝ «Քրեական դատավարության» օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: