Մտադիր են վերանայե՞լ իշխանափոխության կոչերի մասին հոդվածները
ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի այցելությունից հետո տեղեկություններ տարածվեցին, որ որոշակի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Քր.օր.»-ի որոշ հոդվածների մեղմացման վերաբերյալ: Մեր թերթին տված հարցազրույցում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ ինչ-ինչ պայմաններից հետո եվրոպացիք կարող են վերանայել մոնիտորինգի խմբի որոշումը՝ ՀՀ-ին ձայնից զրկելու մասով, իսկ մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն խոսել են 300-րդ հոդվածի մասին, իսկ ինքն ասել է, որ մարտի 1-ի հանձնաժողովը եւս մտադրություն ունի օրենսդրական նախաձեռնության կարգով 300 հոդվածը բերել այնպիսի տեսքի, որ հնարավոր չլինի քրեական եւ քաղաքական մասերով հարցերը խառնել կամ շահարկել: Ի դեպ, «7»-ի գործով անցնողները մեղադրվում են «Քրեական օրենսգրքի» հենց այս՝ 300-րդ հոդվածով:
Մենք զրուցեցինք ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ եւ խնդրեցինք պարզաբանել՝ իրո՞ք ՀՀ իշխանությունները մտադիր են փոփոխել Քրօրի այս վիճահարույց հոդվածը: Նախարարը չթաքցրեց, որ նման մտադրություն կա: Նա ասաց, որ թեպետ այս հոդվածը եւ օրենսգիրքն ամբողջությամբ ժամանակին ստացել է Վենետիկի փորձագետների դրական եզրակացությունը, բայց, առաջիկա մեկ ամսվա ընթացքում մտադրություն կա վերանայել հատկապես 300 եւ 225-րդ հոդվածները, եւ դրանք բերել այնպիսի տեսքի, որ որոշ կետեր ապաքաղաքականացվեն եւ, ասենք, իշխանափոխության մասին կոչերը, հայտարարությունները եւ հնչած խոսքերը չդիտվեն որպես քրեական հանցանք:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այս փոփոխությունը պետք է ավելի վաղ արվեր. «Այդ հոդվածների փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել էր դեռ 2004-ին, երբ նմանատիպ մեղադրանքներով «Արդարություն» դաշինքի նկատմամբ հարուցվել էր շինծու քրեական գործ: Եթե այդ փոփոխությունները ժամանակին կատարված լինեին, ապա այսպիսի գործեր չէին թխվի: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի գնահատականներին, ասեմ, որ մեր ներքին խնդիրները ինքներս պետք է լուծենք, ոչ թե պարտադրված լինենք զանազան եվրոկառույցների գնահատականներով: Ժողովրդավարությունը անհրաժեշտ է ՀՀ-ին, եւ դրա գոյությունը եվրոպական կառույցներին այդ ժողովրդավարությունը ներկայացնելով չի պայմանավորված»:
Հարցին՝ եթե անգամ այդ հոդվածները փոփոխվեն, դա կազդի՞ «7»-ի գործով անցնողների վրա, չէ՞ որ օրենքը ետադարձ ուժ չի ունենում: Վիկտոր Դալլաքյանի ասելով, եթե օրենքի փոփոխությունն իր մեջ մեղմացում է պարունակում, կարող է եւ ետադարձ ուժ ունենալ. «Ես օրենքի համապատասխան փոփոխության մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում՝ կապված «7»-ի դատավարության հետ: Քանի որ այդ օրենքը ենթադրում է որոշակի մեղմացում, ապա մեղմացում ենթադրող օրենքները կարող են ետադարձ ուժ ունենալ»: Նա մանրամասնեց, որ քանի դեռ «7»-ի գործով անցնողների վերաբերյալ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, ապա, եթե օրենքը փոփոխվի համապատասախան ժամկետներում, ապա «7»-ի գործով դատավճիռը կարող է տեղի ունենալ փոփոխված օրենքով. «7-ի վրա քրգործը հարուցված է 300-րդ հոդվածով, եւ եթե իշխանափոխության կոչերի մասը հանվում է, ապա դատավճռի մեջ այդ կոչերի մասով ոչինչ չի կարող լինել»:
Ի պատասխան մեր հարցի՝ չի՞ կարծում, որ ամենահեշտ ճանապարհն, այնուամենայնիվ, մնում է համաներումը, Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ համապատասխան անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, իմ բոլոր հրապարակային ելույթներում արտահայտել եմ այն միտքը, որ Հայաստանում պետք է անցկացվի լայն համաներում, եւ մինչեւ այս պահը մնում եմ այն կարծիքին, որ լուծումը համաներում հայտարարելն է: Ընդ որում, դա պետք է ունենա քաղաքական ենթատեքստ»: